ԻՆՉ Է ՊԱՐԶԵԼ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը:

 

Իրականացված քննչական եւ ապացուցողական մեծածավալ եւ համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից երեքի ինքնությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ա.Մ.-ն, Դ.Պ.-ի, Հ.Ս.-ի եւ քննությամբ դեռեւս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ, 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, դանակով զինված, նախկինում տեղի ունեցած վիճաբանության համար 17-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանից վրեժ լուծելու շարժառիթով, գնացել էր «Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի հարակից տարածք:

Քոլեջի հարեւանությամբ գործող սննդի կետի մոտ տեսնելով վերջինիս՝ Ա.Մ.-ն, հիշյալ անձանց հետ փոխլրացնելով միմյանց գործողությունները, հասարակության նկատմամբ անհարգալից եւ իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, սննդի կետի աշխատակիցների, հարակից բնակելի շենքի բնակիչների եւ նշված հատվածում գտնվող այլ անձանց անդորրը խախտելով, հայհոյելով, հարձակվել էր Ռաֆիկ Հովհաննիսյանի վրա եւ վերջինիս սպանելու նպատակով՝ իր մոտ գտնվող դանակով հարվածներ էր հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի պատճառով երիտասարդն ընկել էր գետնին: Այնուհետեւ Ա.Մ.-ն, Դ.Պ.-ն, Հ.Ս.-ն եւ խմբի կազմում գործող, դեռեւս ինքնությունը չպարզված անձը շարունակել էին ձեռքերով, ոտքերով եւ մահակով հարվածներ հասցնել տուժածի գլխին ու մարմնի տարբեր հատվածներին:

Ստացած բազմաթիվ վնասվածքներից 17-ամյա երիտասարդը, դեպքից կարճ ժամանակ անց՝ ժամը 13:00-ին, բժշկական կենտրոնում մահացել էր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք նաեւ, որ նախաքննության սկզբնական փուլում ձեռք բերված տվյալների, այդ թվում՝ Ա.Մ.-ի տված ցուցմունքների հիման վրա, ծանր հանցագործություն կատարելու համար մեղադրանք էր ներկայացվել այլ անձի, ում նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը:

Քրեական վարույթի հետագա նախաքննության ընթացքում կիրառված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել էր հանցագործության իրական կատարողը. պարզվել էր, որ խուլիգանության դեպքի մասնակից Ա.Մ.-ն, վարույթն իրականացնող մարմնին շփոթեցնելու նպատակով, նախաքննության սկզբնական փուլում տվել էր խեղաթյուրված ցուցմունքներ՝ սպանության կատարումը վերագրելով իր ընկերոջը՝ այդ կերպ փորձելով քրեական պատասխանատվությունից եւ պատժից խուսափել։

Քննությամբ հիմնավորվել էր, որ նշված օրը Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում հենց Ա.Մ.-ն էր իր մոտ պահվող դանակով հարվածներ հասցրել 17-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այնուհետեւ Դ.Պ.-ի հետ գնացել էին վերջինիս տուն եւ հանցագործության գործիք ծալովի դանակը եւ փայտյա մահակը թողել այնտեղ։

Քննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից փոփոխվել է Ա.Մ.-ի եւ Դ.Պ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը եւ նոր քրեական հետապնդում հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 8-րդ կետերով եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով, եւ նրանց նոր մեղադրանք է ներկայացվել։

Նշված երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:

Վերջիններիս մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով հայտարարվել է նախաքննության ավարտ, եւ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Հետախուզման մեջ գտնվող Հ.Ս.-ի եւ դեպքին մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

15-ԱՄՅԱ ՊԱՏԱՆՈՒ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի օգոստոսի 18-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում, որովայնի եւ գլխի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անչափահաս՝ 15-ամյա պատանի:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 6-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրի՝ Բաղրամյան փողոցի շենքերից մեկի դիմային հատվածում, կատարվել է զննություն, որտեղ գտնվող զրուցարանի նստատեղի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։ Հարցաքննվել են դեպքի պահին տվյալ հատվածում գտնվող մի խումբ ականատեսներ, պատանու մարմնական վնասվածքների բնույթը, ստացման մեխանիզմը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարված վարութային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում, Երեւան քաղաքի Սունդուկյան փողոցի 52-ամյա բնակիչը, նախկինում՝ իր որդու եւ վերջինիս հասակակից 15-ամյա պատանու հետ կապված կենցաղային հարցի շուրջ զրուցելու նպատակով, մոտեցել է շենքի բակում հասակակիցների հետ գտնվող 15-ամյա պատանուն, առանձին զրույցի կանչել նրան։ Դրա ընթացքում, ի պատասխան իր հասցեին տղամարդու կողմից հնչեցված հայհոյանքների, պատանին հարվածել է 52-ամյա տղամարդուն, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: Նրանց միջեւ քաշքշուկ եւ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածել է պատանու ձախ քունքային եւ ձախ ենթակողային շրջաններին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք:

Տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2- րդ եւ 6-րդ կետերով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս հասցնելը):

Վերջինիս ձերբակալելու որոշում է կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Օգոստոսի 21-ին՝ գիշերային ծառայության ժամանակ, ՊԾ Արարատի մարզի գումարտակի պարեկները Երեւան-Երասխ ավտոճանապարհի Բաղրամյան բնակավայրի վարչական տարածքում՝ ճանապարհի աջակողմյան հատվածում, նկատել են կայանված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա:

Պարեկները ստուգման նպատակով մոտեցել են նշված ավտոմեքենային եւ պարզել վարորդի ինքնությունը, ապա ավտոմեքենայի հետեւի նստատեղին՝ ակնհայտ տեսանելի վայրում, նկատել են կասկածելի պոլիէթլիենային տոպրակներ՝ թվով 6 հատ:

Պարեկները վարորդին հարցրել են, թե ինչ է տոպրակներում լցված, վարորդը սկսել է տարօրինակ շարժումներ եւ անհասկանալի արտահայտություններ անել, պարեկների կասկածներն ավելի են խորացել, ու հորդորել են վարորդին, որպեսզի բացի տոպրակները: Այնտեղ հայտնաբերվել է խոշոր չափի կանեփանման բույսի դեղնականաչավուն մանրացված, չորացված զանգված:

Տեղում դեպքի մասին պարեկները տեղեկացրել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանած օպերատիվ խումբը պարեկների ուղեկցությամբ վարորդին տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին: Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձեւակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Նախնական տեղեկություններով՝ կասկածյալը Երեւանի բնակիչ 32-ամյա Հայկ Ղ.-ն է: Քննիչի որոշմամբ, վերջինս ձերբակալվել է: Հայտնաբերված թմրամիջոցը կշռում է մոտ 10 կգ:

 

 

ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԴԵՊՔԵՐ

Ըստ ոստիկանության տվյալների՝ օգոստոսի 20-ից 21-ը ՀՀ ՆԳՆ ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության հետեւյալ դեպքերը՝ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 24, մարմնական վնասվածք պատճառելու 17, թմրանյութի հայտնաբերման 11, ֆիզիկական ներգործության 8, խարդախության 5, հոգեկան ներգործության եւ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու 4-ական, խուլիգանության 3, անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքը չարաշահելու, զորակոչից խուսափելու, անձին հետամտելու, ինքնավնասման, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու սառը զենք հայտնաբերելու 2-ական, մարդու առեւանգման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ընդհանուր առմամբ՝ հանցագործության 109 դեպք:

 

 




Լրահոս