2023թ. հունվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված «զինվորական կացարանում» հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրյալ, N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանը կալանքից ազատվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գուրգեն Ներսիսյանը:
«23.08.2024թ. դատարանը (նախագահությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի) որոշեց փոխել Գոռ Աղեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով և նրան կալանքից ազատեց հենց դատարանի դահլիճից:
Թեև դեռ կա երկարատև համբերատար աշխատանքի անհրաժեշտություն, այդուհանդերձ այս գործով պաշտպանության կողմը ունի բավարար ապացույցներ և համոզված է, որ դատավարության արդյունքում վերջնականապես հիմնավորվելու է Գոռ Աղեկյանի անմեղությունը:
2023թ. հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետությունը ցնցած այս դեպքի շուրջ դատաքննությունն ընթանում է հանրային ուշադրության ներքո, պարբերաբար հնչում են ամենատարբեր տեքստեր ու ենթատեքստեր պարունակող հայտարարություններ, գնահատականներ, այդուհանդերձ գործը նախագահող դատավոր Վարդան Հարությունյանին հաջողվում է բարձր պատասխանատվությամբ արդարադատություն իրականացնել՝ չնայած այս գործով նախադեպը չունեցող հոգեբանական ու էմոցիոնալ ծանրաբեռնվածությանը, դատավարության ողջ ընթացքում զգայուն ու նուրբ հարցերի շուրջ հաճախակի պոռթկումնալից իրավիճակներին»,- նշված է փաստաբանական գրասենյակի հայտարարության մեջ: