
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի թաղումը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, նրա կալվածքում, Դուշիի համայնքում (Օռլեանի մոտ)։
Արարողությանը մասնակցել են նրա երեք երեխաները եւ մերձավոր ընկերները, գրել է ՏԱՍՍ-ը։ Դերասանը հանգչելու է այն ժամատանը, որը նա կառուցել է ամրոցի տարածքում։ Դեռ կենդանության օրոք նա կարգադրել է իրեն հուղարկավորել նեղ շրջանակով՝ ոչ մի պաշտոնական ու հոգեւոր արարողություն։
Միեւնույն ժամանակ, հուղարկավորության արարողությունից առաջ Դելոնի որդիները՝ Անտոնին եւ Ալեն-Ֆաբիենը, դուրս են եկել ամրոցից, որպեսզի շնորհակալություն հայտնեն դերասանի բազմաթիվ երկրպագուներին, որոնք ծաղիկներ էին բերել կալվածքի ցանկապատի մոտ։ Դելոնի տաղանդի երկրպագուները ի հիշատակ նրա՝ երգել են Paroles…Paroles-ն, որը նա կատարել է ֆրանսիացի երգչուհի եւ դերասանուհի Դալիդայի հետ միասին։
Դելոնին է պատկանում ֆրանսիական կինեմատոգրաֆի բացարձակ ռեկորդը՝ նրա մասնակցությամբ ֆիլմերը դիտել է ընդհանուր առմամբ 135 մլն հանդիսատես։