ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՆ ԱԿՏԻՎ ԵՎ ԱՊՇԵՑՆՈՂ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում է երկրի քաղաքական կարեւորագույն իրադարձությանը՝ նախագահական ընտրություններին, ինչին «շունչը պահած» սպասում են աշխարհի բոլոր պետություններն ու միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում:

 

Ինչո՞վ են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն այդքան կարեւոր:

Պատասխանն ավելի քան պարզ է. Միացյալ Նահանգները ավելի քան մեկ դար է աշխարհում գոյություն ունեցող գերտերություններից մեկն է, որը որոշիչ ազդեցություն ունի տեղի ունեցող գրեթե բոլոր իրադարձությունների վրա: Հենց ԱՄՆ-ի քաղաքական դիրքորոշումը, նախագահների հայտնած կարծիքներն ու ձեռնարկած գործողությունները, ինչպես նաեւ երկրի արտաքին քաղաքականությունն ու աշխարհի տարբեր կետերում ընթացքող ռազմական գործողություններին ԱՄՆ-ի մասնակցությունը որոշիչ ազդեցություն են ունենում գործընթացների հանգուցալուծման վրա:

Այս համատեքստում կարեւոր է հասկանալ, թե ինչ իրավիճակ է Միացյալ Նահանգներում, ինչ են ցույց տալիս «էքզիթ փոլերը», եւ թե ինչ են մտածում ԱՄՆ-ի քաղաքացիներն այս հարցի շուրջ:

Նախագահական ընտրությունների մեկնարկին թեկնածուները հստակ էին՝ ԱՄՆ-ի գործող նախագահ դեմոկրատ Ջո Բայդենն ու ԱՄՆ-ի նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը, որի նկատմամբ 2021 թվականին իմփիչմենթի գործընթաց էր սկսվել: Սակայն հուլիսի 21-ին Ջո Բայդենը հայտարարեց, որ դուրս է գալիս մրցապայքարից, իսկ ավելի ուշ հայտնեց, որ «Դեմոկրատական կուսակցության» թեկնածուի կարգավիճակում սատարում է իր փոխնախագահ Քամալա Հարրիսին: Օգոստոսի 20-ին պաշտոնապես հայտարարվեց Հարրիսի թեկնածությունը:

Թեկնածուներից ո՞ւմ են նախընտրում ամերիկացիները եւ ինչո՞ւ:

Պետք է նշել, որ մրցակցության մեջ ի սկզբանե Դոնալդ Թրամփը գերազանցում էր Ջո Բայդենին, եւ դա պայմանավորված էր Բայդենի արդյունաբերական ձախողված քաղաքականությամբ եւ արտահանման շուկայում առկա ցնցումներով, ինչը կապվում է նախ փոխնախագահ Քամալա Հարրիսի հետ՝ վտանգելով հաղթանակի նրա հնարավորությունը:

Սակայն նա մի կարեւոր առավելություն ունի՝ ավելի երիտասարդ է քան Թրամփը՝ երիտասարդ ավելի քան 18 տարով:

Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, ապա նրան կարելի է առանձնացնել միգրացիայի ոլորտի քաղաքականությամբ եւ պատերազմական գործողություններին ԱՄՆ-ի մասնակցությամբ: Հայտնի է, որ հենց նրա նախագահության շրջանում կառուցվեց ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ գտնվող պատը եւ սկսվեց ապօրինի միգրացիայի դեմ պայքարի ակտիվ փուլը: Ամերիկացիների հետ զրույցների ընթացքում պարզ է դառնում, որ միգրացիայի ոլորտում ունեցած քաղաքականության հարցում հենց Թրամփն է շահել մարդկանց վստահությունը: Բացի այդ, համեմատության մեջ, ըստ ամերիկացնիների, Թրամփի օրոք ԱՄՆ-ում կյանքն անհամեմատ ավելի ապահով է եղել, ավելի քիչ են եղել հանցագործությունները, փողոցում զենքի կիրառումն ու թմրանյութերի տարածումը:

