Kaspersky Digital Footprint Intelligence-ի փորձագետները վերլուծել են դարկնետում եւ Telegram-ի մասնագիտացված ալիքներում բոտնետների շահագործման հետ կապված ծառայությունների մատուցման մասին հայտարարությունները:
Բոտնետը վնասաբեր ծրագրերով վարակված սարքերի ցանց է: Դրանց օգնությամբ չարագործները կարող են ավտոմատացված զանգվածային գրոհներ իրականացնել, այդ թվում՝ DDoS։ Վառ օրինակներից մեկը Mirai բոտնետն է: Այն սկանավորում է ցանցը թույլ գաղտնաբառերով IoT սարքեր գտնելու համար, այնուհետեւ հասանելիություն ստանում դրանց՝ լռելյայն օգտագործվող հաշվառման տվյալների միջոցով, եւ վարակում դրանք:
«Կասպերսկի» ընկերությունը տեղեկացնում է, որ պատրաստի բոտնետների օգտագործման արժեքը սկսվում է 99 ԱՄՆ դոլարից, եւ դրանք հաճախ շահագործվում են չարագործների կողմից: Ընդհանուր առմամբ, նման ցանցերի առեւտրային օգտագործման տարածված տարբերակներից են վարձակալությունը, պատվերով մշակումը, ինչպես նաեւ արտահոսած սկզբնական կոդով էժան բոտնետների ձեռքբերումը:
Ռուսաստանում խոցելի խելացի սարքերի թիվը կրկնապատկվել է։ Բոտնետներ ստեղծելու համար կարող են օգտագործվել օգտատերերի եւ կորպորատիվ խոցելի սարքեր, օրինակ՝ թույլ գաղտնաբառերով. դրանք կարող են լինել խելացի տեսախցիկներից մինչեւ առաջադեմ արդյունաբերական սարքեր: «Կասպերսկի»-ի վերլուծաբանները 2024-ի առաջին կիսամյակում միայն Ռուսաստանում գրանցել են վարակված IoT սարքերի թվի ավելի քան կրկնակի աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Վաճառվող եւ վարձույթով բոտնետներ: Նման գործիքները կարող են ունենալ անհատական կարգավորումներ եւ տարբերվել ըստ վարակի եղանակի, օգտագործվող վնասաբեր ԾԱ-ի տեսակի, ենթակառուցվածքի, հայտնաբերումը շրջանցելու մեթոդների: Դրանք մշակվում են ստվերային շուկայում վաճառքի համար, իսկ արժեքը կախված է որակից։
2024-ի հայտարարություններում, որոնք վերլուծել են փորձագետները, ամենացածր գինը կազմել է 99 ԱՄՆ դոլար, իսկ ամենաբարձրը՝ 10 հազար։ Բոտնետները կարելի է նաեւ վարձակալել. նման ծառայության արժեքը տատանվում է ամսական 30-ից 4,800 ԱՄՆ դոլարի սահմաններում:
Բախտի բերման ապավինած գրոներ։ Բոտնետները, որոնց սկզբնական կոդը հայտնի է դարձել արտահոսքի արդյունքում, ավելի մատչելի են, բայց ավելի քիչ հավանական է, որ դրանք օգուտ տան գրոհողներին: Դրանց հասանելիություն կարելի է ստանալ անվճար կամ ցածր՝ 10-50 ԱՄՆ դոլար գնով, սակայն պաշտպանական լուծումներով նման բոտնետների հայտնաբերման հավանականությունը մեծ է:
Պատվերով։ Չարագործներն ստվերային շուկայում առաջարկում են զրոյից ստեղծել բոտնետ. Այդպիսի ծառայությունների արժեքը սկսվում է 3 հազար ԱՄՆ դոլարից: Նման գործարքների մեծ մասը կնքվում է մասնավոր կարգով, անձնական հաղորդագրությունների միջոցով։ Կատարողներին սովորաբար ընտրում են նրանց հեղինակության հիման վրա, որն արտացոլում է օգտատիրոջ վարկանիշը ստվերային ֆորումներում:
«Առեւտրային օգուտ հետապնդելով՝ չարագործները բոտնետների միջոցով կարող են կազմակերպել կրիպտոարժույթի ապօրինի մայնինգ կամ շորթող ծրագրերի կիրառմամբ գրոհներ: Բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ այժմ փրկագնի միջին գումարը կազմում է 2 միլիոն ԱՄՆ դոլար: Ու թեեւ բոտնետները համեմատաբար մատչելի գործիք են համեմատած գրոհներ կատարելու այլընտրանքային եղանակների հետ, բայց դա դրանց բնավ միակ տարրը չէ», – մեկնաբանում է Kaspersky Digital Footprint Intelligence-ի վերլուծաբան Ալիսա Կուլիշենկոն։
Ենթակառուցվածքը չարագործներից պաշտպանելու համար «Կասպերսկի»-ի փորձագետները խորհուրդ են տալիս.
. օգտագործել այնպիսի լուծումներ, ինչպիսին է Kaspersky Digital Footprint Intelligence-ը, որոնք կօգնեն ՏԱ մասնագետներին գնահատել ընկերության պաշտպանվածության աստիճանը եւ արագ հայտնաբերել գրոհների հնարավոր վեկտորները, իսկ անհրաժեշտության դեպքում շտկել անվտանգության միջոցները,
. վերջնական կետերի համար տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, ինչպիսին է Kaspersky Security- ն բիզնեսի համար՝ վարքի վրա հիմնված անոմալ ակտիվությունը հայտնաբերելու եւ վերահսկելու հնարավորությամբ, որպեսզի կազմակերպությունը պաշտպանվի նոր եւ արդեն լավ հայտնի սպառնալիքներից, բոտնետ ցանցին միացման չենթարկվելու համար օգտատերերին խորհուրդ է տրվում.
. փոխել լռելյայն գաղտնաբառերը ցանցին միացված բոլոր սարքերում,
. օգտագործել հուսալի պաշտպանական լուծումներ, ինչպիսին է Kaspersky Premium-ը, որոնք լրացուցիչ կպաշտպանեն սարքերը տարածված կիբեռսպառնալիքներից եւ կհուշեն օգտատիրոջը, եթե նրա ցանցին փորձում է միանալ անծանոթ սարք:
ԴՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ԱՄՓՈՓՈՒՄ
«Ֆասթ» բանկն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակը դրական հիմնական ֆինանսական ցուցանիշներով, որը հաստատում են բանկի զարգացման արագ եւ միեւնույն ժամանակ կայուն տեմպերը։
2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով՝ բանկի ակտիվները կազմել են 181 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 55%-ով (բացարձակ աճը՝ 64 մլրդ ՀՀ դրամ)։ Վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 72.9%-ը (132 մլրդ ՀՀ դրամ)՝ աճելով 44%-ով։ Սա պայմանավորված է վարկավորման բարձր տեմպերով եւ նոր պրոդուկտների ինտեգրումով։ Ակտիվներին զուգահեռ 82%-ով աճել են նաեւ Բանկի պարտավորությունները՝ կազմելով 115 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա համեմատ ավանդային պորտֆելի եւ պարտատոմսերի ծավալները կազմել են 71 մլրդ ՀՀ դրամ (աճ՝ 107%) եւ 12 մլրդ ՀՀ դրամ (աճ՝ 98%)։
«Ֆասթ» բանկն ընթացիկ տարում 24%-ով ավելացրել է նաեւ կապիտալը՝ հասցնելով 67 մլրդ ՀՀ դրամի։
Ֆինանսական ցուցանիշների աճին զուգահեռ բանկում աճել են նաեւ ակտիվ հաճախորդների, աշխատակիցների եւ մասնաճյուղերի քանակը։
2024 թ. հունվար-հունիս ամիսների ցուցանիշներով «Ֆասթ» բանկն ընդգրկվել է ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։ Նշված ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է փոխանցել 2,76 մլրդ ՀՀ դրամ եւ գտնվում է 56-րդ հորիզոնականում։
«Ֆասթ» բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
ՆԵՐԿՐՎՈՂ ԿՈՆՅԱԿԸ ՄԱՔՈՒՐ ՉԷ
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, թե ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90 տոկոսն անվտանգ չէ, Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այս առնչությամբ պաշտոնական նամակ կամ գրություն ռուսական կողմից չի ստացել: ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ ծանոթացել է «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի եւ Կոնյակ, սպիրտ եւ ալկոհոլային խմիչքներ արտադրողների միության համատեղ ուսումնասիրությանը:
Ըստ լրատվամիջոցի՝ ուսումնասիրության համար ձեռք է բերվել ավելի քան 20 ապրանքանիշի կոնյակի 200 նմուշ: Ուսումնասիրության արդյունքում դրանցից 177-ում, այսինքն՝ 89 տոկոսում, հայտնաբերվել են խախտումներ եւ պարզվել է, որ դրանց գրեթե կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ:
Neuralink-Ը ՉԻՊ Է ՏԵՂԱԴՐԵԼ 2-ՐԴ ՄԱՐԴՈՒ ՈՒՂԵՂՈՒՄ
Իլոն Մասկի Neuralink ընկերությունն արդեն երկրորդ կամավորի ուղեղում տեղադրել է իր սարքը, որն անդամալույծ բուժառուներին հնարավորություն է տալիս միայն մտքի միջոցով օգտագործել թվային սարքեր։
Neuralink-ը դեռ իր սարքի փորձարկման փուլում է։ Սարքն օգտագործող առաջին բուժառուն հնարավորություն է ստացել խաղալ տեսախաղեր, օգտվել համացանցից, գրառումներ անել սոցիալական ցանցերում եւ շարժել համակարգչի կուրսորը։