Ռուսական «Կրասնոդարը» բարելավված պայմաններով երեք տարվա պայմանագիր է առաջարկել թիմի ավագ Էդուարդ Սպերցյանին, հայտնում է «РБ Спорт»-ը:
Աղբյուրի տեղեկություններով` «Կրասնոդարը» նոր պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցություններ է վարում 24-ամյա կիսապաշտպանի հետ:
Ավելի վաղ Armenie Football-ը հայտնել էր, որ Սպերցյանը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը ցանկանում է հեռանալ «Կրասնոդարից»: Աղբյուրի տեղեկություններով` հայ ֆուտբոլիստն ակումբի ղեկավարությանը հայտնել է հեռանալու ցանկության մասին:
Սպերցյանը «Կրասնոդարի» գլխավոր թիմում անցկացրել է 116 հանդիպում, դարձել 33 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: