Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.03.2022 թվականի թիվ ՍԴ/0043/01/21 դատավճռով դատապարտվել է /2003 թ. ընդունված/ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ որպես պատիժ է նշանակվել տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով եւ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 տարի 3 ամիս ժամկետով։
Վերոնշյալը հայտնում են արդարադատության նախարարությունից։
Հանցանքների համակցությամբ՝ նշանակված պատիժները լրիվ գումարվել են եւ Առուշ Առուշանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 6 ամիս 18 օր ժամկետով, տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով։
Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով Առուշ Առուշանյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան` 1 տարի 6 ամիս ժամկետով:
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր դատարանի 28.03.2022 թ. թիվ ՍԴ/0043/01/21 դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 24.07.2024 թ., որը պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմին է մուտքագրվել 14.08.2024 թ.։
Շահառու Առուշ Առուշանյանին 15.08.2024 թ. ուղարկվել է ծանուցագիր՝ Ծառայության Սյունիքի մարզային մարմին ներկայանալու վերաբերյալ։
Առուշ Առուշանյանը 19.08.2024թ. ներկայացել է պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմին եւ սահմանված կարգով հաշվառվել, նրան գրավոր պարզաբանվել են իր իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ չկատարելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը:
Առուշ Առուշանյանը 19.08.2024թ. Ծառայության Սյունիքի մարզային մարմին է ներկայացրել թիվ ՍԴ/0043/01/21 դատական ակտով նշանակված 700.000 ՀՀ դրամ տուգանքի վճարումը փաստող անդորրագիրը, որով փաստացի ի կատար է ածվել վերջինիս տուգանք պատժատեսակը։
Շահառու Առուշ Առուշանյանը, դատական ակտով զրկված լինելով որպես պատիժ նշանակված տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից, եւ տեղեկացված լինելով պատժի պահանջը չկատարելու դեպքում՝ օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկվելու մասին, շարունակում է զբաղեցնել Սյունիքի մարզի Գորիս համայնքի համայնքապետի պաշտոնը:
Ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել է պատժից խուսափելու մասին արձանագրություն (ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ «դատապարտյալի կողմից որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումից խուսափելու դեպքում Պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն եւ միջնորդություն է ներկայացնում դատարան՝ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ») եւ միջնորդություն է ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաեւ ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու եւ պատիժը կրելու ուղարկելու վերաբերյալ:
ՊԱՏՃԱՌՎԵԼ Է ՇՈՒՐՋ 2,5 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավար Լ. Ա.-ի ապօրինի գործողությունների, այդ թվում՝ յուրացման եղանակով հափշտակություն կատարելու հետեւանքով համայնքապետարանին պատճառվել է ընդհանուր շուրջ 2,5 միլիոն ՀՀ դրամի վնաս:
Մասնավորապես՝ պարզվել է, որ վարձավճարի դիմաց բնակիչներին ոռոգման ջուր տրամադրելու նպատակով Լ. Ա.-ն իր միջոցների հաշվին կառուցել է խորքային հոր, որի էլեկտրաէներգիայի բաժանորդը 2009 թվականից հանդիսացել է համայնքապետարանը: Լ. Ա.-ն, պարտավորություն ունենալով յուրաքանչյուր ոռոգման սեզոնի ընթացքում խորքային հորի համար օգտագործված էլեկտրաէներգիայի գումարը վճարել բնակիչներից հավաքագրված միջոցներից, համայնքի ղեկավարի վստահությունը չարաշահելու եղանակով՝ չի կատարել օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց 1.422.658 ՀՀ դրամ գումարը պատշաճ վճարելու իր պարտավորությունները: Այսինքն՝ 2010-2016 թվականներին իր փոխարեն հիշյալ վճարումները կատարվել են համայնքապետարանի միջոցներից, որի հետեւանքով գույքի այլ տիրապետողին՝ համայնքապետարանին, պատճառվել է խոշոր չափերով՝ 1.422.658 ՀՀ դրամի վնաս:
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2018 թվականից 2021 թվականն ընկած ժամանակահատվածում Լ. Ա.- ն, կրկին զբաղեցնելով նույն համայնքի ղեկավարի պաշտոնը, անտեսել է օրենքով սահմանված՝ համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու եւ դրանց նպատակային օգտագործումն ապահովելու օրենսդրական պահանջը եւ 2019-2021 թվականների ընթացքում հիշյալ խորքային հորի համար օգտագործած ընդհանուր 1.711.805 դրամի էլեկտրաէներգիայի գումարից իր կողմից վճարել է միայն 674.000 ՀՀ դրամը: Մնացած՝ 1.037.805 ՀՀ դրամը հաշվարկվել եւ վճարվել է վերոհիշյալ ժամանակահատվածում համայնքապետարանին հատկացված եւ Լ. Ա.-ին վստահված միջոցներից: Այդ կերպ վերջինս, օգտագործելով պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է նշված գումարը:
Համայնքապետարանին խոշոր չափերի վնաս պատճառելու եւ յուրացման եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար Լ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով եւ 179- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:
ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հիմնավորվել է մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված 53 կգ. տարբեր տեսակի թմրամիջոցներից առանձնապես խոշոր չափերով «Մարիոխուանա» տեսակի թմրամիջոցի՝ իրացման նպատակով ապօրինի շրջանառության փորձի դրվագը:
Քննիչների եւ ԱԱԾ աշխատակիցների համատեղ իրականացված համակարգված միջոցառումների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք մանրամասներ, այդ թվում՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, հանցավոր շղթայում ներգրավված անձանցից եւս երկուսի ինքնությունը, որոնցից մեկը ԻԻՀ քաղաքացի է, մյուսը՝ Երեւան քաղաքի 23-ամյա բնակիչ:
Քննությամբ հիմնավորվել է, որ ԻԻՀ քաղաքացին, շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, նախնական համաձայնություն է ձեռք բերել ի թիվս այլոց՝ նաեւ տելեգրամյան էջի օգտատիրոջ եւ քննությամբ դեռեւս չպարզված այլ անձանց հետ։ Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նա ապահովել է ՀՀ պետական սահմանով մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա» եւ այլ տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխումը ՀՀ տարածք:
Այնուհետեւ ԻԻՀ քաղաքացին Հայաստանում բնակվող իր ծանոթին հայտնել է իր հանցավոր մտադրության մասին՝ շահագրգռելով վերջինիս:
Ավելի քան 1 կգ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը նրա հանձնարարությամբ հիշյալ ծանոթը տեղադրել է թաքստոցում եւ տեղադրման վայրի լուսանկարները ուղարկել ԻԻՀ քաղաքացուն:
Վերջինս իր հերթին ստացված լուսանկարներն ուղարկել է խմբի կազմում ընգրկված անձանց, այդ թվում՝ տելեգրամյան մի էջի օգտատիրոջ, ով իր հերթին դրանք ուղարկել է Երեւան քաղաքի 23-ամյա բնակչին: Վերջինս սակայն ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երեւան քաղաքի 23-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց՝ վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
23-ամյա երիտասարդի մասով նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: