ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնին նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 19-ին, սակայն մինչ այդ նա 2015-ից 2018 թվականներին եղել է հրավիրյալ դասախոս Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, միեւնույն ժամանակ նույն թվականներին եղել է ընտրական ծրագրերի համակարգող Transparency International հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունում: Գրիգորյանը անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 31-ին, որից տեղեկանում ենք, որ նա 2020 թվականին գնման եղանակով Արաբկիր վարչական շրջանում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում, ինչը հաշվետու տարվա վերջում պահպանվել է: Անվտանգության խորհրդի քարտուղարը, որպես տրանսպորտային միջոց, հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է 2005 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա, ինչը տարվա ընթացքում վաճառել է 7 մլն 350 հազար դրամով: Գրիգորյանը հաշվետու տարվա վերջում հայտարարագրել է 2020 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 11 մլն 500 հազար դրամով: Նրա բանկային հաշիվների մնացորդը հաշվետու տարվա սկզբում կազմել է 908 հազար դրամ, ինչը տարվա վերջում ավելացել է` դառնալով 978 հազար դրամ: Գրիգորյանի` ստացված վարկի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 մլն 209 հազար դրամ, որը բնակարանի ձեռքբերման հիփոթեքի գումարն է, իսկ փոխառության մնացորդի չափը նույն ժամանակաշրջանում կազմել է 4 մլն 204 հազար դրամ:
Հաշվետու տարում վարկի մարմանը ԱԽՔ քարտուղարն ուղղել է 6 մլն 775 հազար դրամ:
Արմեն Գրիգորյանի` հաշվետու տարվա եկամուտը կազմել է 32 մլն 816 հազար դրամ, որից 22 մլն 859 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացած գումարն է, 5 մլն 456 հազար դրամը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացած գումարը, եւ 4 մլն 500 հազար դրամը «Ամերիաբանկ»- ի կողմից ստացած փոխառության (վարկ) գումարն է եղել:
Հարկ է նշել, որ ՀՀ ներկայիս անվտանգության խորհրդի քարտուղարի կենսագրությունից նկատում ենք, որ նա, մինչեւ պաշտոնը զբաղեցնելը, բացի դասախոսի եւ ՀԿ-ի ծրագրերի համակարգող լինելուց՝ որեւէ այլ պաշտոն չի զբաղեցրել եւ կարիերայի «պիկին» հասել է 2021 թվականին։
2020 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման, որից հետո` 2 տարի անց, Փիլոյանը կալանավորվեց։ Հակակոռուպցիոն դատարանում Փիլոյանի դեմ հարուցված քրեական գործը վերջնական փուլում է. կողմերը պաշտպանական ճառով են հանդես գալիս, ու առաջիկայում դատարանը կգնա որոշում կայացնելու։ Ինչ ճակատագիր է սպասվում Նիկոլ Փաշինյանի կաբինետում նշանակված, հերոսի կոչման արժանացած Անդրանիկ Փիլոյանին՝ դժվար է ասել: Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաեւ ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու եւ այլ չարաշահումների համար:
Մասնավորապես, ըստ քրեական գործի՝ նախաքննությամբ պարզվել է, որ նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու եւ ծառայության գծով հովանավորչության, այն է՝ հիշյալ ընկերության տնօրենի կողմից նախարարության հարեւանությամբ բազմաբնակարան շենք կառուցելու համար անհրաժեշտ թույլտվություններ ձեռք բերելու հարցում համապատասխան պաշտոնատար անձանց բարեխոսելու, ինչպես նաեւ նույնպիսի ծառայություններ մատուցող այլ տնտեսվարողի համար խոչընդոտներ ստեղծելու համար՝ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022 թվականին ստացել է խոշոր չափերով` 1000000 ՀՀ դրամ կաշառք:
Ներկայացվող ցանկը (Տե՛ս լուսանկարները Armlur.am կայքում) լավագույնս նկարագրում է պետության՝ դեպի որեւէ տեսանելի տեղ չշարժվող բարձրագույն մարմնի դերը եւ կշիռը հեղափոխականների օրոք։ Այսպես՝ թափուր է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը (դրա համար ով պատահի՝ լուսանկարում է նախագահին տարբեր հանգուցյալների աճյունի ֆոնին)։ Թափուր են արտաքին կապերի եւ արարողակարգի բաժինների պետերի պաշտոնները։ Թափուր են պարգեւների եւ կոչումների, ներքին աուդիտի եւ այլ բաժինների ղեկավարների պաշտոնները։ Հարցը, ըստ մեզ, ունի երկու հիմնական հավանական պատասխան` կամ «չքայլած» նախագահի համար անընդունելի են Նիկոլ Փաշինյանի հրամցրած կադրերը, եւ նրանք չեն հրամանագրվում, կամ նախագահն ինքը, չունենալով որեւէ զբաղմունք, չի կարողանում հայտնաբերել անձանց, որոնք կհամաձայնեն աշխատել «ոչինչ չանողների հիմնարկում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» տնօրինությունը այդպես էլ օր չտրամադրեց հանդիպում-միջոցառում կազմակերպելու համար։ Մեր տեղեկությունների համաձայն՝ շարժման առաջնորդները մերժման նամակ են ստացել մարզահամերգային համալիրի տնօրինությունից, այն պատճառաբանությամբ, որ ազատ օր չկա։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դիմել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանին, որպեսզի հասկանա՝ ինչն է մերժման պատճառը, սակայն նրան մեկնաբանել են, որ դա մերժում չէ, եւ հնչեցված պատասխանը պայմանավորված է ազատ օրի բացակայությամբ։ Այնուհետեւ Գառնիկ Դանիելյանը փորձել է հանդիպում կազմակերպել տնօրենի հետ. վերջինս համաձայնել է հանդիպել, սակայն, երբ Դանիելյանը զանգահարել է նրան, տնօրենը չեղարկել է հանդիպումը։ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ՝ տեղեկությունը ճշտելու նպատակով: Վերջինս հաստատեց այն՝ ասելով, որ զանգահարել է Կարեն Ղազարյանին, նա պատասխանել է, որ քաղաքում չի գտնվում եւ չի կարող հանդիպել։ Այսինքն՝ ՀՀ իշխանությունները տնօրեն Կարեն Ղազարյանի միջոցով ցանկանում են խոչընդոտ առաջացնել շարժման առաջնորդների եւ աջակիցների համար։