2023թ. դեկտեմբեր ամսին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում ավարտվել էր ՀՀ քաղաքացի Ռ.Խ.-ի և նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքի օրինականության ուսումնասիրության գործընթացը և ուսումնասիրությամբ հայտնաբերված՝ ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու հայցապահանջ էր ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Փաստաբաններ Գուրգեն Ներսիսյանն ու Արսեն Սարդարյանը, ստանձնելով քաղաքացի Ռ.Խ.-ի և նրա ընտանիքի անդամների ներկայացուցչությունը, դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործի նախնական դատական լսումների փուլում ներկայացրել են ծանրակշիռ իրավական ու փաստական պնդումներ, որոնց հիման վրա դատախազությունը հրաժարվել է հայցից, իսկ 20.08.2024թ. դատարանը կարճել է հակակոռուպցիոն քաղաքացիական գործի վարույթը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ խոսքն Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մասին է:
Հիշեցնենք՝ Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է հունիսի 10-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք բաժանելու փորձի կասկածանքով։ Նրան ձերբակալելու որոշման դեմ բողոք էր ներկայացվել, որն ի սկզբանե մակագրվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ էր հայտնել՝ բավարարելով քննիչի միջնորդությունը, իսկ դատավոր Վահե Ջիվանյանը բարձրացրել էր ընդդատության հարցը՝ բողոքը փոխանցելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանին, սակայն մինչ ձերբակալման իրավաչափության հարցը կքննարկվեր, վարույթ իրականացնող մարմինը շտապել էր մեղադրանք առաջադրել Խլղաթյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել էր։ Դրանից հետո նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը չէր փոփոխվել՝ անկախ պաշտպանական կողմի միջնորդություններից եւ բողոքներից։
Էմմա Մարտիրոսյան