Գեղարքունիքում տասնյակ աշխատողներ են կրճատվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային և հիգիենիկ տեսչության Գեղարքունիքի մարզային փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տասնյակ աշխատակիցներ դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին` տեղեկացնելով, որ իրենք ազատված են աշխատանքից:

Գեղարքունիքի մարզային փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Գոհար Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հիմնականում կրճատվել են թոշակառու անձինք: Մինչդեռ, ինչպես պնդում են խմբագրություն ահազանգած քաղաքացիները, աշխատանքից ազատվածների մեջ կան նաև ոչ թոշակառուներ: Տեղեկացնենք, որ նույն կրճատման գործընթացն իրականացվել է նաև ՀՀ մյուս մարզերում:

Նշենք, որ ՀՀ կառավարությունն անցյալ տարվա հոկտեմբեր ամսին որոշում կայացրեց պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»պետական ոչ առևտրային կազմակերպություն: Կառույցն ունի մարզային կենտրոններ և նույն գործընթացն իրականացվում է նաև այդ կենտրոններում:

«Ժողովուրդ»-ը օրեր առաջ անդրադարձել էր  Շիրակի մարզային փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ում տիրող խառնաշփոթ ու անորոշ իրավիճակին,  ինչի արդյունքում կենտրոնի աշխատակիցները հայտնվել են դժվարին կացության մեջ: Նույնպիսի  իրավիճակ է նաև մյուս մարզերում: Ու թեև ԱՆ-ն վստահեցնում է, որ ազատված աշխատակիցները կտեղավորվեն մեկ այլ աշխատանքի, այնուամենայնիվ նրանք չգիտեն աշխատանք կունենա՞ն, թե՞ ոչ:

Գեղարքունիքի մարզային փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Գոհար Սարգսյանի խոսքով՝  բոլոր կրճատումները եղել են ըստ հաստիքացուցակի, որը հաստատված է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի կողմից: «Դա համակարգային հարց է, կառավարության համապատասխան որոշում կա: Ես ոչ կրճատողն եմ, ոչ փող տվողը, ոչ էլ` ընդունողը: Հիմա բոլոր ներկայացուցչություններում` Սևանում, Ճամբարակում, Գավառում, Վարդենիսում աշխատողները հավասար քանակի են մնացել»,- նկատեց տիկին Սարգսյանն` ընդգծելով, որ հիմնականում կրճատվել են այն մարդիկ, ովքեր թոշակառու են:

Օրեր առաջ ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը հայտարարել էր, որ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը խիստ հանձնարարական է տվել, որպեսզի այս վերակազմավորման փուլում աշխատանքից ազատված քաղաքացիների թիվը նվազագույնի հասցվի: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչ են անելու աշխատանքից ազատված քաղաքացիները, Ս. Քրմոյանը պատասխանեց. «Հիմա աշխատանքից ազատվածների գերակշիռ մասը նշանակվել է աշխատանքի: Իսկ մյուսների թիվը, վստահեցնում եմ, որ 7-8 հարյուր չի: Այն մարդիկ, ովքեր դեռևս չեն տեղավորվել աշխատանքի, կլինեն մոտ 200 հոգի: Փորձում ենք մի մասին տեղավորել և այդ պրոցեսը շարունակվում է: Բայց որևէ մասնագիտական կադր չի ազատվել աշխատանքից` թե° բարձրագույն, թե° միջին մասնագիտական կրթություն ունեցող: Իսկ ոչ մասնագետների մասով էլ` մենք հիմա փորձում ենք իրենց տեղավորել այլ աշխատանքի»:

Քրմոյանից տեղեկացանք նաև, որ Գեղարքունիքի մարզային փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի Վարդենիսի ներկայացուցչությունից ազատվել է ընդամենը 13 աշխատակից, որից երեքը թոշակառու է: Մյուս տասը մասնագետներ չեն եղել, այսինքն` աշխատել են որպես պահակ, «սանիտարկա»:

«Այդուհանդերձ, մենք այս պահի դրությամբ ուսումնասիրում ենք մյուս կառույցներում իրենց տեղավորելու հնարավորությունը: Քանի որ մեզ համար Վարդենիսն այնպիսի գոտի է, որտեղ մենք ամեն կերպ փորձում ենք մարդկանց աշխատատեղերով ապահովել, թեկուզ մեր մասնագետները չեն: Այսինքն` ինչպես ասել էինք, ոչ մի մասնագետ դուրս չի մնացել»,- ներկայացրեց Քրմոյանը` լրացնելով, որ վերակազմավորման գործընթացն արդեն ավարտվել է, բայց կադրային հարցերով դեռևս աշխատանքներ կան անելու:

«Ժողովուրդ»-ը հետամուտ կլինի այս խնդրին և իր ընթերցողին կտեղեկացնի` նախարարն իր խոստմանը տեր եղա՞վ,  թե՞ ոչ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս