Հայտնի է, որ վերջին տարիներին Հայ Առաքելական եկեղեցու եւ հատկապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջեւ հարաբերությունները սրված են:
Դեռեւս 2018 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի թիմի իշխանության գալուց հետո, սկսվեցին Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ վատ վերաբերմունքի տարբեր դրսեւորումներ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չէին տալիս ելումուտ անել Մայր Աթոռ, տարածում էին տարբեր տեսակի բացասական խոսակցություններ, վարկաբեկում հայ հոգեւորականնությանն ու Հայ Առաքելական եկեղեցու անունը:
Ավելի ուշ անջրպետն էլ ավելի խորացավ եւ Հայաստանի իշխանավորները դադարեցին մասնակից լինել Սուրբ Ծննդյան պատարագներին, սկսեցին ապրիլի 24-ի առավոտյան առանձին այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հակառակ տասնամյակներով ձեւավորված ավանդույթին, առ այն, որ Հայ Առաքելական եկեղեցու եւ իշխանության ներկայացուցիչները միասին են ծաղիկներ խոնարհել անմար կրակի շուրջ:
2023 թվականի դեկտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ ամանորյա գիշերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը եթեր չի հեռարձակվի գիշերը 12:00-ին եւ փոխարենը այն եթերում կլինի երեկոյան լուրերի թողարկումից անմիջապես հետո: Թե ինչու էին հայրենի իշխանությունները պատվիրել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելույթը տարանջատել երկրի առաջին դեմքի ելույթից, ավելի քան պարզ է:
Կաթողիկոսի եւ հոգեւորականության շուրջ ասեկոսեները չեն դադարում հատկապես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեկնարկից հետո: Շատերն առաջին անգամ էին լսում հոգեւորականների, նրանց կյանքի ու կենցաղի, հոգեւորականին դիմելու ձեւերի մասին, նույնիսկ չէին տարբերակում կուսակրոն հոգեւորականին քահանայից եւ չէին պատկերացնում, թե ինչպես է գործում հոգեւոր այս մեծագույն կառույցը:
Օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ վերոնշյալ շարժման առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Կարճ ժամանակ անց իշխանական լրատվամիջոցները, հերթական անգամ, սկսեցին շահարկել հոգեւորականության հետ առնչվող տեղեկատվությունը՝ Հայ Առաքելական եկեղեցում իբրեւ գոյություն ունեցող «սեպերը» վերհանելու նպատակով:
Հաջորդ օրը՝ օգոստոսի 21-ին, լրանում էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 73 ամյակը, եւ իշխանական լրատվամիջոցները սկսեցին գրել, իբրեւ թե Բագրատ սրբազանը տեղափոխվել է հիվանդանոց՝ խուսափելով շնորհավորել կաթողիկոսի ծննդյան տարեդարձը, քանի որ, հակառակ «Սրբազան պայքարին» Վեհափառի աջակցությանը, Տավուշի թեմի առաջնորդի եւ Կաթողիկոսի միջեւ հարաբերությունները լարված են:
«Ամբիցիոզ Բագրատ Գալստանյանը աչք ունի նաեւ կաթողիկոսի աթոռի վրա եւ դրա մասին քաջ հայտնի է Գարեգին Բ-ին», – գրված էր լրատվամիջոցներից մեկի հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ն իր աղբյուրներից տեղեկացել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկուշաբթի օրն այցի է գնացել «Իզմիրլյան» ԲԿ՝ տեսակցելու Բագրատ սրբազանին, իսկ արդեն օգոստոսի 21-ին Բագրատ սրբազանն ինքն է զանգահարել Կաթողիկոսին եւ շնորհավորել տարեդարձի առթիվ:
Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Սրբազանը:
Իշխանականներն իրենց հերթին չեն էլ «հիշել», որ օգոստոսի 21-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան օրն էր: Անգամ որեւէ պաշտոնական հաղորդագրություն չտարածվեց՝ գոնե ֆորմալ կերպով կարգը պահելու համար:
ՄԵՐԺՈՒՄ
Գորիսի ավագանին արտահերթ նիստում քննարկել եւ մերժել է պրոբացիայի ծառայության գրությունը, որով պետք է դադարեցվեին համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի լիազորությունները:
Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետ Անդրեյ Գրիգորյանը օգոստոսի 16-ին Գորիս համայնքի ավագանուն է ուղարկել Առուշանյանի վերաբերյալ նույն մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի մարտի 28-ին կայացրած դատավճիռը՝ դրա կատարումն ապահովելու նպատակով։
Առուշ Առուշանյանը դեռ 2022-ի մարտի 28-ին դատարանի վճռով մի դրվագով մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, բացի այդ Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ կիրառվել էր տուգանքը եւ 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավարի պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։
Վճիռը բողոքարկվել է վերադաս ատյաններում, սակայն անարդյունք, իսկ այս տարվա հուլիսի 24-ին այն մտել է ուժի մեջ:
Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Նորայր Շողիկյանը լրատվամիջոցներին փոխանցել է, որ Առուշանյանը հրավիրվել է նախարարության պրոբացիայի ծառայություն, վերցվել հաշվառման, նրան ներկայացրել են դատական ակտ, ըստ որի՝ նա տուգանվել է 700 հազար դրամով, պետք է անցնի 1.5 տարի փորձաշրջան, ինչպես նաեւ 5 տարի չի կարող զբաղեցնել համայնքային պաշտոններ։
Ավագանին, սակայն, արտահերթ նիստում արձանագրել է, որ Առուշանյանի պաշտոնավարումը դադարեցնելու լիազորություն չունի:
ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Փոխհրաձգությունը Լիբանանի հարավային սահմանին չորեքշաբթի հասել է աննախադեպ մակարդակի, Իսրայելն ընդլայնել է իր թիրախների ցուցակը՝ դրանում ներառելով պաղեստինցի պաշտոնյաներին, սպանելով ՖԱԹՀ պաղեստինյան շարժման բարձրաստիճան ղեկավարին։
Լիբանանյան «Հըզբալլահ» շարժումն իր հերթին հայտնել է, որ կառավարվող հրթիռ է արձակել իսրայելական տանկի դեմ Աբասիա քաղաքում։
Արաբական ԶԼՄ-ն նշել է, որ սա երկրորդ ուղիղ առճակատումն է իսրայելական բանակի եւ «Հըզբալլահի» միջեւ մարտական գործողություններն սկսվելու պահից։
Նախորդ 10 ամիսներին գործողությունները սահմանափակվել են հրթիռային եւ հրետանային գնդակոծություններով, օդային հարձակումներով։ Երեքշաբթի երեկոյան Բեքաաում իսրայելական անօդաչուն կառավարող հրթիռ է արձակել մեքենայի վրա՝ սպանելով լիբանանցի վարորդին։
Իսրայելի կողմից Վազանի քաղաքի հրետակոծութան հետեւանքով զոհվել է մի երիտասարդ սիրիացի։ Իսրայելական ինքնաթիռները հարվածել են երկհարկանի տանը Դայրա սահմանամերձ քաղաքում, ինչի հետեւանքով զոհվել է երեք մարդ։ Մոտոցիկլավարը հրաշքով է փրկվել իսրայելական անօդաչուի արձակած հրթիռից Շեհաբիա քաղաքում։
Իսրայելական անօդաչուն ցերեկը հարվածել է մեքենային Սիդոն քաղաքում, սպանվել է ՖԱԹՀ-ի պաշտոնաթող սպա Հալիլ Ալ-Մակդան։ Նա ՖԱԹՀ-ի լիբանանյան զինված թեւի՝ «Ալ-Աքսայի նահատակների բրիգադների» ղեկավար Մունիր Ալ-Մակդայի եղբայրն էր։
ՔԵՆԵԴԻ ԿՐՏՍԵՐԸ ԿԼՔԻ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԸ
ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը ծրագրում է մինչեւ այս շաբաթվա վերջ դուրս գալ նախագահական մրցապայքարից, հայտնել է ABC News-ը՝ վկայակոչելով որոշմանը ծանոթ աղբյուրները։
Աղբյուրները պարզաբանել են, որ Քենեդին մտադիր է աջակցել հանրապետական նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին, սակայն երբ ABC News-ի թղթակիցը ուղղակիորեն հարցրել է՝ արդյոք նա կաջակցի նախկին նախագահին, Քենեդին պատասխանել է. «Ես դա ոչ կհաստատեմ, ոչ էլ՝ կհերքեմ: Ոչ մի նման բանի մասին խոսք չկա»։
Աղբյուրները նախազգուշացրել են, որ որոշումը դեռեւս վերջնական չէ եւ դեռ կարող է փոխվել, իսկ մի աղբյուր էլ հավելել է, որ Քենեդին հուսով է, որ ամեն ինչ արագ կջնջի, որպեսզի կոտրի «Դեմոկրատական կուսակցության» ազգային համագումարի տեմպերը:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
Հայաստանի անվտանգային հարցերի հետ Նիկոլ Փաշինյանը չունի ոչ մի ընդհանուր հայտարար:
Երեկ՝ դատական նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Հայաստանին վերաբերող հարցերն ամբողջ աշխարհն է քննարկում առանց Հայաստանի ներկայացուցիչների։ Վատ է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Բաքվի հետ է քննարկում հարցերը, բայց այդ վիճակին հասցրել է Հայաստանը։
Հայ-ռուսական հարաբերություններն այնքան փչացած են, այլեւս անդառնալի, որ երկու կողմի պաշտոնյաները կարող են իրենց հաշիվ չտալ, թե որտեղ ինչ են խոսում»,- նշեց նա։
ՊՈՒՏԻՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է հրավիրել՝ երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակին առնչվող հարցերի շուրջ:
«Ձեզ հավաքել եմ՝ քննարկելու Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը»,-նշել է Պուտինը հանդիպման թեման։
Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 6-ին զանգվածային հարձակում են գործել Կուրսկի շրջանի վրա։ Այդ ընթացքում Պուտինը մի քանի անգամ խորհրդակցություններ է անցկացրել՝ Կուրսկի եւ սահմանամերձ այլ շրջաններում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ՌԴ ՊՆ-ի առջեւ խնդիր է դրված ՝«դուրս բերել, տապալել թշնամուն մեր տարածքներից» եւ սահմանային ծառայության հետ միասին ապահովել պետական սահմանի հուսալիությունը: