Կառավարության օգոստոսի 22-ի նիստին անդրադարձ է եղել տաքսի ծառայությունների ոլորտի նոր կարգավորումներին։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրում իրականացնող անձանց հարկային մարմնում հաշվառման գործընթացը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի ԱԺ-ն ընդունել է համապատասխան օրինագիծը․
«Կարգավորվում է, թե ինչպես են անձինք գրանցվելու հարկային մարմնում։ Նախ, ովքեր էլեկտրոնային հարթակների միջոցով են ուղևորափոխադրում իրականացնելու, ոչ մի գործողություն չպետք է կատարեն։ Էլեկտրոնային հարթակներն իրենք են հարկային մարմնին փոխանցելու վերջիններիս տվյալները և ինքնաշխատ եղանակով ստանալու հարկային կոդ, հարկ վճարողի հաշվառման համարանիշ, և յուրաքանչյուր պատվեր ընդունելիս ու ավարտելիս ինքնաշխատ գեներացվելու է ՀԴՄ»,- ասել է նա։
Բադասյանի խոսքով՝ անհատ վարորդները հարկային մարմնի էլեկտրոնային հավելվածի միջոցով կարող են գրանցվել ու ստանալ հարկ վճարողի հաշվառման համարանիշ և գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ․
«Մեքենայի մեջ ֆիզիկապես ՀԴՄ-ի տեղադրում չի ենթադրում, էլեկտրոնային ՀԴՄ-ն իրենից ներկայացնում է հավելված, և էլեկտրոնային հարթակի դեպքում ինքնաշխատ է գեներացվում, իսկ անհատ վարորդն ինքը կարող է գեներացնել»,- ասել է նա՝ հավելելով, որ խոսքը «Ես եմ» էլեկտրոնային համակարգի մասին է։