«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ իշխանության ներկայացուցիչները քաղաքական հրահանգ են իջեցրել դատական համակարգ, որ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին ազատազրկեն. նրանք այդ ճանապարհով փորձում են Հրայր Թովմասյանին հեռացնել ՍԴ-ից:
Կալանքի տանելու համար իշխանությունները պատրաստ են ցանկացած օրենք խախտելու, որպեսզի հասնեն իրենց նպատակին:
Այս հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հրայր Թովմասյանի փաստաբան Արսեն Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին փորձում են ամեն գնով ազատազրկել եւ հեռացնել պաշտոնից:
-Այո՛, իշանությունները վերջնական նպատակ ունեն Հրայր Թովմասյանին թե՛ ազատազրկելու, թե՛ պաշտոնից զրկելու. ամեն կերպ փորձում են վնասել նրան:
-Իսկ հիմքեր ունե՞ն՝ նման գործողությունների գնալու:
-Ո՛չ, հակառակ դեպքում այդքան չէինք շեշտի, որ սա քաղաքական հետապնդում է:
Ավելի վաղ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում այս առիթով գրառում էր կատարել. «Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին դատավորի պաշտոնից հեռացնելու բոլոր հիմքերն առկա են:
Հրայր Թովմասյանի գործով ընդամենը 20 րոպե տեւած դատական նիստին, այնուհետեւ՝ պաշտպան Արամ Օրբելյանի ասուլիսին հետեւելուց հետո՝ ինձ համար միանշանակ է, որ առերեւույթ առկա են դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը։ Փաստորեն, հուլիսի 25-ին Տաթեւիկ Գրիգորյանը, Նորայր Փանոսյանի՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով դատարան չներկայանալու պատճառով քրեական գործը բաժանել է՝ չունենալով դրա լիազորությունը։
Դատաքննության փուլում գործը կարող է բաժանվել մի դեպքում, երբ, ամբաստանյալներից մեկի տեւական հիվանդության կամ փախուստի մեջ գտնվելու պատճառով, նա չի մասնակցում դատական նիստերին, որի պատճառով խախտվում է մյուս ամբաստանյալի կամ ամբաստանյալների՝ ողջամիտ ժամկետում գործի քննության ժամկետները։ Փանոսյանը փախուստի մեջ չի գտնվում, իսկ նիստից բացակայելու հիմքում ընկած հանգամանքները ժամեր անց վերացել են։ Փանոսյանի մասով դատավորը միանշանակ արդեն իսկ խախտել է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը:
Այնուհետեւ քմծիծաղով ու ռեպլիկներով է արձագանքել դատական նիստը մինչեւ հաջորդ օրը հետաձգելու՝ Օրբելյանի միջնորդությանը՝ չտալով անգամ մեկ օր ժամանակ, որպեսզի պաշտպանական կողմը պարզի, թե ինչ միջնորդություններ են ներկայացված, որոնց պետք է միանա եւ որոնք պետք է ներկայացնի։ Դրանից հետո էլ Հրայր Թովմասյանին ապօրինի կերպով հեռացրել է դատական նիստից, այն էլ՝ 10 ժամով՝ դատախազին «ամենագետ» անվանելու եւ իր ձեռքին պահած քրիստոնեական խորհրդանշով թեւնոցը չթաքցնելու համար։ Սրանով դատավորը նպատակ է հետապնդում ավարտել այս գործի քննությունը՝ առանց Թովմասյանին ավարտական ճառ ասելու հնարավորություն տալու։ Անձը կարող է հեռացվել դատական նիստից, երբ վերջինս խաթարում է դատարանի բնականոն գործունեությունը եւ այն հնարավոր չէ վերականգնել։ Հրայր Թովմասյանին հեռացնելու պահին անգամ նիստ անցկացվել չէր կարող։ Դատավորը հանրային պաշտպան է ներգրավել օրենքի կոպիտ խախտմամբ. դատավորի հղումը ՍԴ որոշմանը բացարձակ վերաբերելի չէ այս դեպքին։ Հրայր Թովմասյանը չի ծանուցվել օգոստոս 8-ի ու 15-ի նիստերի մասին, եւ դրանով իսկ խախտվել է Հրայր Թովմասյանի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը։
