ԱՄՖԻԹԱՏՐՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՆՊԱՅՄԱՆ ՏԵՍՆԵԼ Է ՊԵՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի Կոլիզեումը աշխարհի ամենատպավորիչ ու հզոր կառույցներից մեկն է: Ամեն տարի միլիոնավոր մարդիկ մեկնում են Հռոմ հենց այս հրաշքը տեսնելու համար: Ոմանք այն համարում են ուժի եւ հաղթանակի մարմնացում, ոմանք էլ այն կապում են մահվան եւ չարչարանքի հետ:

 

Եվ անկախ տարբեր տեսակետներից այն բոլոր ժամանակներում եղել է ամենաշատ հետաքրքրություն վայելող պատմամշակութային հուշարձաններից մեկը: Սակայն Կոլիզեումը միակը չէ. աշխարհում ավելի քան 200 նման օվալաձեւ ամֆիթատրոններ կան, որոնք հաճախ ավելի քան 50 հազար մարդ են տեղավորել:

 

Առլի ամֆիթատրոն

Ֆրանսիայի հարավային Առլ քաղաքում գտնվող հռոմեական ամֆիթատրոնը կառուցվել է 90 թվականին եւ հյուրընկալել 20 հազար մարդու, որոնք ներկա են գտնվել կառքերի մրցավազքերի եւ արյունալի ձեռնամարտերի: Այստեղ ժամանակին անցկացվել են նաեւ ցլամարտեր, համերգներ եւ թատերական ներկայացումներ:

1981 թվականին Առլի ամֆիթատրոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում քաղաքի այլ հռոմեական եւ միջնադարյան շինությունների հետ՝ որպես Առլ հռոմեական եւ ռոմանական հուշարձանների խմբի մաս։

 

Քասր ալ Ժամմ ամֆիթատրոն

Այն կառուցվել է մ.թ.ա. 232-ից 238 թվականներին Աֆրիկայի պրոկոնսուլ Մարկոս Գորդիանոսի հրամանով Թունիսի Տիսդրե քաղաքում Կոլիզեյի նմանությամբ: Քաղաքն այժմ կոչվում է Ալ Ժամմ:

Ամֆիթատրոնը տեղավորում է 30 հազար մարդ, որը մեծությամբ երկրորդն է՝ Կոլիզեումից հետո: 1979 թվականին ամֆիթատրոնի մնացորդները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Հետաքրքիր է այն փաստը, որ ֆիլմերում Կոլիզեումում ընթացող իրադարձությունները հաճախ նկարահանվել են հենց Մարկոս Գորդիանոսի ամֆիթատրոնում, քանի որ վերջինս շատ ավելի ամբողջական է պահպանվել:

 

Փուլա Արենա

Խորվաթիայում գտնվող հռոմեական ամֆիթատրոնի կառուցման աշխատանքները սկսվել են մ.թ.ա. 27 թվականին եւ ավարտվել 68 թվականին: Այն պահպանված հռոմեական ամֆիթատրոնների շարքում վեց մեծագույններից է: Այսօր ամֆիթատրոնը վերականգնված է եւ ծառայում է մշակութային միջոցառումների իրականացմանը: 1932 թվականին իրականացված վերականգնումից եւ հարմարեցումից հետո այն ունի 7000 նստատեղ եւ կանգնելու համար նախատեսված տարածքները ներառյալ կարող է ընդունել 12.500 մարդու:

Ստորեւ ներկայացնում ենք 10 լավագույն հռոմեական ամֆիթատրոնները, որոնք պետք է անպայման տեսնել:

Կոլիզեում. Հռոմ, Իտալիա

Քասր ալ Ժամմ. Ալ Ժամմ, Թունիս

Նիմի ամֆիթատրոն. Նիմ, Ֆրանսիա

Առլի ամֆիթատրոն. Առլ, Ֆրանսիա

Փուլա ամֆիթատրոն. Խորվաթիա

Ֆլավիան ամֆիթատրոն. Պոցուոլի, Իտալիա

Վերոնայի ամֆիթատրոն. Վերոնա, Իտալիա

Լեփթիս Մագնա. Ուադի Լեբդա, Լիբիա

Կարթագեն. Թունիսի արվարձաններ, Թունիս

Ալեքսանդրիա ամֆիթատրոն. Ալեքսանդրիա, Եգիպտոս

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

«ՆՈՐԱՐԱՐ ՄԻԱՍԻՆ» ՖՐԱՆԿՈՖՈՆ ՃԱՄԲԱՐ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) հետ համատեղ Դիլիջանի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի (Թումո) մասնաճյուղում կազմակերպել է «Նորարար միասին» ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը:

Ճամբարին մասնակցում են 15-17 տարեկան 16 դպրոցականներ Հայաստանից, Բուլղարիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Ռումինիայից, Ալբանիայից, CREFECO-ի նոր անդամ երկրներ հանդիսացող Վրաստանից, ինչպես նաեւ Կոսովոյից եւ Մոլդովայից:

Ճամբարի շրջանակում CREFECO-ի կողմից Դանիայից հրավիրված ՏՏ ոլորտի մասնագետը կանցկացնի 6-օրյա դասընթացներ: Ճամբարի ծրագրում ընդգրկված են բազմաբնույթ ուսուցողական, ինտելեկտուալ, սպորտային միջոցառումներ։

Ճամբարը բացառիկ եւ յուրահատուկ հնարավորություն է պատանիների համար թե՛ ֆրանսերենի խթանման, թե՛ նոր կրթական հնարավորությունների փորձարկման, եւ թե՛ աշխարհի տարբեր երկրներից նոր ընկերների ձեռքբերման համար:

7-օրյա ճամբարը կշարունակվի մինչեւ օգոստոսի 26-ը:

 

 

ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն արդեն 11-րդ անգամ անցկացնում է Համահայկական հայագիտական օլիմպիադան:

Այս տարի օլիմպիադային մասնակցել է 14-18 տարեկան 53 պատանի՝ Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Իսպանիայից եւ Քուվեյթից:

Օլիմպիադայի նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության եւ պատմության իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը եւ ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ:

Օլիմպիադան անցկացվել է երեք թեմատիկ ուղղությամբ՝ հայոց լեզու, գրականություն եւ հայոց պատմություն:

Հարցաշարերը կազմել են մասնագիտական հանձնաժողովները, որոնց կազմը համալրվել է տարբեր բուհերից:

ԿԳՄՍՆ արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանի խոսքով՝ օլիմպիադան այս տարի անցկացվել է այլ ձեւաչափով՝ որպես ստուգատես, այլ ոչ թե մրցույթ, հետեւաբար հաղթողներ չեն առանձնացվել: Մասնակիցներին հարցերի շրջանակ եւս նախապես չի տրվել: «Թեեւ մասնակիցները նախապես չեն ունեցել հարցերի շրջանակը, բայց, ի զարմանս մեզ, արդյունքները սպասվածից լավն էին»,- ասում է Կարեն Մնացականյանը:

Օլիմպիադայի կազմակերպման գործընթացում նոր ձեւաչափ էր նաեւ վիկտորինայի անցկացումը: Թիմերը ձեւավորվել են տարբեր համայնքների մասնակիցներից՝ միմյանց ծանոթացնելու եւ նրանց միջեւ նոր կապեր հաստատելու նպատակով:

Վիկտորինայի յուրաքանչյուր պատասխան մասնագետի կողմից վերլուծվել եւ ներկայացվել է երեխաներին՝ ամրապնդելու գիտելիքը:

 

 

ԺՈԱՈՒ ՖԵԼԻՔՍԸ՝ «ՉԵԼՍԻԻ» ԽԱՂԱՑՈՂ

Պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Լոնդոնյան ակումբը հայտարարել է Մադրիդի «Ատլետիկոյից» 24-ամյա հարձակվողի տեղափոխության մասին։

Պորտուգալացին նախկինում արդեն վարձավճարով հանդես է եկել «Չելսիում» 2022/23 մրցաշրջանի երկրորդ կեսում։

Հաղորդվում էր, որ «Ատլետիկոն» Ֆելիքսի համար կստանա 50 միլիոն եվրո գումարած 5 միլիոն եվրո բոնուսների տեսքով։

Ավելի վաղ «Չելսիից» մադրիդյան ակումբ էր տեղափոխվել կիսապաշտպան,  անգլիացի Ոոնոր Գալահերը՝ 42 միլիոն եվրոյի դիմաց։

 

 

ԿՄՐՑԱԿՑԵՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունում 51 կգ քաշային Սարգիս Հարությունյանը եւ 71 կգ քաշային Սամվել Տերտերյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար: Նրանք հաղթել են ամփոփիչ գոտեմարտերում համապատասխանաբար վրացի եւ չինացի ըմբիշների եւ երեկոյան կփորձեն արդեն նաեւ մեդալներ նվաճել:

Հիշեցնենք, որ Հայաստանը արդեն երկու բրոնզե մեդալ ունի: Երեկոյան բրոնզե մեդալի համար կպայքարի նաեւ Լյովա Շուխյանը, իսկ Մարատ Աճեմյանը կգոտեմարտի ոսկու համար:

 

ՓԼԵՅ ՕՖՖԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլը։ Դիմակայությունները տնային հաղթանակով սկսել են ֆրանսիական «Լիլը», Խորվաթիայի ու Նորվեգիայի չեմպիոնները` Զագրեբի «Դինամոն» ու «Բուդյո Գլիմտը»։

«Լիլն» ընդունել է Պրահայի «Սլավիային» եւ հաղթել 2-0 հաշվով։ Զագրեբի «Դինամոն» սեփական հարկի տակ 3-0 հաշվով առավելության է հասել ադրբեջանական «Կարաբախի» նկատմամբ, իսկ «Բուդյո Գլիմտը»՝ 2-1 հաշվով հաղթել է սերբական «Ցրվենա Զվեզդային»։

Դիմակայությունների պատասխան հանդիպումները կայանալու են օգոստոսի 28-ին։

Այսօր (խմբ.) առաջին հանդիպումները կանցկացնեն նաեւ հետեւյալ զույգերը.

«Միտդյուլան» (Դանիա) – «Սլովան» (Սլովակիա)

«Մալմյո» (Շվեդիա) – «Սպարտա Պրահա» (Չեխիա)

«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) – «Զալցբուրգ» (Ավստրիա)

«Յանգ Բոյս» (Շվեյցարիա) – «Գալաթասարայ» (Թուրքիա)

Բոլոր դիմակայությունների հաղթողները նվաճելու են Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։

 

 

 




Լրահոս