Ջրասույզները Սիցիլիայի ափերի մոտ օրերս խորտակված զբոսանավից դուրս են բերել Հաննա Լինչի մարմինը՝ այսպիսով ավարտելով որոնողական աշխատանքները։
BBC-ն գրում է, որ 18-ամյա Հաննա Լինչի մարմնի հայտնաբերումից հետո մարդիկ սկսել են ցավակցություններ հղել նրա և նրա հոր՝ ձեռնարկատեր Մայք Լինչի մահվան կապակցությամբ, որի մարմինը հայտնաբերվել էր օգոստոսի 22-ին։
Անհետ կորած վեց անձանց որոնումները շարունակվում էին օգոստոսի 19-ից։ Ընդհանուր առմամբ, նավաբեկության հետևանքով զոհվել է 7 մարդ. նրանցից մեկի՝ նավի շեֆ-խոհարարի մարմինը գտել էին աղետից մի քանի ժամ անց։
Բրիտանական դրոշի ներքո նավարկող 56 մետր երկարությամբ Bayesian առագաստանավը, որտեղ եղել է 22 մարդ (12 հյուր և անձնակազմի 10 անդամ), օգոստոսի 19-ի առավոտյան ջրասույզ է եղել է Պալերմո քաղաքից ոչ հեռու։ Նավը խորտակվել է մի քանի րոպեի ընթացքում, փոթորկի պատճառով:
59-ամյա Լինչը Միացյալ Թագավորության տեխնոլոգիական ոլորտի ամենահայտնի ձեռներեցներից մեկն էր և ընկերներին հրավիրել էր միանալ իրեն զբոսանավում՝ նշելու իր արդարացումը ԱՄՆ-ում խարդախության գործով խոշոր դատավարության ժամանակ:
Զոհերի թվում են նաև աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ Morgan Stanley International-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոնաթան Բլումերը և նրա կին Ջուդին, Clifford Chance ընկերության փաստաբան Քրիս Մորվիլոն և նրա կին Նեդան։
15 մարդ, այդ թվում՝ 1 տարեկան մի երեխա և Լինչի կինը, կարողացել են փրկվել։