Այսօր երգիչ, երգահան Հայկոյի ծննդյան օրն է. նա կդառնար 51 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկ Բորիսի Հակոբյան (օգոստոսի 25, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ – սեպտեմբերի 29, 2021, Երևան, Հայաստան), առավել հայտնի Հայկո բեմական կեղծանվամբ, հայ փոփ երգիչ և երգահան։

Հայկ Հակոբյանը սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987 թվականին ավարտել է Երևանի Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։

1996 թվականին «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին։ 1997 թվականին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998 թվականին հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։

1999 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին Հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002 թվականին՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թվականին՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։ 2003 թվականի առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

2006 թվականին Հայաստանի հանրապերության Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում։

2007 թվականին ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007, 2010 և 2011 թվականներին արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։

Հայկոն գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։ 2011 թվականին Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։ 2012 թվականին «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել՝ որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր։

2021 թվականի սեպտեմբերի 21-ին կորոնավիրուսային հիվանդության պատճառով՝ ծանր վիճակում, տեղափոխվել է հիվանդանոց։ Մահացել է սեպտեմբերի 29-ին կորոնավիրուսից՝ թոքերի 80% ախտահարմամբ։




Լրահոս