Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվողը 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանն է։ Նրա ընտանիքի անդամներին (2 աղջկան և թոռնուհուն) նույն օրը, վերջիններիս կամքին հակառակ տեղափոխել են ոստիկանության Զեյթունի բաժին և պահել տեղում մինչև առավոտյան 07։00-ն։ Այս մասին գրում է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Ալբերտ Առուստամյանին, ով երկրորդ կարգի հաշմանդամ է, նույն օրը ևս ձերբակալել են, տեղափոխել ոստիկանության Զեյթունի բաժին, արժանացրել կոպիտ ու արհամարհական վերաբերմունքի, իսկ հաջորդ օրվա առավոտյան տեղափոխել ՁՊՎ։ Նույն օրը վերջինիս բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկել են խուզարկության՝ նույն տեսակի (սորթի) խնձոր գտնելու նպատակով։
Ականատեսները (փողոցի երեխաները) պատմում են, որ Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել և անմիջապես պառկել են գետնին»,- գրել է նա:
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ արտառոց դեպք է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
Նիկոլ Փաշինյանն այցելել էր այդ համայնքում գտնվող իր հարազատներից մեկի տուն՝ Ռուբինյանց 2 հասցեում, և այցի ժամանակ, ըստ բնակիչներից մեկի, շենքի մեկ այլ բնակիչ բարձրահարկ շենքի պատուհաններից մեկից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հավանաբար խնձոր էր նետել:
Քաղաքացին այսպիսով թերևս իր դժգոհությունն էր արտահայտել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:
ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնվել էին կադրեր, թե ինչպես են իրավապահները Ռուբինյանց 2 հասցեում գտնվող շենքում որոնողական գործողություններ կատարում՝ պարզելու թե ո՞վ է վարչապետի ուղղությամբ իր նետած քաղաքացին, կոնկրետ ի՞նչ է նետել եւ արդյո՞ք դա հենց Փաշինյանի ուղղությամբ է եղել, թե համընկում է եղել: