Քառյակի կայացմանը խանգարող հանգամանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրաշալի քառյակը», այնուամենայնիվ, չի ուզում հրաշալի տեսք ստանալ. ԲՀԿ-ի նախաձեռնած՝ միավորվելու գործընթացը կարծես թե այդքան էլ արդյունավետ չէ։ Վստահություն չկա, նաև կան խանգարող հանգամանքներ, որոնցից մեկի անունն է Ռոբերտ Քոչարյան։

Ընդդիմության որոշ ներկայացուցիչների մոտ կասկած կա, որ ԲՀԿ-ն հենց Ռոբերտ Քոչարյանն է, և այդ կասկածը կարելի է հիմնավոր համարել։ Օրինակ` այդ մասին արտահայտվել է «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը։

Նրա մտահոգությունը չի կիսել Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նշել է, որ ԲՀԿ-ի հետևում Քոչարյանին չի տեսնում, և որ ինքը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հետ։ Իսկ հաշվի առնելով «Ժառանգության» առաջնորդի հանդիպումների «փակ» և չլուսաբանվող բնույթը՝ ճիշտ չի լինի ուղղակի վստահել Րաֆֆի Հովհաննիսյանի այս խոսքերին, մանավանդ որ չգիտենք, թե իրականում ինչ են խոսել նա և Ծառուկյանը։

Համենայն դեպս, չեմ կարծում, թե խոսակցությունն արդյունավետ է եղել, քանի որ «Ժառանգության» հանրահավաքին քառյակի մյուս երեք կողմերը չմասնակցեցին, և կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը 168.am-ին տված հարցազրույցում խոստովանեց, որ քառյակը, այնուամենայնիվ, կայացած չէ, այն չկա, կան միայն խոսակցություններ այն ձևավորելու մասին։ Ավելին, Սաֆարյանը, փաստորեն. կասկածի տակ դրեց Վահան Բաբայանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունն այն մասին, որ բարիկադներից, ցնցումներից և անիմաստ թշնամանքից խուսափել չի լինի։ Բանն այն է, որ այդ հայտարարությունը Վահան Բաբայանինն է, այլ ոչ թե Գագիկ Ծառուկյանինը, և այստեղ Ստյոպա Սաֆարյանը ճիշտ է նկատել, որ նման խոսքերի հանդեպ վստահություն առաջացնելու համար առնվազն Գագիկ Ծառուկյանը պետք է հայտարարի մարդկանց փողոց հանելու մասին։ Իսկ Ծառուկյանը լռում է։

Փաստորեն, երկրորդ խանգարող հանգամանքն էլ հենց Գագիկ Ծառուկյանի գործոնն է, օլիգարխ, որը մանևրում է իշխանության և ընդդիմության միջև՝ ժամանակ առ ժամանակ փոխելով իր դիրքորոշումը և սլաքները։ Ներկա պահին այդ սլաքն ուղղված է վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ, ինչը և հանդիսանում է երրորդ խանգարող հագմամանքը, քանի որ ծագում է տրամաբանական հարց՝ իսկ ինչո՞ւ միայն վարչապետի հրաժարականը, այլ ոչ` նաև նախագահի։

Անվստահության այս մթնոլորտում, երբ նույնիսկ քառյակը չի կարողանում միավորվել, արտախորհրդարանական քաղաքական ուժերի՝ քառյակին միանալու մասին մտածելը նույնիսկ անիմաստ է դառնում, հատկապես որ «Հայազն» կուսակցության ներկայացուցիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենց կուսակցությունը չի միանալու քառյակին։

Չի միանալու նաև Պարույր Հայրիկյանը, քանի որ վերջինիս կարծիքով` նրանք բոլորը Ռուսաստանի ստրուկներ են, և, առհասարակ, բացի իրենից` բոլորն էլ ռուսական «ԿԳԲ»-ի գործակալներն են։

Իսկ կրկին ասապարեզում հայտնված Տիգրան Կարապետյանն ընդհանրապես չի ըմբռնում այս պայքարի իմաստը՝ ինչու փոխել վարչապետին, այլ ոչ նախագահին։ Ահա այսպիսի գործոններն էլ իշխանությանը կարող են հիմք տալ՝ չվախենալու ներկայիս ընդդիմությունից։

Կարեն Վարդանյան




Լրահոս