ՌԴ ԱԳՆ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ ասել է, որ Ռուսաստանի համար դժվար է հասկանալը, թե ինչու է Երեւանը սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունը։

 

Լավրովը նաեւ նշել է, որ Ռուսաստանը կողմ է խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը, սակայն ինչը վերաբերում է Սյունիքի մարզի հաղորդակցություններին, ապա դրա համար, ցավոք սրտի, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժների ենթարկում պայմանավորվածությունը, որի ներքո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է։

Վերջինիս խոսքով՝ եռակողմ պայմանավորվածությունների «հիմքում դրվածն այսօր էլ մնում է լիովին արդիական»։

«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցով կապ է հաստատել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ:

-Պարո՛ն Սուրենյանց, Սերգեյ Լավրովի արած հայտարարություններն ի՞նչ են իրենցից ենթադրում, ի՞նչ են դրանք նշանակում։

-Այն՝ ինչ ասել է, ըստ էության… Ըստ ամենայնի, նա հասկացել է, որ Հայաստանը չի կատարել հայտնի եռակողմ հայտարարության 9-րդ կետը։ Այստեղ, եթե մենք Լավրովից նեղսրտելու առիթ ունենք, դա միայն այն բանի համար, որ նա չի խոսել նաեւ Ադրբեջանի պատասխանատվության մասին, քանի որ բազմաթիվ կետեր էլ Ադրբեջանը չի կատարել, բայց այն, որ Հայաստանի իշխանությունը, ինչ-որ փուլից սկսած, որոշեց այդ 9-րդ կետը չկատարել, այդ մասին ես էլ 100 անգամ փաստել եմ, ավելին՝ նա գնաց նույնիսկ Արցախի զոհաբերության ճանապարհով, որպեսզի, այսպես կոչված միջանցքային օրակարգը, տրամաբանությունից հանի, բայց ինչպես տեսանք՝ չհաջողեց։

-Պարո՛ն Սուրենյանց, Դուք էլ Ձեր խոսքում անդրադարձաք եռակողմ պայմանավորվածություններին, անգամ դրան է անդրադարձել Լավրովը։ Արդյո՞ք շարունակում են արդիական մնալ այդ պայմանավորվածությունները։

-Ոչ թե արդիական են մնում, այլ ռուսական հարթակում բանակցություններ չկան, եւ միայն այն փաստը, որ երեկ (խմբ.) Ալիեւը համաձայնություն տվեց բանակցությունները շարունակելու ռուսական հարթակում, դեռ չի խոսում այն մասին, որ բանակցություններն այդ հարթակում վերսկսելու են, որովհետեւ Ադրբեջանն ամեն բան արել է, որ բանակցությունները տեղափոխվեն ուղղակի, չմիջնորդավորված հարթություն, երբ որ միջնորդներ չեն լինի եւ ուժային դիսբալանսի պայմաններում ինքը Հայաստանին կթելադրի իր օրակարգը։ Հիմա այս պարագայում կասեք՝ ինչո՞ւ Ադրբեջանը համաձայնություն տվեց, քանի որ Ալիեւը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը մերժելու է այդ միջնորդությունը։ Հետեւաբար ես հիմա չեմ կանխատեսում, որ մոտ ապագայում ռուսական հարթակում հնարավոր է բանակցությունների վերսկսում։ Ներկայումս Ռուսաստանի նպատակն այլ է՝ թույլ չտալ արեւմուտքի դերակատարության ուժեղացում տարածաշրջանում։ Գուցե դրան նա կարողանա հասնել, բայց մոտ ապագայում ես չեմ տեսնում հնարավորություն, որ բանակցությունները ռուսական հարթակ կարող են տեղափոխվել։

-Պարո՛ն Սուրենյանց, Լավրովի այս հայտարարություններից հետո շատերը կարծես թե քարկոծում են վերջինիս, ի՞նչ եք կարծում, մի՞թե իր հայտարարություններն են պատճառը։

-Գերէմոցիոնալ, հաճախ՝ անմակարդակ մեկնաբանություններին անդրադառնալ չեմ ուզում։ Տրամաբանական չէ քարկոծել մի երրորդ երկրի արտգործնախարարի, այն պարագայում, երբ այդ փաստաթղթի տակ դրված է քո պետության ղեկավարի ստորագրությունը. եթե անգամ Լավրովին վերապահում էլ կա՝ դա այն հարցում է, որ նա չի ընդգծել Ադրբեջանի պատասխանատվությունը մնացած կետերի չկատարման հարցում։ Սա՛ է, վերջ։

Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ

 

 

ԱՐՇԱՎ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅԱՀԱԼԱԾ ՔԱՅԼԵՐԻ ԴԵՄ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները միասնական կոչով են հանդես եկել.

 

«2024թ. նոյեմբերի 11-22-ը Բաքվում նախատեսվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որին մասնակցելու հրավեր ունեն տարբեր երկրների ղեկավարներ, պաշտոնական պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ եւ բազմաթիվ լրագրողներ: Միանգամայն ակնհայտ է, որ Բաքուն այդ համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրությանը եւ շեղելու հանրային կարծիքը իր երկրի էության հետ շաղկապված ոճրագործություններից։ Կասկածից վեր է նաեւ, որ նշված համաժողովին հրավիրված պաշտոնյաների եւ կառույցների անտարբեր մոտեցումը Ադրբեջանի ոճրագործությունների նկատմամբ այդ երկրի ղեկավարության կողմից դիտարկվելու է որպես քաջալերանք՝ իրականացված ու շարունակվող հանցագործությունների, որի ցանկից կարելի է առանձնացնել.

l Արցախում 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձեռնարկված էթնիկ զտումները՝ որպես ցեղասպանություն եւ մարդկության դեմ իրականացված հանցագործություն:

l Ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք եւ ուժի կիրառման սպառնալիքով ճնշումները ՀՀ-ի վրա:

l Բաքվի կողմից պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս գերիների նկատմամբ կեղծ մեդադրանքները, վերաբերմունքն ու նրանց անորոշ ճակատագիրը:

l Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական քաղաքականությունը, որն արտահայտվում է նաեւ Արցախի պատմամշակութային հարուստ ժառանգության ոչնչացման, յուրացման եւ ինքնությունը կեղծելու գործուն քայլերով։

Վերոնշյալ հանցավոր գործողությունների շարքը կարելի է երկար շարունակել: Մարդկությանը հուզող գլոբալ հարցերի՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի անվան տակ այս արարքների քողարկումը միայն ու միայն խորացնելու է անվստահության ու անկայունության մթնոլորտը, որն Ադրբեջանի կողմից պարտադրվել է Հարավային Կովկասի տարածաշրջանին 2020թ. 44-օրյա պատերազմի, լիակատար շրջափակման եւ ցեղասպանության սպառնալիքի ներքո Արցախի Հանրապետության բռնազավթման եւ ամբողջովին հայաթափելու միջոցով:

Կոչ ենք անում համայն հայությանը եւ տարածաշրջանի՝ խաղաղությամբ շահագրգիռ երկրներին, կազմակերպություններին ու անհատներին միանալ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի եւ Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի սկսած արշավին՝ տեղեկատվական դաշտում, սոցիալական ցանցերում եւ անհատական հաղորդակցություններով բացահայտել Ադրբեջանի նենգ մտադրությունները եւ սթափության կոչ հղել միջազգային հանրությանը:

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական հայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»։

 

 

«ԱՅԼԵՎՍ ՈՉ ՄԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ». ՄԵԴՎԵԴԵՎ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը բացառել է Կիեւի հետ բանակցությունների հավանականությունը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը կարող է «բանակցային ծուղակում» հայտնվել։ Այս մասին նա գրել է իր թելեգրամյան ալիքում։

«Իմ կարծիքով՝ վերջին շրջանում, թեեւ տեսականորեն, բայց գոյություն ուներ մի վտանգ՝ բանակցային ծուղակ, որում կարող էր հայտնվել մեր երկիրը որոշակի հանգամանքների դեպքում» – գրել է Մեդվեդեւը՝ մանրամասնելով, որ խոսքը «միջազգային հանրության կողմից առաջարկված եւ Կիեւի ռեժիմի կողմից պարտադրված խաղաղության շուրջ վաղ ու անհարկի բանակցությունների» մասին է, որոնց հեռանկարներն ու հետեւանքները պարզ չեն։

«Նեոնացիստների կողմից Կուրսկի մարզում ահաբեկչության իրականացումից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ։ Ոչ մեկի կողմից չլիազորված միջնորդների դատարկախոսությունը չքնաղ աշխարհի թեմայով դադարեցված է։ Հիմա բոլորն ամեն ինչ հասկանում են, նույնիսկ եթե չեն բարձրաձայնում: Նրանք հասկանում են՝ այլեւս ոչ մի բանակցություն մինչեւ թշնամու լիակատար ջախջախումը», – գրել է նա։

 

ԻՍՐԱՅԵԼԱ-ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Լիբանանցի քաղաքագետ եւ լրագրող Մարուան Համադին MTV Lebanon-ին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ պատերազմին, լավագույն դեպքում, մի քանի օր է մնացել:

Համադին նշել է, որ բանակցային գործընթացին ներկա իր բարձրաստիճան աղբյուրները տեղեկացրել են, որ Իսրայելը մի քանի ժամվա, կամ մեկ երկու օրվա ընթացքում պատերազմ կսկսի Լիբանանի դեմ:

 

 

ՀՐԱԴԱԴԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման եւ Իսրայելի միջեւ հրադադարի շուրջ բանակցություններում ստեղծված իրավիճակը. հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։

«Ամերիկյան կողմի խնդրանքով այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ հրադադարի շուրջ բանակցությունների  իրավիճակը եւ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները», – գրել է դիվանագետը X-ի միկրոբլոգում։

 




Լրահոս