ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնագնացները դարձել են վթարների պատճառ. ի՞նչ է արվում պատասխանատվության ենթարկելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն բազմաթիվ ահազանգեր են ստացվում, որ փողոցներում էլեկտրական ինքնագնացներով երթևեկող անձինք՝ հատկապես անչափահաս երեխաներ, հաճախ են դուրս գալիս երթևեկող մեքենաների առաջ՝ ստեղծելով վթարային իրավիճակ, սակայն ավելի սարսափելին այն է, որ առավել հաճախ էլ մարդկանց են վնասում։

Դեռ 2022 թվականի օգոստոսի 13-ին ոստիկանությունն էլեկտրական ինքնագնացների՝ սկուտերների վերաբերյալ նախագիծ էր ներկայացրել, ըստ որի՝ պետք է կարգավորվեր բոլոր էլեկտրական ինքնագնացների օգտագործումը։

Ըստ ներկայացված ծրագրի՝ առաջարկվում էր արգելել դրանց շահագործումը բնակավայրից դուրս ճանապարհներին, ինքնագնացներով 7-14 տարեկանների երթևեկությունը թույլատրել միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայութայն կամ դրանցով երթևեկության անհնարինության դեպքում՝ հեծանվային և հեծանվահետիոտնային արահետներով, իսկ մինչև 7 տարեկաններինը՝ բացառապես մայթերով և հետիոտնային արահետներով, արգելել էլեկտրական շարժիչ (շարժիչներ) ունեցող ինքնագնացների օգտագործումը 14 տարին չլրացած անձանց կողմից, արգելել դրանց շահագործումը 20կմ/ժ առավելագույն արագությունից բարձր արագությամբ, իսկ հետիոտների հետ համատեղ երթևեկության ժամանակ՝ 10 կմ/ժ արագությամբ, սահմանել վարչական պատասխանատվություն նախագծով առաջարկվող կանոները խախտելու համար, վարչական պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահել ՀՀ ոստիկանությանը։

ArmLur.am-ը ՀՀ ՆԳՆ գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու՝ ի՞նչ է այս ամենի համար նախաձեռնվում։

ՀՀ ՆԳՆ-ից ArmLur.am-ին պատասխանել են, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։

ՆԳՆ-ից մեզ նաև հայտնել են, որ․

1․ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով լրացվող «Անհատական շարժունակության միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները» վերտառությամբ հոդվածի 7-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ արգելվում է անհատական շարժունակության միջոցների օգտագործումը բնակավայրից դուրս ճանապարհներին։

  1. Հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով սահմանվում է, որ արգելվում է անհատական շարժունակության միջոցը 18 տարին չլրացած անձանց օգտագործման հանձնելը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի, որի պարագայում անհատական շարժունակության միջոցը սահմանված վայրում վարելու նկատմամբ հսկողության պարտականությունը կրում է անհատական շարժունակության միջոցը հանձնողը։
  2. Հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ անհատական շարժունակության միջոցի արագությունը չպետք է գերազանցի 20 կմ/ժ-ը, իսկ հետիոտների և անհատական շարժունակության միջոցների համատեղ երթևեկության ժամանակ հետիոտները բոլոր դեպքերում ունեն առավելություն.
  3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է վարչական պատասխանատվություն անհատական շարժունակության միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու դեպքում։

Ստացվում է այնպես, որ շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերը կան, սակայն բարձիթողի վիճակում է ամեն բան գտնվում, քանի որ ինչպես արդեն նշել ենք՝ անչափահաս անձինք ստեղծում են անհարմար իրավիճակներ և երբեմն էլ այդ իրավիճակներից տուժում են շատ հետիոտներ, սակայն պարզ չէ՝ կա՞ն այդ առթիվ պատասխանատվության ենթարկվածներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս