Կառավարությունը օգոստոսի 22-ի նիստում հաստատեց անասնաբուծության խթանման ծրագիրը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում կներկրվի 10.000 գլուխ ոչխար ու այծ:
«Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում կովերի արհեստական սերմնավորման գործընթացի միջոցով կբարելավվի տավարի տոհմային հատկանիշները և կբարձրացվի անասունի մթերատվությունը։ Իսկ «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրով» մարզերը կհամալրվեն 10.000 մեղվաընտանիքներով»։
Անդրադառնալով ոլորտին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոչխարաբուծությունն ամենաեկամտաբեր ոլորտներից է. «Բայց մենք այդպես էլ չենք կարողանում քաղաքացիներին քաջալերել, որպեսզի մեծ քանակով ոչխարաբուծությունը զարգանա, փոխարենը, մեր տվյալները ցույց են տալիս, որ շատ է գառների ներմուծումը, իսկ որոշ ժամանակ անց՝ արտահանումը»։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ գառների արտահանումն ամենաշահութաբեր ոլորտներից մեկն է:
«Եվ երբ ուզում էի հասկանալ՝ ինչն է պատճառը, որ գլխաքանակ չի ավելանում, լսեցի ինձ համար թերևս ամենաանսպասելի պատասխանը՝ հովիվների պրոբլեմ կա։ Չեն կարող հովիվ գտնել, որովհետև ոչխարն այն տեսակն է, որին արոտավայրերում պետք է հովիվները արածեցնեն: Մենք այդքան հետազոտում ենք, բայց, միևնույն է, պատասխանները պետք է կյանքից վերցնենք, որ պրոբլեմները հասկանանք, որովհետև մեր ոչ մի փաստաթղթում ես նման բան չեմ կարդացել և համոզված եմ չէի էլ կարդա, բայց սա պրոբլեմ է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: