Իսրայելն անխուսափելիորեն պատասխան կստանա Իրանից Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր իտալացի պաշտոնակից Անտոնիո Տայանիի հետ կայացած հեռախոսազրույցում։
«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը Թեհրանում սիոնիստական վարչակարգի ահաբեկչական գործողությանը կլինի անխուսափելի, ճշգրիտ և հաշվարկված…. Ի տարբերություն սիոնիստական վարչակարգի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում լարվածության սրման, թեև չի էլ վախենում դրանից», – մեջբերված է Արաղչիի խոսքն Իրանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Տայանին իր հերթին բոլոր կողմերին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն և մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում աճող անկայունության առնչությամբ։
Հուլիսի 31-ին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն սպանվել է Թեհրանում Իրանի նախագահի երդմնակալության արարողությունից հետո իր տանը հասցված հարվածից։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում հայտարարել են, որ Հանիյեն զոհվել է մոտ 7 կգ զանգվածի մարտագլխիկով փոքր հեռահարության արկի պայթյունից։ Իրանը և ՀԱՄԱՍ-ը նրա սպանության մեջ մեղադրել են Իսրայելին, որը ո՛չ, հերքել, ո՛չ հաստատել է իր առնչությունը դրան: