Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը համոզված է, որ հայ մարդը ցանկանում է ոչ թե արդեն պատրաստ, այլ իր ձեռքով կառուցած տան մեջ ապրել: Իսկ աշխարհի ամենամեծ բերկրանքը սեփական տունը կարգի բերելն ու դրա մեջ ապրելն է: Դրանում նա մեկ անգամ ևս համոզվել է, երբ վերջերս այցելել է երիտասարդության մայրաքաղաք հայտարարված Սիսիան: Քաղաքի օրհներգի հեղինակը սխալ է համարում փոքր քաղաքները երկրորդական համարելը.
-Այն տեղը, որտեղ մարդ արարածն ապրում է, հենց մայր քաղաքն է: Եվ պետք է օգնել նրան, որպեսզի զգա իր կյանքի կարևորությունը: Երբ առաջարկեցին գրել օրհներգը, սկսեցի հարմար բանաստեղծություն փնտրել, բայց հետո որոշեցի խոսքերը նույնպես ինքս գրել և, կարծես թե, ստացվել է: Սիսիանը երիտասարդության մայրաքաղաք հռչակելու երեկոյի ժամանակ մարդիկ լսեցին օրհներգը, հաղորդվեցին դրան, ու ես տեսա, որ փոխվեց նրանց ներքին կեցվածքը. զգացին, որ այդ խորհրդանիշի միջոցով իրենց կյանքն ավելի կարևորված է, իրենց սպասելիքներն ավելի ռեալ են: Երեկոյի հաջորդ օրը փողոցում մոտենում էին ինձ մեծ ոգևորությամբ, հարազատի պես, և ես զգացի, որ այսպիսի քայլերի կարիք կա, որպեսզի հեռուն մոտիկ դառնա: Մարդը հիմա նեղացած է, մի քիչ ավելի անպաշտպան է օրենքի առջև, դժվարությունների մեջ է ապրում, և եթե որևէ մեկը չտեսնի այդ խնդիրները, երբեք լուծումներ էլ չի առաջարկի: Իհարկե, այդ ամենը նաև համաշխարհային պրոցեսների արձագանքն ունի իր մեջ:
-Իսկ ուրիշ քաղաքի օրհներգ գրե՞լ եք:
-Վերջերս գրել եմ 1250-ամյակը տոնող գերմանական քաղաքներից մեկի օրհներգը, որը ներկայացվեց հունվարի 26-ին՝ մեծ համերգի ժամանակ: Բառերն, իհարկե, այս դեպքում (ծիծաղում է-Ռ.Թ.) գերմանացի բանաստեղծինն էին: Գերմանացի լրագրողներից մեկն ինձ հարցրեց՝ իսկ ինչո՞ւ եք դուք գրել այդ օրհներգը: Պատասխանեցի՝ դեռ ուրախացեք, որ դա չի արել ուզբեկը: Բայց հետո ավելի լուրջ ասացի՝ եթե դուք անեիք, ես չէի անի, կարող եք ընդունել կամ ոչ. ես հավակնոտ չեմ:
-Ի՞նչ կասեք մեր պետական օրհներգի մասին, որը փոխելու համար ժամանակին մրցույթ էր հայտարարվել:
-Ես չէի ցանկանա խոսել երկրի օրհներգի մասին. այն մեր երկրի խորհրդանիշներից է, որոնց նկատմամբ ակնածանք ենք տածում: Բայց եթե չխոսենք հիվանդության մասին, չենք էլ կարողանա բուժել այն: Մեր օրհներգն իր հիմքում ունի օտարածին մեղեդային դարձվածք, որն, ըստ իս, մանկական երգի կառուցվածքին է հատուկ: Այն, թերևս, ժամանակին օգտագործվել է երաժշտական կրթական համակարգերի մեջ որպես երգային վարժություն:
-Այսինքն՝ պարզունա՞կ է:
-Կարելի է ասել: Պարզ կարող է լինել, բայց ոչ պարզունակ: Այն գեղագիտական որևէ արժեք չունի: Եվ մի ժողովուրդ, որն ունի հզոր քնարերգության և շարականների պատմական շերտեր, իրավունք չունի ուրիշի երաժշտական սուրոգատը վերցնել և դարձնել իր օրհներգը: Միքայել Նալբանդյանի թարգմանած բանաստեղծության մեջ աղջիկը ավստրո-իտալական պատերազմի ժամանակ եղբորն ուղարկում է Գարիբալդիի բանակ՝ ծառայելու, և կոչ է անում պայքարել իր երկրի անկախության համար: Մոտ 20 քառյակ է, որոնցից մեկի մեջ ասվում է՝ թող կորչի Ավստրիան և ծաղկի Իտալիան: Այդ ամենն ի՞նչ կապ ունի Հայաստանի հետ: Մի հատվածում էլ հինգ անգամ խոսվում է մահվան մասին, բայց ինչո՞ւ իմ երկրի օրհներգում պիտի խոսվի մահվան մասին: Պատրաստ եմ ապրել, պայքարել, թեկուզ զոհվել, բայց ոչ մեռնել: Ինչ վերաբերում է երաժշտական նյութին, ապա վերջերս գտնվել է Գլազունովի «Ռայմոնդա»բալետի հատվածներից մեկը, որ դրա ճշգրիտ կրկնությունն է: Հարց է ծագում՝ արդյոք այսօր դրա մասին խոսելու ժամանա՞կն է: Տարիներ առաջ եղած փորձն էլ ցույց տվեց, որ դեռևս պատրաստ չէինք քննարկելու օրհներգի փոփոխության հարցը: Մենք երկփեղկված կյանքով ենք ապրում, շատ նման ենք գրքի, որի ձախ և աջ էջերը միմյանց շարունակությունն են, բայց այդ գիրքը մի ամբողջության մասին է խոսում: Ե՛վ սփյուռքը, ե՛ւ հայրենիքը ապրում են երկփեղկված վիճակի մեջ, ու պատմականորեն, իներցիայով գլորված, մեզ հասած նաև այլ խորհրդանիշներ կան՝ պետական դրոշը, զինանշանը, որոնք փոխելու համար մեզ հարկավոր է միասնականություն, որ մի մասը չսկսի մյուսին փնովել: Առանց այն էլ մեր բոլոր գործերը հենց նրանից են տուժում, որ չենք կարողանում միասնական լինել, կարծես թե չենք սիրում խոսել գաղափարի մասին: Խոսում ենք միմյանց, մյուս շերտի դեմ, բայց ոչ հանուն գաղափարի:
Հարցազրույցը՝ ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