Անդրադառնալով պատերազմական գործողություններին ԱՄՆ-ի մասնակցությանը՝ պետք է նշել, որ Թրամփի նախագահության շրջանում Միացյալ Նահանգներն ամենապասիվ մասնակցությունն է ունեցել այլ տարածաշրջաններում ընթացող պատերազմներին՝ գործընթացները մեղմելուն եւ կայունություն հաստատելուն միտված քաղաքականությամբ: Հարկ է նշել, որ հենց այս քաղաքականության արդյունքում էլ Իրանի Իսլամական Հանրապետությունը դուրս եկավ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից» (իրանի միջուկային ծրագիր, JCPOA), որի մեկնարկը տրվել էր 2015 թվականին: Մինչդեռ Սիրիայում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի Դաշնության համատեղ ջանքերով հնարավոր եղավ զգալի առաջընթաց ունենալ՝ ի վնաս «Իսլամական պետություն» (ISIS) խմբավորման:

Վերադառնալով ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին՝ նշենք, որ նոյեմբերին կայանալիք ընտրությունների արդյունքները դեռ զարմացնել են տալու աշխարհին: Դեռեւս հուլիսի վերջին Դոնալդ Թրամփը առաջատարի դիրքերում էր, իսկ երեկ հրապարակված «էքզիթ փոլերի» արդյունքներով Թրամփը կհավաքի ընտրողների ձայների 43.8 տոկոսը, իսկ Քամալա Հարրիսը՝ 46.6:

Մնում է սպասել եւ հասկանալ Մերձավոր Արեւելքում, Հավային Կովկասում եւ Ուկրաինայում զարգացող գործընթացներին զուգահեռ ինչ արդյունքներ կգրանցվեն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում եւ ԱՄՆ-ի նոր ղեկավարության գործունեությունը ինչ կփոխի համաշխարհային քաղաքական թատերաբեմում:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ԶՐԿՎԵԼ ԵՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀՀ 7 քաղաքացիներ ապօրինաբար զրկվել են ազատությունից. օրինական շենգեն վիզաների պարագայում նրանց թույլ չեն տալիս մուտք գործել Բուլղարիա եւ պահում են Սոֆիայի օդանավակայանի բանտախցերում՝ անմարդկային պայմաններում՝ զրկելով սննդից, ջրից, նվաստացնում են եւ հարցերն անպատասխան թողնում։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը պատմում է, որ իր հարազատաները նույնպես խնդրի զոհ են դարձել. «Այս ամենը թրաֆիգինգ է հիշեցնում եւ այդ քաղաքացիների կյանքը վտանգի է ենթարկված։ Իմ ահազանգերի արդյունքում վերջապես 8 ժամ հետո նրանց հետ տեսակցել է Բուլղարիայում ՀՀ դեսպանը եւ հիմա ընթանում են բանակցություններ: Խիստ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա հղի Բուլղարիայի կառավարությանը՝ նշված դեպքերի շարունակականությունը կասեցնելու եւ ՀՀ տուժած քաղաքացիների նյութական ու ոչ նյութական՝ բարոյական վնասները փոխհատուցելու համար»:

Մովսես Արիստակեսյանի խոսքով՝ իր հարազատները արդեն 12 ժամ է, ինչ գտնվում են օդանավակային խցում: Նա դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմին, ԱԳՆ, Բուլղարիայում Հայաստանի դեսպանատանը: Նամակ ուղարկելուց 8 ժամ հետո՝ դեսպանատնից նրան պատասխանել են, որ նամակը ուղարկեն անգլերեն կամ ռուսերեն:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է կապ հաստատել ԱԳՆ մամուլի խոսնակի հետ, սակայն մեր զանգերը մնացել են անպատասխան:

 

 

