Նորակառույց «Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել են Մոնթե Մելքոնյան փողոցը` պահանջելով թաղամասի մոտ գտնվող ճանապարհներին հետիոտնային անցումներ կառուցել։
Բնակիչների խոսքով՝ թաղամասն արդեն բնակեցվում է, հարակից փողոցներում հետիոտնային անցումներ չկան, իսկ քաղաքապետարանը հստակ չի պատասխանում, թե երբ կլուծի հարցը։
Ակցիա էին անում նաև թաղամասի փոքրիկները` ասֆալտին հետիոտանային անցում նկարելով:
Թաղամասը 3 տարի անընդմեջ դիմումներ է ուղարկել վերջին 3 քաղաքապետերին, որպեսզի երկու խոշոր ճանապարհների միջնամասում կղզիացած թաղամասին հարող հատվածներում անցումներ կառուցեն (վերնանցում, գետնանցում, լուսացույցով կարգավորվող անցում ) և մինչ օրս որևէ տեղաշարժ չկա այս ուղղությամբ։
Ակցիան տեղի կունենա Մելքոնյան փողոցում, բայց պահանջը նաև Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում անցում գծանշելու անհրաժեշտությանն է վերաբերում։
Սեպտեմբերի 1-ը մոտենում է, և թաղամասի երեխաներին առնվազն հրատապ կարգով հետիոտնային անցում է հարկավոր (լուսացույցով կարգավորվող), որպեսզի դպրոց հասնելու իրենց կրթության իրավունքն իրացնելը հնարավոր լինի և չդառնա փորձություն:
Քնար Մանուկյան