Այս դատավորի գրասենյակի թափթփվածության արդյունքում Արամ Օրբելյանին նիստերի մասին ծանուցումը ուղարկվել է Շարուրի փողոցի ինչ-որ հասցեով: Պարզվում է, որ Օրբելյանը ոչ միայն այդ հասցեում հաշվառված չէ, չի բնակվում, գործունեություն չի իրականացնում, այլեւ անգամ չգիտի, թե ֆիզիկապես քաղաքի որ հատվածում է գտնվում այդ հասցեն։ Զավեշտը դրանով չի ավարտվում։ Պարզվում է՝ Շարուրի փողոցի հասցեով է ուղարկել նաեւ նախորդ դատական նիստերի ձայնագրությունների կրիչները, փաստորեն, ինչ-որ մեկը, դրա իրավունքը չունենալով, դրանք ստացել է. իսկ դատավորն էլ իրենից գոհ դեմքով պնդում էր, որ Օրբելյանը նախորդ բոլոր նիստերի մասին պատշաճ ծանուցված է եղել եւ ձայնագրություններն էլ ստացել է։
Զավեշտը սրանով էլ չի ավարտվում։ Դատավորը հպարտ դեմքով հայտարարում է, որ Արամ Օրբելյանին տուգանելը օրինական է եղել, քանի որ «տեսեք՝ Օրբելյանը անգամ չի բողոքարկել իրեն տուգանելու որոշումը»։ Այս դեպքում էլ պարզվում է, որ այս որոշումը եւս Շերամի փողոցի դեռ չպարզված մարդն է ստացել. դե, եթե տվյալ անձը չի բողոքարկել, ուրեմն Արամը համաձայն է։ Ու դատավորը, փոխարենը ներողություն խնդրելու՝ իր ու իր գրասենյակի թափթփված աշխատանքի, անպատասխանատու պահվածքի համար, որով խախտել է դատավարության մասնակիցների մի շարք իրավունքներ, հայտարարում է, որ կրիչները ՎԵՐՍՏԻՆ կտրամադրվեն։ Զավեշտը սրանով էլ չի ավարտվում։ Այսօրվա (խմբ.) նիստում, երբ արդեն վերջինս ավարտված էր, հաջորդ նիստը՝ նշանակված, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նախօրոք պատրաստած մի «շպարգալկա» հանեց ու սկսեց կարդալ, որից տպավորություն ստեղծվեց, որ դատավորը ներմուծել է մի նոր դատավարական ինստիտուտ, այն է՝ ինքնապաշտպանական ճառ. եթե չիմանայի, որ դատավորը այդ տեքստը կարդում է իր կողմից նախագահվող նիստում, վստահորեն կպնդեի, որ նա այն կարդում է ԲԴԽ-ում իրեն աշխատանքից ազատելու հարցով հրավիրված նիստին։
Դասականը կասեր՝ մի շտապիր, կհասցնես։ Այս ամբողջից կարելի է վստահ հետեւություն անել, որ Տաթեւիկ Գրիգորյանը ոչ միայն «դաբրո» ունի՝ նման կերպ վարվելու, այլեւ միգուցե եւ հրահանգ։ Հնարավոր է, որ Կարեն Անդրեասյանի օրոք Տաթեւիկը պատասխանատվության չենթարկվի, բայց անդրեասյանները հավերժ չեն, նախորդ իշխանության օրոք էլ բազմաթիվ դատավորներ են եղել, որ Տաթեւիկի պես էին մտածում»:
Զրուցեց ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը նիստի ընթացքում օգտագործել է «ամենագետ» բառը, որը դատախազը գնահատել է որպես վիրավորական։ Այս մասին երեկ՝ օգոստոսի 22-ին՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Օրբելյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու է Հրայր Թովմասյանը երեկ հեռացվել նիստերի դահլիճից։
«Դատարանը նկատողություն է արել։ Հրայր Թովմասյանի ձեռքին եղել է Երուսաղեմից բերված քարաշար, որի վրա կա խաչ, դատարնն ասել է, որ դնի գրպանը։ Թովմասյանը փորձել է հասկանալ՝ ո՞ր իրավասության իրացման հետ է կապված տվյալ պահանջը։ Ասել է. «Վաղն էլ որ ասեք՝ մազերը կարմիր ներկեք, դա՞ էլ է օրինական պահանջ»։ Դատավորը նշել է, թե իրեն հավասար խոսում է, ու հեռացրել է դահլիճից։ Հեռացնելու պատճառը պաշտպան ներգրավելն է եղել. հանրային պաշտպանը ներկայացել է երկու նիստի։ Ես ընդհանրապես ծանուցված չեմ եղել, որովհետեւ ծանուցումներ են ուղարկվել ինչ-որ անհասկանալի հասցեներով, ինչ-որ մեկը ստորագրել է։ Էլ. փոստիս ծանուցումներ եմ ստացել արձակուրդի ժամանակ, սակայն չեմ ստուգել», – պատմեց Արամ Օրբելյանը։ Նրա խոսքով՝ դատախազը ենթադրում է, որ կա պաշտպանական թիմի մարտավարություն՝ ձգձգել դատական նիստերը։
