«Ես սա որակում եմ քաղաքական հետապնդում՝ սեպտեմբերին սպասվող իրադարձություններից առաջ». Հայկ Ստեփանյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գլխավորած «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանը և մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանն ազատ են արձակվել: Այս մասին ArmLur.am-ին հայտնել են ոստիկանութունից:

ArmLur.am-ի հետ զրույցում մամուլի խոսնակ Հայկ Ստեփանյանն ասաց, որ իրենց ազատ են թողել գիշերը։

Հարցին, թե ի՞նչն էր ձերբակալման պատճառը, ասաց.

«Իրենք էլ չկարողացան բացատրեն, վերջում հիմար պատճառաբանություն գրեցին, թե բա՝ ապօրինի իր պահելու կասկածանքով խուզարկություն»։

Նրա կարծիքով՝ սա հերթական փորձն էր ճնշում գործադրելու, և իրենց մոտ ապօրինի բան չկար։

«Ոչ էլ կասկածի հիմք կար։ Ուղղակի կանգնած զրուցում էի, եկան տարան։ Քաղաքական բռնաճնշումներ են մի խոսքով»։

Վերջում հավելեց՝ «Ես սա որակում եմ քաղաքական հետապնդում սեպտեմբերին սպասվող իրադարձություններից առաջ»։

Ավելի վաղ կուսակցությունը հայտնել էր, որ երեկ ուշ երեկոյան առանց որևէ իրավական հիմնավորման ձերբակալվել են Արարատ Ավետիսյանը և Հայկ Ստեփանյանը։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս