Կրկին անհանգիստ է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանագոտում:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը մեզ ասաց, որ մարտի 27-ի կեսգիշերից մոտ մեկուկես ժամ ադրբեջանական Ալիբեյլի գյուղի մարտական հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներով գնդակոծվել է Այգեպարի կենտրոնը: Գնդակները դիպել են տների պատերին, տանիքներին, գյուղի ճանապարհների հենապատերին: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Այգեպար համայնքի ղեկավարն ասաց, որ այդ օրը՝ ժամը 21-ից Ալիբեյլիում տարօրինակ շարժ է կատարվել. գյուղից տարհանվել են ավտոմեքենաները, ադրբեջանական գյուղի լույսերը մարվել են:
Այդ կերպ ադրբեջանցիները նախապատրաստվել են Այգեպարի ուժեղ գնդակոծությանը: «Չենք հասկանում, թե նրանց միտքն ինչ է, ինչ են ուզում, մեր գյուղը ողջ գիշերը չի քնել»՝ ասաց Այգեպարի գյուղապետը: Այդինյանի վկայությամբ՝ հայ սահմանապահները պատասխան կրակով ադրբեջանցիներին ստիպել են դադարեցնել կրակը: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ հայտնեց, որ ադրբեջանական զինուժը մարտի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, մոտ մեկ ժամ գնդակոծել է գյուղի տարածքը:
Բարեբախտաբար, տուժածներ և վնասներ չկան: Իսկ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը տեղեկացրեց, որ մարտի 27-ին սահմանամերձ այդ համայնքում կատարվում էր 52 տարեկան հասակում կյանքից հեռացած Հայկազ Աղասյանի հուղարկավորությունը, որի ընթացքում ազերիները կրակ են բացել թափորի վրա: Բարեբախտաբար, այդ ժամանակ գերեզմանատանն արդեն թաղումը կատարված է եղել և գյուղացիներին հաջողվել է խուսափել ադրբեջանական գնդակոծության թիրախ դառնալուց:
Մովսեսի համայնքապետ Արարատ Ավալյանն էլ տեղեկացրեց, որ մարտի 27-ի գիշերը՝ ժամը 23.30-ից մինչև ժամը 01-ի կողմերը ադրբեջանական զինուժը «ԴՇԿ» և «Շիլկա» զինատեսակներից գնդակոծել է գյուղի տարածքը, և միայն հայկական զինուժի պատասխան կրակից հետո ադրբեջանցիները դադարեցրել են կրակը: Ազերիների գնդակներից խոցվել են տների պատերը, տանիքներին անցքեր են բացվել: «Երբ անձրև գա, այդ անցքերից ջուրը ներս է լցվելու»,- նշեց Արարատ Ավալյանը: Նա ասաց, որ մարտի 28-ի ցերեկը խաղաղ է եղել: Սակայն Բերդի սահմանագոտում տիրող փխրուն անդորրը ազերիների կողմից ամեն պահ կարող է խախտվել:
Ոսկան Սարգսյան