Ինչպես ՀՀ շատ համայնքներում, այնպես էլ Կոտայքի մարզի Արտավազ գյուղում սոցիալապես անապահով ընտանիքների թիվը մեծ է: Այդպիսին է նաև Չիլինգարյանների հինգ հոգանոց ընտանիքը, որոնց խոնավ տունը զուրկ է տարրական կոմունալ հարմարություններից:
Անդրանիկ Չիլինգարյանի կինը` Արփինեն, ամաչելով պատմեց, որ մի սենյակում ե՛ւ քնում են, ե՛ւ ճաշ եփում: Նրանց 18-ամյա դուստրը՝ Գոհարիկը, գումար չունենալու պատճառով կիսատ է թողել ուսումը: «Գնաց դիզայներություն սովորելու, ամսական 3000 դրամ էր վարձը, բայց ճանապարհածախսը և մյուս ընթացիկ ծախսերը չէի հասցնում: Դրա համար էլ կիսատ թողեց: Ցանկություն ունի, բայց չենք կարող: Ի՞նչ անեմ: Բարձրագույնի ընդունակ երեխա է, բայց դե որ չկա, չկա»,- ներկայացրեց Գոհարիկի հայրը` Անդրանիկը:
Նրանց մյուս երկու որդիները հաշմանդամ են: Եվ ընտանիքի եկամտի միակ աղբյուրը հաշմանդամ որդիներից մեկի թոշակն է, որը կազմում է 26 հազար դրամ: «Աշխատանք չունենք, էդ թոշակով ենք յոլա գնում, ու մի կով ունենք: Դրանով մի կերպ կարողանում ենք ապրել: Այն էլ քիչ քանակությամբ կաթ է տալիս, հազիվ մեզ է հասցնում, չենք էլ կարող գոնե վաճառել»,- ներկայացրեց Արփինեն: Իսկ նրանց մյուս հաշմանդամ որդին դեռևս թոշակ չի ստանում: Ծնողներն այդ հարցով զբաղվելու հնարավորություն չունեն, քանի որ որոշակի փաստաթղթեր ձեռք բերելու համար գումար է անհրաժեշտ:
Չնայած տունը գազաֆիկացված է, սակայն ընտանիքը գրեթե չի օգտվում երկնագույն վառելիքից` սպառած գազի վարձը վճարելու գումար չունենալու պատճառով: «Փայտի վառարանով ենք ճաշը եփում, իսկ գազով միայն տաքացնում ենք: Նույնիսկ դրա գումարն էլ չենք կարողանում տալ: 26 հազար դրամ ենք ստանում, բայց հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում»,- ամաչելով ասաց Արփինեն:
Ընտանիքի հայրը` Անդրանիկը, չի աշխատում, քանի որ ունի առողջական բազմաթիվ խնդիրներ. «Լյարդի, ողնաշարի հետ կապված խնդիրներ ունեմ, արգելել են ֆիզիկական ծանր աշխատանք կատարել: Երբ ֆիզիկական ծանր աշխատանք եմ անում, հետո սուր ցավեր եմ ունենում»:
Այս ամենից բացի` Չիլինգարյանների ընտանիքը պարտք է ոչ միայն գյուղի խանութին, այլև բանկերից մեկին: «Ե՛վ խանութին պարտք ունենք, ե՛ւ բանկին: Համայնքապետին ինչքան դիմել ենք, օգնել է, բայց հո ամեն անգամ չենք դիմելու»,- ամաչելով նշեց Անդրանիկը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