Ադրբեջանը սկսել է Արցախի «Մե՛նք ենք, մեր սարերը» հուշարձանը յուրացնելու գործընթաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ադրբեջանական Culture of Azerbaijan կայքը տարածեց հայտարարություն Արցախի «Մե՛նք ենք, մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հայտնի հուշարձանի մասին՝ նշելով, որ այն կառուցվել է Ադրբեջանի Խանքենդի քաղաքում 1967 թվականին և որ այն «Ադրբեջանի բազմամշակութային և ազգային-կրոնական հանդուրժողականության բազմաթիվ օրինակներից մեկն է»: Այս մասին հոդված է հրապարակել Monument Watch-ը:

«Հանրահայտ է, որ հուշարձանը հայկական Արցախի ժամանակակից խորհրդանիշներից մեկն է և որ այն ստեղծվել է որպես նշան և խորհուրդ երկրամասի հայ ինքնության: Ավանդական կեցվածքով և արտաքինով տարեց ամուսնական զույգը հավաստումն էր արցախահայերի պատմական անցյալի և ապագա հույսերի: Հույսեր, որ այսօր ի դերև են դարձել Ադրբեջանի հայասպան քաղաքականության արդյունքում: Հատուկ Հայաստանից բերված կարմիր տուֆից կերտված կոթողի քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, իսկ ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։ Քանդակագործն իր աշխատանքը բնութագրել է հետևյալ կերպ․ «Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։ Կոթողը պատվանդան չունի, բայց կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ»:

Արցախի ամբողջական օկուպացիայից հետո պաշտոնական ադրբեջանական կողմը երկար ժամանակ գրեթե չէր անդրադառնում այս հուշարձանին: Հուշարձանին, որն Արցախի հայության ամենավառ ու հանրահայտ խորհրդանշանն էր, չէին անդրադառնում և «չէին նկատում» օկուպացված Ստեփանակերտ այցելող ադրբեջանցի լրագրողները, մեդիագործիչները: Միայն որոշ լրատվականներում հնչեցվում էին կարծիքներ, որ այն պետք է քանդել:

2023 թվականին վերջին եղան հատուկենտ հրապարակումներ, որտեղ նշվում էր, որ հուշարձանը հայերը «հայկականացրել են». ադրբեջանական կողմը փորձում էր տարածել այն թեզը, որ դեմ են ոչ թե հուշարձանին, այլ դրա «գաղափարական ազգայնական մեկնաբանությանը»:

Վերջերս հատուկ այս հուշարձանին անդրադարձավ օկուպացված Ստեփանակերտը լուսաբանող Քյամրան Ռազմովարը, որի հիմնական շեշտադրումն այն էր, որ հուշարձանը կանգնեցվել է խորհրդային տարիներին, երբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի մաս էր, ինչը ըստ նրա նշանակում է, որ հուշարձանը կանգնեցվել է խորհրդային Ադրբեջանի բյուջեից հատկացված գումարներով, ինչը նշանակում է, որ այն ադրբեջանական է:

Այս շեշտադրումները կարևոր են նրանով, որ ադրբեջանական կողմը պրոիշխանական իր քարոզչի միջոցով սկսել է հուշարձանը յուրացնելու գործընթաց, որտեղ երևում են հուշարձանին վերաբերով թեզերը՝ այն կառուցված է Բաքվի գումարներով, այն ադրբեջանական է և այն ցուցում է հայերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների հանդուրժողականությունը խորհրդային տարիներին:

Հուշարձանի հանդեպ Ադրբեջանի վարած քաղաքականությունը ժառանգության յուրացման փորձ է, երբ ոչ միայն կտրվում է հայկական պատկանելությունից, այլև Ադրբեջանի համար ստեղծում բազմամշակութային և հանդուրժող երկրի կերպար։ Այսպիսի քաղաքականությամբ Ադրբեջանը խախտում է ՄԱԿ-ի՝ 2005 թ. Փարիզում ընդունած «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիան»,-մասնավորապես գրված է հոդվածում:




Լրահոս