Կոտայքի մարզպետի կնոջ` Ռոզա Ասատրյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա եւս պաշտոնատար անձ է համարվում վարչապետի աշխատակազմում։
Այստեղից հարց է առաջանում, թե ինչպե՞ս է Ռոզա Ասատրյանը միաժամանակ աշխատում մեկ պետական, երկու համայնքային եւ մեկ ՓԲԸ-ում, այն դեպքում, երբ օրենքը խստիվ արգելում է պետական ծառայողին որեւէ այլ տեղ աշխատել։ Մարդը ֆիզիկապես եւս չի կարող միաժամանակ աշխատել չորս տարբեր աշխարհագրական գոտիներում։
Ուսումնասիրելով Ասատրյանի ներկայացրած հայտարարագիրը` նկատում ենք, որ նրա` հաշվետու տարվա եկամուտը կազմում է 4 մլն 291 հազար դրամ, որից 2 մլն 802 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 290 հազար դրամը՝ «Գառնիի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ից ստացած գումարը, 1 մլն 24 հազար դրամը՝ «Ծաղկահովիտ առողջության կենտրոն» ՓԲԸ-ից, իսկ 174 հազար դրամը՝ Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարանի աշախատակազմից ստացած գումարը:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Կոտայքի մարզի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ՝ հասկանալու համար` ինչպես է կինը միաժամանակ 4 աշխատավայրում աշխատում:
Վերջինս հորդորեց, որ մեր տեղեկությունը կրկին ճշտենք, քանի որ իր կինը աշխատում է տարածքային զարգացման հիմնադրամում:
Ճշտող հարցին, թե իր կինը միայն այնտե՞ղ է աշխատում, մարզպետը պատասխանեց. «պայմանագրով՝ ոչ, կարծեմ` պայմանագրային այլ ծառայություններ էլ է մատուցում»:
Սահակյանը ասաց, որ մանրամասն չի տիրապետում հարցին, սակայն հավաստիացրեց, որ իր կնոջ գործում օրենքի խախտում չկա:
Քույրը փոխմարզպետ, եղբայրը կառավարության աշխատակազմում. աղաղակող առերեւույթ կեղծիքներ՝ հայտարարագրերում
Ստորեւ ներկայացվող ՔՊ-ական իշխանության միջին չինովնիկների փաստաթղթերի բովանդակությունը վիճակագրորեն տարածելով ողջ կառավարության մասշտաբով` կստանանք աղետի հասնող, պետական կոռուպցիոն կայուն ինստիտուտ։ Այսպես, Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանը ներկայացնում է հայտարարագիր` նշելով, որ «Մերսեդես-Բենզ» ավտոմեքենան ձեռք է բերել 01.01.2018 թվականին։ Հաջորդ հայտարարագրով այդ նույն «Մերսեդես-Բենզի» ձեռքբերման տարեթիվը դառնում է 13.06.2019 թվականը (մոտ երկու տարվա շեղում). այս կեղծիքի նպատակները կարող են լինել մի քանիսը, որոնք, կարծում ենք, պետք է պարզեն իրավապահները, եւ ոչ թե լրագրողները։
Ուսումնասիրում ենք Միլադա Հովհաննիսյանի եղբոր հայտարարագիրը. նա Արայիկ Հարությունյանի օգնականն է։ Սուրեն Հովհաննիսյանը թեեւ ներկայացնում է համեստ` իսկը հեղափոխականի հայտարարագրած գումար` 4.9 միլիոն դրամ, սակայն, հանկարծ, հաջորդ տարի սույն պաշտոնյան ձեռք է բերում 30.5 միլիոն դրամով բնակարան Երեւանում։ Այստեղ պետք է հանուն արդարության նշել, որ Հովհաննիսյանը մյուս ՔՊ-ականների պես չի պահպանել ձեւական կողմը եւ չի արտացոլել ինչ-որ վարկ` իբրեւ գումարի ծագման աղբյուր։
Առավել ուշագրավ է քույր ու եղբորը փոխկապակցված անձի՝ նրանց հոր` Մկրտիչ Հովհաննիսյանի հայտարարագիրը, ըստ որի` նա չունի ոչ մի լումա դրամական միջոց եւ ոչ մի լումա աշխատավարձ կամ շահաբաժին, սակայն վերջինիս ֆեյսբուքյան էջի փաստերը, որպես օրենքի տեսանկյունից «երրորդ անձից ստացված տեղեկություն», արձանագրում են` փոխմարզպետի եւ եղբոր՝ կառավարության պաշտոնյայի հայրը տիրապետում է լուրջ բիզնեսների, խոշոր արտադրության համահիմնադիր է (լուսանկարները կցվում են)։
Ավելորդ ենք համարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հորդորել, խնդրել` վերջապես զբաղվելու իշխանավորների իրավախախտումներով։
Միայն միջազգային կառույցների համար փաստենք, որ ՀՀ-ում կոռուպցիան կրում է ինստիտուցիոնալ բնույթ եւ ենթադրյալ օրինախախտի ՔՊ-ական լինելու դեպքում՝ բացահայտ կերպով անտեսվում է իրավապահների կողմից։
Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանին՝ Ֆազին ազատ արձակելու համար կալանավորված եւ դատական քաշքշուկների մեջ հայտնված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հարցը հասել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման հարցով դատավոր Ալեքսանյանը դիմում է ներկայացրել ՄԻԵԴ։ Նշենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում գտնվող քրեական վարույթով՝ իր եղբոր ընկերոջ եւ իր մտերիմ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն իրեն մակագրելու, ապա այն բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Ըստ ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, ի վերջո, մեղադրյալ Սերգեյ Գրիգորյանի կալանքը փոխարինել էր գրավով։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Սերգեյ Գրիգորյանը բոլորին հայտնի Ֆազն է, որին սպանեցին այս տարվա հունիսի 11-ին, եւ գործի մեղադրանքով այսօր կալանավորված է Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը։
Գյուղացիների ձեռքից հողերը կվերցնեն, որ քաղաք կառուցեն
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր ՀՀ կառավարության նիստում որոշվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ սահմաններ գերակա շահ ճանաչելու հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարությունը նպատակ ունի Սասունիկ համայնքում հողերը վերցնել գյուղացիների ձեռքից եւ այնտեղ ակադեմիական քաղաքի ծրագիրն իրականացնել։ Պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք նաեւ, որ հարցը զեկուցելու է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ըստ այդ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1802-Լ որոշմամբ հաստատված «Ակադեմիական քաղաք» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման նպատակով սույն որոշման NN 1, 2 եւ 3 հավելվածներում նկարագրված՝ Երեւան քաղաքի եւ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ՝ հետեւյալ հիմնավորումներով՝ ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ ծրագիրը միտված է տնտեսական կայուն եւ առաջընթաց զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը՝ ժամանակակից կրթական, հետազոտական եւ նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր ստեղծելու միջոցով։
Ակադեմիական քաղաքը երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառությունը` ծառայելով հանրությանը սոցիալական, տնտեսական եւ մշակութային մարտահրավերների հաղթահարման համար, ինչպես նաեւ հանրային եւ մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ապահովելու է ստեղծվող կրթության, տեխնոլոգիաների եւ նորարարությունների ներդրումն ու ծառայեցումը հանրային բարեկեցությանն ու առաջընթացին։
Ի դեպ, վերջնաժամկետը սահմանված է մինչեւ 2025 թվականի սեպտեմբերի 30-ը, իսկ այս ծրագրի իրականացման լիազոր-պատասխանատուն էլ Արագածոտնի մարզպետն է լինելու՝ Սերգեյ Մովսիսյանը։ Հավելենք նաեւ, որ նշված է՝ այս հայտարարությունը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման հաջորդող 10-րդ օրը։