ԻՆՉՈՒ Է ՎԱՏԱՑԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանն արդեն մի քանի օր է՝ Երեւանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին ժամանակահատվածում Սրբազանն իրեն լավ չի զգացել. նա շաքարային դիաբետ ունի, ինչի համար հիվանդանոցում է: Մենք տեղեկացանք, որ ստուգումներ է անցել, բժիշկները հորդորել են գոնե մեկ շաբաթ մնալ իրենց հսկողության տակ:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ այս պահին էլ Բագրատ Սրբազանը հիվանդանոցում է, բայց որոշել է վաղը (խմբ.) անպայման Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու մոտ հանդիպում ունենալ քաղաքացիների հետ:

Մեր տեղեկությունների համաձայն՝ այս պահին Սրբազանն իրեն լավ է զգում:

Հիշեցնենք, որ երեկ (խմբ.) «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել էր Սրբազան հոր օգնականի՝ Լիդյա Մանթաշյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է Սրբազան հոր ինքնազգացողությունը հիմա։

Մեզ հետ զրույցում Բագրատ Սրբազանի օգնականն ասել էր. «Սրբազանը շատ լավ է իրեն զգում, առաջին օրվանից էլ լավ է զգացել իրեն, այնպես չէ, որ վատ է զգացել ու տարել են հիվանդանոց։ Առողջական խնդիրներ է ունեցել, հիմա ամեն բան լավ է։ Հիվանդանոցից դուրս չի գրվել, կաթիլայիններ է ընդունում, դեռ հիվանդանոցում է։ Բժիշկներն են ցանկացել, ասել են՝ 1 շաբաթ մնա իրենց մոտ՝ հասկանալով իր ծանրաբեռնվածությունն ու գրաֆիկը, որպեսզի հետագայում արդեն ակտիվ փուլ մտնելիս հանգիստ լինի»։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջարկած նախարարների կաբինետի բոլոր անդամները չորեքշաբթի ստացել են Իրանի խորհրդարանի վստահության քվեն։

Պեզեշքիանը նախարարների թեկնածուների ցանկը ներկայացրել է Իրանի խորհրդարանին օգոստոսի 11-ին՝ իր երդման արարողությունից գրեթե երկու շաբաթ անց։

Խորհրդարանն առաջարկված նախարարների որակավորումները սկսել է քննարկել շաբաթ օրը, իսկ վերանայման նիստերը շարունակվել են մի քանի օր։

Աբբաս Արաղչին 244 ձայնով դարձել է Իրանի նոր արտգործնախարար։ 192 ձայնով էկոնոմիկայի նախարար է դարձել Աբոլնասեր Հեմմատին։

Հետախուզության նախարարի պաշտոնի թեկնածու Խոջա ալ Իսլամ Խաթիբը ստացել է 261 ձայն։ Այսօրվա նիստի սկզբում Իրանի նոր նախագահը վերահաստատել է իր վարչակազմի եւ խորհրդարանի միջեւ համագործակցության ձգտումը:

 

 

ՌԴ ՏԱՐԱԾՔ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ ՓՈՐՁԸ

Ուկրաինայի ԶՈՒ կողմից ՌԴ տարածք ներխուժելու փորձը չեղարկում է ավազակային խունտայի հետ ցանկացած բանակցությունների հնարավորությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հավելել է, որ Կիեւն արդարացումներ է փնտրում իր ահաբեկչական գործողության համար՝ դրանք ուղեկցելով կասկածելի փաստարկներով։

 

 

ԵԱՏՄ ԴԻՏՈՐԴ ԱՆԴԱՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

Իրանը դիմում է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար: Այս մասին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի ծառայությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետության դիմումը Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու վերաբերյալ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս հարցի շուրջ խորհրդակցությունները տեղի են ունեցել տեսակոնֆերանսի ձեւաչափով՝ ինտեգրման եւ մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազեւի նախագահությամբ։

«Խորհրդակցությունների մասնակիցները նշել են ԵԱՏՄ անդամ պետությունների եւ Իրանի Իսլամական Հանրապետության առեւտրատնտեսական համագործակցության առաջընթաց զարգացումը եւ ողջունել ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու ընթացակարգ նախաձեռնելու՝ երկրի մտադրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

 




Լրահոս