Պաշտպանը, սակայն, վստահեցնում է՝ հետաձգելու միջնորդություն ներկայացնելու պատճառն այն է եղել, որ արձակուրդում է գտնվել եւ առաջարկել է արձակուրդից հետո ամեն օր նիստի ներկայանալ։ Արամ Օրբելյանի խոսքով՝ դատարանը դեռեւս գարնանն էր տեղյակ այն մասին, որ ինքը երեք շաբաթով արձակուրդում է գտնվելու, սակայն դա հաշվի չառնելով՝ առանձնացրել էր դատական գործերը։ Վերջինս միջնորդություն է ներկայացրել նիստը հետաձգելու համար, սակայն «նախագահողի կողմից ռեպլիկների է արժանացել»։
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Օգոստոսի 21-ի երեկոյան Բաքվում ձերբակալվել է երիտասարդ քաղաքագետ Բահրուզ Սամեդովը։ Նրա տատիկը՝ Զիբեյդա Օսմանովան Turan-ին պատմել է, որ 16։00-ի սահմաններում Սամեդովը տանից դուրս է եկել՝ ընկերոջ հետ հանդիպելու։
«Կես ժամից 5-6 հոգի եկան մեր տուն՝ ներկայանալով որպես պետական անվտանգության ծառայության աշխատակիցներ, ասելով, որ Բահրուզի դեմ բողոք կա, նա թմրանյութերի հետ է կապված։ Նրանք խուզարկեցին տունը եւ տարան Բահրուզի համակարգիչը, նրա անձնագիրը, արտասահմանյան համալսարանների երկու դիպլոմները եւ անգլերեն գիրք, որում կար նաեւ Բահրուզի հոդվածը: Նրանք թմրանյութեր չհայտնաբերեցին»,- պատմել է կինը։
Ավելի ուշ Վաֆա անունով փաստաբանը զանգահարել է եւ ասել, որ Սամեդովը կասկածվում է «դավաճանության» մեջ, իբր, բացահայտվել է նրա նամակագրությունը հայերի հետ, եւ որ հոդվածներ է գրել Հայաստանի պատվերով։
Սամեդովը հայտնի է արեւմտյան լրատվամիջոցներում եւ վերլուծական պարբերականներում Ադրբեջանի իշխանությունների մասին քննադատական հոդվածներ եւ մեկնաբանություններ հրապարակելով։
ԵՎՐՈՊԱՅԻ ԿԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ
Քամալա Հարրիսը պաշտոնապես ընդունել է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը Դեմոկրատների ազգային համագումարի ժամանակ, եւ նոյեմբերի ընտրություններում հաջողության պարագայում՝ նա կդառնա պատմության մեջ ԱՄՆ առաջին կին նախագահը, գրել է Euronews-ը։ Կին առաջնորդները դեռեւս փոքրամասնություն են նաեւ ամբողջ Եվրոպա մայրցամաքում: 50 երկրից միայն 15-ն ունի կին վարչապետ կամ պետության ղեկավար՝ չհաշված միապետները:
ԵՄ-ում նրանց թիվը միայն յոթն է, թեեւ դաշինքի գլխավոր պաշտոններից երեքը կանայք են՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան եւ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը: Պետության ղեկին կանգնած կանանցից շատերն ունեն իրավագիտական կամ իրավաբանական մասնագիտություն: Եվրոպայի միայն 15 երկիր մինչ այժմ երբեք չի ունեցել ընտրված կին առաջնորդ՝ որպես վարչապետ կամ պետության ղեկավար։ Դրանք են Ալբանիան, Անդորրան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Կիպրոսը, Չեխիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Մոնակոն, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Ռուսաստանը, Իսպանիան եւ Վատիկանը։ Դրանցից չորսը (Կիպրոսը, Չեխիան, Նիդեռլանդները եւ Իսպանիան) ԵՄ երկրներ են:
Ըստ ներկայացված տվյալների՝ Հայաստանում խորհրդարանի 36.5 %-ն են կանայք, Ադրբեջանում՝ 18.1%-ը, Վրաստանում՝ 19.3%-ը, Թուրքիայում՝ 19.9-%-ը։