Հայաստանի քաղաքացին, որի ինքնազգացողությունը Արարատ լեռը բարձրանալուց և իջնելուց հետո կտրուկ վատացել էր, Թուրքիայից ուղղաթիռով տեղափոխվել է Հայաստան։
Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ տնօրեն Գոռ Ծառուկյանը տեղեկացրել է. «Մեր գործընկեր Գևորգ Քոլոշյանի սրտացավ աշխատանքի և Արտաքին գործերի նախարարության օպերատիվության շնորհիվ հնարավոր եղավ գրեթե մեկ օրում կազմակերպել Թուրքիայից օդային ճանապարհով ՀՀ քաղաքացու տեղափոխումը Հայաստան։
Արարատ լեռը բարձրանալուց և իջնելուց հետո քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել էր և հայտնվել էր դիաբետիկ կոմայի մեջ։ Դողուբայազեթի հիվանդանոցում թուրք բժիշկներին հաջողվել էր փոքր-ինչ կայունացնել կնոջ վիճակը։ Բժիշկները պնդել էին, որ Հայաստան տեղափոխումը պետք է իրականացվի միայն օդային ճանապարհով։ Ահա այստեղ էլ օգնության հասավ հայկական սանիտարական ուղղաթիռը, և կառավարությունն անվճար կազմակերպեց քաղաքացու տեղափոխումը Հայաստան։
Պետք է նկատել, որ թուրքական կողմը ևս օպերատիվ արձագանքեց և որևէ խնդիր չառաջացրեց օդային միջանցք տրամադրելու հարցում»։
Տեսանյութն՝ այստեղ