«Թալիբան» շարժումը, որի ձեռքում է գտնվում իշխանությունն Աֆղանստանում, վավերացրել է 35 հոդվածից բաղկացած օրենքը պատշաճության նորմերի մասին, որոնք համապատասխանում են իսլամական ավանդույթներին: Այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։
Մասնավորապես, օրենսդրորեն հաստատվել է կնոջ դեմքը թաքցնող հիջաբ կրելու անհրաժեշտությունը։ Հրամանագիրը, որը կանանց պարտավորեցնում է հիջաբ կրել, թալիբները հրապարակել են դեռ 2022 թ. ապրիլին։ Հետագայում հրամանագրի հիման վրա թալիբները մշակեցին դրույթներ, որոնք ներառվել են վավերացված օրենքում։
Այսպես, օրենքը կանանց պատվիրում է փակել դեմքն ու մարմինը, որպեսզի «գայթակղություն չառաջանա», խուսափել հրապարակային ելույթներից, այդ թվում՝ երգելուց, հրապարակային արտասանությունից կամ բարձրախոսով որևէ ելույթից, ինչպես նաև հասարակական վայրերում բարձր խոսակցություններից:
Նաև կանանց արգելվում է նայել տղամարդկանց, որոնց հետ նրանք արյունակցական կամ ամուսնական կապեր չունեն։
Օրենքը տաքսու և հասարակական տրանսպորտի վարորդներին արգելում է չափահաս կանանց տեղափոխել առանց տղամարդ հարազատների ուղեկցության:
Իսկ տղամարդկանց օրենքն արգելում է փողկապ կրել և սահմանափակում է մորուքի երկարությունը։
Օրենքը պարունակում է դրույթներ, որոնց համաձայն լրատվամիջոցները պարտավոր են տեղեկատվություն տարածել միայն շարիաթի օրենքներին համապատասխան։ Թալիբները նաև արգելել են լրատվամիջոցներին «նվաստացնել կամ վիրավորել մուսուլմաններին» և հրապարակել «կենդանի էակների պատկերներ»:
Օրենքի դրույթները խախտելու համար Առաքինության քարոզչության և արատավոր չարիքների կանխարգելման նախարարությունը քաղաքացիների նկատմամբ կարող է նախազգուշացում, տուգանք կամ կալանք կիրառել։