Սերժ Սարգսյանի մասնակցությամբ երեկ երեկոյան տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստը թեեւ տեւեց ավելի քան 2 ժամ, սակայն կուսակցությունում որեւէ որոշում չի կայացվել: Ավելի ճիշտ՝ որոշում է կայացվել որոշում չկայացնելու եւ դեռ սպասելու մասին: Միայն եղել են հաթաթաներ, նախազգուշացումներ. այս պահին չի լինելու որեւէ պաշտոնանկություն:
Նկատենք, որ անցնող շաբաթն իրադարձային առումով բավական բուռն էր եղել՝ ԱԺ նախագահի հրաժարական, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանի վրա հարձակում, որի արդյունքում ծեծի հոդվածով հարուցվեց քրեական գործ, իսկ կիրակի օրն էլ Իջեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ական թեկնածուն պարտություն էր կրել նաեւ Տավուշի մարզպետ, ՀՀԿ այդ մարզի ղեկավար Արմեն Ղուլարյանի վատ աշխատանքի արդյունքում: Եվ ենթադրվում էր, որ առնվազն այս երեք դրվագով ՀՀԿ գործադիր մարմնում կոնկրետ որոշումներ կկայացվեն: Սերժ Սարգսյանը, սակայն, հերթական անգամ հայտնվել է սպասողական իրավիճակում. վերջինս այս պահին որեւէ քայլ չի անում՝ փորձելով բավարարվել արդեն իսկ եղած պաշտոնանկություններով ու հնարավորինս երկարաձգել ներքաղաքական ստատուս քվոն: Ընդ որում, նրան ճանաչողները պնդում են, որ այդպես է վարվում, երբ չգիտի՝ ինչ անել: Սակայն, դատելով իրադարձությունների ընթացքից, Ս.Սարգսյանին երկար չի հաջողվի ձգել այս իրավիճակը:
Սպասվում էր, որ ՀՀԿ-ն կքննարկի ԱԺ նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո նրան փոխարինողի հարցը. նույնիսկ այս առումով շրջանառվում էր երկու սցենար. կա՛մ որոշվելու է ԱԺ հաջորդ նախագահի անունը, կա՛մ Հովիկ Աբրահամյանը գրավոր իր տեղակալներից մեկի վրա էր դնելու ԱԺ նախագահի լիազորություններն ու հեռանալու: Սակայն, ինչպես ՀՀԿ ԳՄ նիստից հետո փոխանցեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, քանի դեռ Աբրահամյանը դե յուրե շարունակում է մնալ ԱԺ նախագահ եւ չի լրացել օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետը, երբ խորհրդարանի խոսնակը պետք է երկրորդ անգամ պնդի իր հրաժարականը, ՀՀԿ-ն կոռեկտ չի համարել կոնկրետ անուն քննարկել: Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 20 հոդվածի համաձայն՝ ԱԺ նախագահը հրաժարականի դիմումը ներկայացնելուց հնգօրյա ժամկետը լրանալուց անմիջապես հետո պետք է կրկնի հրաժարականը, այլապես այն կհամարվի չընդունված: Ուստի ՀՀԿ-ին մնում է ԱԺ նախագահի հարցին անդրադառնալ հաջորդ շաբաթ նոր միայն: ՀՀԿ այս պահվածքը, թերեւս, հիմք է տալիս ենթադրելու, որ կուսակցությունում ավելի հակված են ԱԺ նախագահ չունենալու տարբերակին:
Թեեւ ՀՀԿ-ում երեկ քննարկվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծելու փաստը, սակայն կուսակցությունը ձեռնպահ է մնացել իր խորհրդի անդամի վայրագություններին գնահատական տալուց: Իսկ պատճառը Սուրիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործերն են. ՀՀԿ-ում սպասում են նախաքննության ավարտին, որից հետո ձեռնամուխ կլինեն այս մարզպետի պաշտոնանկությանը: Տեսակետ կա, որ այս քրեական գործն առաջիկայում կկարճվի նախաքննական մարմնի հայտարարությամբ, թե տեղի է ունեցել ոչ թե ծեծկռտուք, այլ քաշքշոց: Ու դրանից հետո արդեն ՀՀԿ-ն հանգիստ պաշտոնանկ կանի Լիսկային: Մեկ այլ տեսակետի համաձայն՝ Սերժ Սարգսյանը մինչեւ ԱԺ ընտրությունները Լիսկային «ձեռք չի տա», քանի որ առաջիկա ընտրություններում իրեն, այնուամենայնիվ, հարկավոր են քրեական տարրերը: Ավելին, Իջեւանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ դրանք անցան համեմատաբար ազատ մթնոլորտում, եկան ապացուցելու, որ ՀՀԿ-ն չունի բավարար չափով ձայներ:
Այնպես որ, թեեւ մի կողմից ՀՀԿ-ականները հայտարարում են ՀՀ պատմության մեջ ամենաազատ ու ամենաարդար ընտրություններն անցկացնելու մտադրության մասին, մյուս կողմից ակտիվորեն պատրաստվում են իրենց ավանդական մեթոդներին՝ բռնություններ, լցոնումներ, ընտրակաշառք, ահաբեկումներ, առանց որոնց ՀՀԿ-ին չի հաջողվի ստանալ բավարար թվով ձայներ:
ՀՀԿ ԳՄ նիստում անդրադարձ է եղել կիրակի օրը Իջեւանում կայացած ընտրություններին: Շարմազանովի խոսքերով՝ ՀՀԿ ԳՄ-ում քննարկվել են Իջեւանում ՀՀԿ-ական թեկնածու Վարուժան Ներսիսյանի պարտության պատճառներն ու ՀՀԿ Տավուշի մարզային կառույցի աշխատանքները: Ընդ որում, ըստ մեր աղբյուրների՝ ՀՀԿ-ում խիստ դժգոհ են Տավուշի մարզպետ, ՀՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Արմեն Ղուլարյանի աշխատանքից: Սակայն առայժմ ՀՀԿ-ն չի շտապում պաշտոնանկ անել նրան: ՀՀԿ մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ՝ թեեւ Ղուլարյանի հետագա պաշտոնավարումը կախված է մազից, այնուամենայնիվ, կուսակցությունում կսպասեն այնքան, մինչեւ մարեն Իջեւանյան կրքերը, որից հետո մարզպետը կմեկնի «վաստակաշատ հանգստի»:
Ի դեպ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից տեղեկացանք նաեւ, որ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ներկուսակցական հարցեր` առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված նախընտրական շտաբների ձեւավորման մասին:
ՈՐՈՇԵՑԻՆ ԱՌԱՅԺՄ ՈՐՈՇՈՒՄ ՉԿԱՅԱՑՆԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