ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրույցի մանրամասներն է հայտնել Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Պուտինը պետական այցով Ադրբեջան այցելելիս ասել էր, որ այցից հետո կապ կհաստատի Հայաստանի վարչապետի հետ և կպատմի Բաքվում բանակցությունների արդյունքների մասին։
«Քննարկումները շարունակվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Բաքու կատարած պետական այցի ժամանակ։
Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործընթացում»,- ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։