ՀՀ-ն հնարավորություն է ունեցել այս պահի դրությամբ հայրենադարձելու շուրջ 210 գերիների, պաշտոնապես 23-ը դեռևս պահվում են Բաքվում․ իրավապաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցը միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է։

-Տիկի՛ն Սահակյան, ի՞նչ փուլում են Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցով ընթացող դատական գործընթացները, ի՞նչ տեղեկություններ ունեք, ե՞րբ են սկսվելու դատական նիստերը։

-Մեր ունեցած վերջին տեղեկությունն այն է, որ գործի նախաքննությունն ավարտված է, ամբաստանյալները և նրանց փաստաբանները հնարավորություն ունեն ծանոթանալու գործի նյութին, գործն ուղարկված է դատարան, բայց պաշտոնական որևէ տեղեկություն չկա՝ երբ կսկսվի դատաքննությունը։ Մենք կարող ենք որոշակի կանխատեսումներ անել, պետք է նկատի ունենաք, որ Ադրբեջանը պատրաստվում է հյուրընկալել բարձր մակարդակի միջոցառում՝ ԿՈՊ 29, չենք կարող ասել, թե նախապատրաստական աշխատանքների ֆոնին որքանով է նպատակահարմար քաղաքական զգայնություն ունեցող դատավարությունների մեկնարկը, դրա համար շատ հավանական չեմ համարում, որ դատավարությունն անցկացվի սեպտեմբերին կամ հոկտեմբերին։ Առավելապես հավանական եմ համարում, որ ԿՈՊ 29 միջոցառման ավարտից հետո Ադրբեջանն իր ուշադրությունը կսևեռի այս հարցի վրա։

-Խոսքը բացառապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցով ընթացող դատական գործերի մասի՞ն է։

-Այո՛, քանի որ մյուս անձանց մասով դատավարություններն ավարտված են, կան նշանակված պատժատեսակներ։ Միակ խումբը, որոնց մասով գործընթացներն ավարտված չեն, դա Արցախի բարձրաստիճան ղեկավարությունն է, ինչպես նաև 2023թ-ի հարձակման հետևանքով գերեվարված այլ անձինք։

-Տիկի՛ն Սահակյան, տեղեկություն կա նաև, որ արցախցի նախկին պաշտոնյաների առողջական վիճակը կտրուկ վատացել է, Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք։

-Մենք միջնորդավորված նման ահազանգեր ստանում ենք։ Ընդ որում՝ ստացված տեղեկությունը համահունչ է հայրենադարձված գերիների կողմից հայտնած տեղեկություններին։ Դրա համար մենք հետևության ենք գալիս, որ վատ վերաբերմունքը հայերի հանդեպ վարչական պրակտիկայի մաս է, և այն ունի ընդհանրական բնույթ։ Պետք է հաշվի առնենք նաև այն գործոնը, որ Ադրբեջանը սեփական քաղաքացիների առումով էլ չի ապահովում խոշտանգումներից ու վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը։ Անգամ ունեցանք խոշտանգումների հարցով զբաղվող Եվրոպայի խորհրդի շրջանակում գործող մարմնի կողմից ահազանգ, ու նրանք հաստատեցին, որ Ադրբեջանը կառուցողական չի համագործակցում խոշտանգումերի կանխարգելման համար պատասխանատու կառույցների հետ։ Հասկանալի է նաև, որ վերջնական դրսևորումների մասին կարող ենք հետևություն անել, երբ նշված անձինք հայրենադարձությունից հետո իրենց իրավիճակի մասին տեղեկություն տան։

Մենք մինչ օրս մեկ հրապարակային դեպք ունենք, դա Ռուբեն Վարդանյանի դեպքն է, երբ ընտանիքը և իրավաբանական թիմը նաև կոնկրետացրել են, թե վատ վերաբերմունքի ինչպիսի դրսևորումների է ենթարկվել Ռուբեն Վարդանյանը։

-Իսկ Հայաստանն ի՞նչ աշխատանք է կատարում հայ ռազմագերիների վերադարձի մասով, ի՞նչ փուլում են բանակցությունները։

-Տեղեկատվությունը, կարծում եմ, շատ ինտենսիվորեն չի տարածվում նաև օբյեկտիվ պատճառներով, նախ՝ տևական ժամանակ է, ինչ նոր հայրենադարձում չունենք։ Վերջին հայրենադարձումը կատարվել է 2023թ-ի դեկտեմբերին, դրանից հետո Ադրբեջանը հրաժարվել է նոր անձինք վերադարձնել։ Սա չի նշանակում, որ ոչինչ չի արվում, իրավական գործընթացներն իրենց հունով գնում են։

Իրավական գործընթացների շրջանակում հայցի ապահովում էր կիրառվել, սրա արդյունքում Ադրբեջանը եռամսյա կտրվածքով տեղեկություն էր տրամադրում դատարանին այնտեղ պահվող հայերի գտնվելու վայրի և առողջական վիճակի վերաբերյալ։ Արցախցի նախկին 8 պաշտոնյաների գործերը ներկայացվել են ՄԻԵԴ՝ միջպետական գանգատի շրջանակում, դրա համար նրանց վիճակի մասին տեղեկությունը ներկայացվում է կառավարությանը, վերջինս էլ վերաբերելի մասով տեղեկացնում է նրանց հարազատներին։
Աշխատանքներ են տարվում նաև ՄԱԿ-ի համակարգում, մենք առավել ակտիվ ենք հենց ՄԱԿ-ի մեխանիզմների շրջանակներում, դիմումներ են ներկայացվել Կամայական ազատությունից զրկելու աշխատանքային խմբին, Խոշտանգումների հարցերով զբաղվող հատուկ զեկուցողին, առաջիկայում Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում հատուկ միջոցառում կանցկացվի, որը վերաբերելու է Բաքվում պահվող հայերի հիմնախնդրին։ Նշեմ նաև, որ միջոցառման ընթացքում որպես համազեկուցող հանդես են գալու նաև հայ իրավապաշտպաններ, ես ինքս իմ մասնակցությունն ունենալու եմ։ Պետությունն այս առումով նաև դիվանագիտական և քաղաքական աշխատանք կատարելու պատասխանատվություն ունի, պարզապես դժվար է հստակ հետևություններ անել՝ հաշվի առնելով բանակցային գործընթացի ոչ թափանցիկ լինելը, բայց եթե ըստ արդյունքի փորձենք հետևություն անել, կարող ենք արձանագրել, որ այս պահի դրությամբ ՀՀ-ն հնարավորություն է ունեցել հայրենադարձելու շուրջ 210 գերիների, պաշտոնապես 23-ը դեռևս պահվում են։

Ցավալի են, որ պահվողների մեջ են նաև անձինք, որոնք գերեվարվել են դեռ 2023թ-ին, ինչը նշանակում է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը խախտվել է, և Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը։

Իմ գնահատմամբ՝ այս հարցը չի կարող լուծում ստանալ միայն ՀՀ-ի ջանքերով, քանի որ աշխարհաքաղաքական գործոններ կան, իսկ Ադրբեջանն այս պահին ավելի ուժեղ դիրքերից է հանդես գալիս։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս