ՄԻԱՆՈՒՄ Է «ԱՎՐՈՐԱ»-Ի ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահը միանում է մարդասիրության ոլորտի առաջատարներին: «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովին է միացել «Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ, հանրային առողջության փորձագետ Չելսի Քլինթոնը: Դոկտոր Քլինթոնը հայտնի է մարդկանց կյանքը բարելավելու իր ջանքերով, ինչը ոգեշնչում է ապագա առաջնորդներին ամբողջ աշխարհում ու նպաստում կարեւոր հարցերի, այդ թվում՝ առողջապահական հավասարության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը եւ գործնական քայլեր ձեռնարկելուն:

 

«Ավրորա» մրցանակը (1 միլիոն ԱՄՆ դոլար) շնորհվում է այն անհատներին, որոնք վտանգում են սեփական կյանքը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, որոնք տառապում են հակամարտությունների կամ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ստանում է նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ այդ միջոցներն ուղղելով համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատներին:

«Ուրախ ենք ողջունելու Չելսի Քլինթոնին «Ավրորա» համայնքում: Հաշվի առնելով սոցիալական փոփոխություններին նվիրված երկարամյա ջանքերը՝ նա կատարյալ համալրում է Ընտրող հանձնաժողովում, եւ ես անհամբեր սպասում եմ մեր համատեղ աշխատանքին՝ լույս սփռելու մարդասեր գործիչների վրա, որոնք վտանգում են սեփական կյանքն՝ օգնելու դժվարին իրավիճակում գտնվողներին»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ եւ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին:

«Չելսին իր հետ բերում է թարմություն եւ մեծ փորձառություն, որն, անկասկած, կհարստացնի մեր քննարկումները եւ կապահովի տեսակետների լայն շրջանակ ընտրական գործընթացում»:

Երկար տարիներ լինելով հանրային առողջության փորձագետ՝ դոկտոր Քլինթոնը նաեւ «Քլինթոն» առողջապահության հասանելիության նախաձեռնության (Clinton Health Access Initiative) փոխնախագահն է: Հիմնադրամում աշխատելուց բացի, Քլինթոնը դասավանդում է Կոլումբիայի համալսարանի Մեյլմենի անվան հանրային առողջության դպրոցում: Նա նաեւ մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում՝ լավագույն տարածում գտած «She Persisted» (Նա հաստատակամ էր) շարքի: Նա պետքարտուղար Հիլարի Ռոդհեմ Քլինթոնի հետ համահեղինակել է «Գիրք համարձակ կանանց եւ տատիկի այգիների մասին» գործը, իսկ Դեւի Շրիդհարի հետ՝ «Գլոբալ առողջապահության կառավարում. ո՞վ է ղեկավարում աշխարհը եւ ինչո՞ւ» գիրքը:

«Մենք բոլորս մեր դերն ունենք համաշխարհային մեծագույն մարտահրավերներին դիմակայելու գործում»,- նշեց «Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ Չելսի Քլինթոնը: «Ինձ համար պատիվ է միանալ 2024 թ. «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին եւ շարունակել մեր համագործակցությունը «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) միջոցով՝ աջակցելու մարդասիրության ոլորտի առաջնորդներին, որոնք մեծապես փոխում են աշխարհը»:

2024 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների՝ «Ավրորայի» հերոսների անունները հայտարարվել էին 2023 թ. սեպտեմբերի 18-ին՝ Նյու Յորք քաղաքում տեղի ունեցած «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) ամենամյա միջոցառման ընթացքում: Ութերորդ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհվեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, աշխարհում հայտնի գինեկոլոգ Դենիս Մուկվեգեին 2024 թ. մայիսի 9-ին: Բժիշկ Մուկվեգեն Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 թվականին՝ մայրական առողջության եւ մայրական մահացության համակարգային խնդիրը լուծելու նպատակով: Շարունակվող հակամարտության եւ պատերազմից բխող առողջապահական կարիքների պայմաններում՝ հիվանդանոցը դարձել է հակամարտությունների ժամանակ սեռական բռնության ենթարկվածների բուժման առաջատար կենտրոններից մեկն աշխարհում:

Հ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՆ ՍՏԱՑԵԼ

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երրորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են Երեւան քաղաքում եւ Կոտայքի մարզում գտնվող 9 պատմամշակութային օբյեկտերին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցերը։ Քննարկված բոլոր օբյեկտները հանձնաժողովի դրական եզրակացությամբ ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ։

 

Երեւան քաղաքի տեղական նշանակության նորահայտ հուշարձաններն են Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փող. 36 (1950-ական թթ.), Աբովյան փող. 39-41 (1950-ական թթ.), Բաղրամյան պող. 1 (Մոսկովյան փող. 20) (1945 թ.) բնակելի շենքերը, Նորք-Մարաշ վարչական շրջանի Ս. Խանզադյան փող. 60 (19-րդ դ.), Ս. Խանզադյան փող. 94 (19-րդ դ. վերջ- 20-րդ դ. սկիզբ), Ս. Խանզադյան փող. 100 (19-րդ դ. վերջ-20-րդ դ. սկիզբ) հասցեների բնակելի տները։

Կոտայքի մարզի Արզական գյուղի Ամրոցը (Ք. ա. 2-1-ին) եւ Քարաշամբ գյուղի Ամրոցը (Ք. ա. 2-1-ին) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ, իսկ Քարաշամբ գյուղի գերեզմանոցին տրվել է Կոտայքի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Սբ. Գեւորգ եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 6.66.1.2)՝ տեղական նշանակության ենթահուշարձանի կարգավիճակ։

Հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների քննարկված նախագծերից են Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող «Ավանի հյուսիսային գերեզմանոց» 10-19-րդ դդ. եւ «Բնակատեղի» մ.թ.ա. 6-րդ դ.- մ.թ.ա. 2-րդ դ. (պետ. ցուցիչ՝ 1.2.2), Նորք- Մարաշ վարչական շրջանի Հին Նորք թաղամասը, 19-րդ դ. վերջ-20-րդ դ. սկիզբ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Եկեղեցական համալիր Թալինի Կաթողիկե, 4-20-րդ դդ., Եկեղեցի Սբ. Աստվածածին, 613-615 թթ. (պետ. ցուցիչ՝ 2.3.4, 2.3.5) հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։ Միաժամանակ, քննարկվել են նաեւ նորահայտ հուշարձանների կարգավիճակ ստացած Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի Ամրոցի (Ք.ա. 2-1-ին հազ.) եւ Արզական գյուղի Ամրոցի (Ք. ա. 2-1-ին հազ.) պահպանական գոտիների նախագծերը։

Ներկայացված նախագծերը հանձնաժողովի կողմից համարվել են ընդունելի եւ, ըստ սահմանված կարգի, համայնքների ղեկավարների եւ տարածքային կառավարման պետական մարմինների հետ համաձայնեցվելուց հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի կողմից։

 

 

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՆՈՐ ՏՐԱՆՍՖԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ

Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» պայմանագիր է կնքել Հայիթիի ազգային հավաքականի կիսապաշտպան Բրայան Ալսիուսի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ալսիուսին ծնվել է Ֆրանսիայում եւ կարիերայի առաջին քայլերը կատարել է «Բորդոյում», որտեղ հասել է մինչեւ երկրորդ թիմ: Ֆրանսիայում նա հանդես է եկել տարբեր թիմերի կազմերում, սակայն ամենահեղինակավորը «Փարիզն» է, որը այդ ժամանակ ներկայացնում էր Լիգա 2-ը: Ֆրանսիայի երկրորդ ուժեղագույն լիգայում 28-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է չորս հանդիպում, իսկ գավաթի խաղարկությունում մասնակցել է մեկ մրցավեճի:

Նա հանդես է եկել նաեւ ռումինական եւ կիպրական ակումբներում:

Բրայան Ալսիուսը Հայիթիի ազգային հավաքականում անցկացրել է 33 հանդիպում:

 

ՍԱԼԱՀԸ ՇՐՋԱՆՑԵԼ Է ՌՈՆԱԼԴՈՒԻՆ

FourFourTwo պորտալը կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն եզրային խաղացողների վարկանիշային աղյուսակը։

Այն գլխավորում է եգիպտացի Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», «Չելսի»): Երկրորդ տեղը զբաղեցրել է Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ»), երրորդը՝ Սոն Հեն Մինը («Տոտենհեմ»):

Լավագույն տասնյակում են նաեւ Էդեն Ազարը («Չելսի»), Սադիո Մանեն («Սաութհեմփթոն», «Լիվերպուլ»), Գարեթ Բեյլը («Սաութհեմփթոն», «Տոտենհեմ»), Ռոբերտ Պիրեսը («Արսենալ», «Ասթոն Վիլա»), Ռայան Գիգզը («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռիյադ Մահրեզը («Լեսթեր», «Մանչեսթեր Սիթի») եւ Դեյվիդ Բեքհեմը («Մանչեսթեր Յունայթեդ»):

 

 




Լրահոս