ԽԹԱՆ՝ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանից եւ Արցախից ավելի քան 100 երեխաներ Սեւանում չորս օր շարունակ մասնակցում են  «Համերաշխության աշխարհ» խորագրով ճամբարին։ Այն իրականացնում է Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ հումանիտար հիմնադրամը՝ Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի (ծԼԼՀԽ) աջակցությամբ։

 

Մանկական ճամբարի բացմանը մասնակցել է ՌԴ Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի (ծԼԼՀԽ) միջազգային գիտական փոխանակման ծրագրերի ղեկավար Սերգեյ Բազավլուկը։ ծԼԼՀԽ-ի աջակցության շնորհիվ Հայաստանից եւ Արցախից 100 երեխաներ հնարավորություն ունեցան հանգստանալ Սեւանա լճի գեղատեսիլ ափին, մասնակցել առաջնորդական որակների եւ հաղորդակցման հմտությունների զարգացմանն ուղղված ստեղծագործական եւ սպորտային միջոցառումների, ինչպես նաեւ բարելավեցին ռուսաց լեզվի գիտելիքները։

«Ճամբարը կոչվում է «Համերաշխության աշխարհ», քանի որ համերաշխության վրա հիմնված աշխարհը միշտ կլինի արդար, բարի եւ հրաշալի: Ճամբարային ծրագիրն այնպես է նախատեսված, որ այստեղ մասնակիցները զբաղվում են սպորտով, զարգացնում են ստեղծագործական ունակությունները։ Բայց ամենակարեւորն այն է, որ մասնակիցներից յուրաքանչյուրը գտնի իր ընկերոջն այստեղ», -իր ողջույնի խոսքում ասել է Բազավլյուկը։

Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի կցորդ Դմիտրի Ռիկովը շնորհակալություն է հայտնել ծրագրի կազմակերպիչներին։ «Այն կազմակերպությունները, որոնք ուշադրություն են դարձնում երիտասարդների հետ աշխատելուն եւ ռուսաց լեզվի հանրահռչակմանը, շատ կարեւոր, պատասխանատու աշխատանք են կատարում։ Ի վերջո, ռուսաց լեզուն, ինչպես ցանկացած օտար լեզու, զարգացնում է մեր մտածողությունը, օգնում է մեզ հասկանալ ուրիշներին, ավելի լավ հասկանալ աշխարհը: Բացի այդ, ռուսաց լեզուն, որպես ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկը, լուրջ առավելություններ է տալիս նրանց, ովքեր տիրապետում են լեզվին։ Հին հույն փիլիսոփա Դիոգենեսն ասում էր, որ ցանկացած պետության հիմքը երիտասարդության կրթությունն է, եւ, դատելով այն ամենից, ինչ մենք այսօր տեսել ենք եւ նորից կտեսնենք, ապա Հայաստանին իսկապես պայծառ ու լուսավոր ապագա է սպասվում»,-նշել է նա։

Ճամբարի բացման արարողությանը մասնակցել են նաեւ «Տուր ուժ. Տուր հույս. Տուր լույս», «Նոր գույներ» եւ «Դիզակ արտ» երիտասարդական մշակութային կենտրոնների մասնակիցները։

Ծրագրի վերաբերյալ իրենց գոհունակությունն են հայտնել Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմինե Ղուկասյանը եւ Արենիի քաղաքապետարանի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Ասատրյանը։

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶԸ

ՀՀ առողջապահության նախարարությունը փաստեր է ներկայացրել կապույտ հազի վերաբերյալ։

«Կապույտ հազը բարձր վարակելիությամբ օդակաթիլային վարակ է: 1 հիվանդը կարող է վարակել 12-17 անձի: Կապույտ հազին բնորոշ է 3-ից 5 տարի պարբերականությամբ աշխուժացումը:.

Կապույտ հազով հիմնականում հիվանդանում են երեխաները: Առավել ծանր է ընթանում մինչեւ 6 ամսական, հատկապես` մինչեւ 2 ամսական երեխաների շրջանում:

Կապույտ հազի ախտանշաններն են՝ ջերմություն, չոր, տանջող, նոպայաձեւ սպաստիկ հազ: Հիվանդությանը բնորոշ բարդություններն են` թոքաբորբ, բրոնխիտ, էնցեֆալիտ (ուղեղի ախտահարում), որոնք կարող են երեխայի հաշմանդամության պատճառ դառնալ։

 

Կանխարգելում՝

ձեռքերի հաճախակի լվացում, ախտանշանների դեպքում՝ շփումների սահմանափակում, Կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ եւ արդյունավետ միջոցը պատվաստումն է` ըստ ժամանակացույցի: Պատվաստումները սկսվում են 6 շաբաթականից: Խրախուսելի է նաեւ հղիների պատվաստումը՝ 27-36 շաբաթականում, քանի որ պատվաստվելով` հղին պաշտպանում է նորածնին՝ մինչեւ պատվաստման տարիքը:

Բուժում՝

Բժշկի նշանակմամբ հակաբիոտիկների կիրառում, որոնք առավել արդյունավետ են հիվանդության վաղ փուլում, պատվաստում, քանի որ կապույտ հազի լավագույն պաշտպանությունը կանխարգելումն է»,- հայտնում են ԱՆ-ից:

 

 

 

«ՀՈՎԻՎՆԵՐԻ ԽՆԴԻՐ ԿԱ». ՓԱՇԻՆՅԱՆ

Կառավարությունը օգոստոսի 22-ի նիստում հաստատեց անասնաբուծության խթանման ծրագիրը։

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում կներկրվի 10.000 գլուխ ոչխար ու այծ:

«Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում կովերի արհեստական սերմնավորման գործընթացի միջոցով կբարելավվի տավարի տոհմային հատկանիշները եւ կբարձրացվի անասունի մթերատվությունը։ Իսկ «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրով» մարզերը կհամալրվեն 10.000 մեղվաընտանիքներով»։

Անդրադառնալով ոլորտին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոչխարաբուծությունն ամենաեկամտաբեր ոլորտներից է. «Բայց մենք այդպես էլ չենք կարողանում քաղաքացիներին քաջալերել, որպեսզի մեծ քանակով ոչխարաբուծությունը զարգանա, փոխարենը, մեր տվյալները ցույց են տալիս, որ շատ է գառների ներմուծումը, իսկ որոշ ժամանակ անց՝ արտահանումը»։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ գառների արտահանումն ամենաշահութաբեր ոլորտներից մեկն է:

«Եվ երբ ուզում էի հասկանալ՝ ինչն է պատճառը, որ գլխաքանակ չի ավելանում, լսեցի ինձ համար թերեւս ամենաանսպասելի պատասխանը՝ հովիվների պրոբլեմ կա։ Չեն կարող հովիվ գտնել, որովհետեւ ոչխարն այն տեսակն է, որին արոտավայրերում պետք է հովիվները արածեցնեն: Մենք այդքան հետազոտում ենք, բայց, միեւնույն է, պատասխանները պետք է կյանքից վերցնենք, որ պրոբլեմները հասկանանք, որովհետեւ մեր ոչ մի փաստաթղթում ես նման բան չեմ կարդացել եւ համոզված եմ՝ չէի էլ կարդա, բայց սա պրոբլեմ է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

ՎԱՏԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք ուղարկել` մարզի պետական առողջապահական հիմնարկներից քանի՞սն ունեն վերանորոգման կամ հիմնանորոգման կարիք։ Մարզպետարանից պատասխանել են. «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության 21 բուժհիմնարկներից (ինչպես նաեւ նրանց կազմում գործող 39 բուժակամանկաբարձական կետերից) վերանորոգման, հիմնանորոգման եւ նորի կառուցման կարիք ունեն հետեւյալ բուժհիմնարկները եւ նրանց կազմում գործող բուժակա-անկաբարձական կետերը.

 

1) Հաղարծինի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Ներքին Գոշի ԲՄԿ՝ նորի կառուցման կամ նոր վագոն-տնակի կարիք։

2) Գետահովիտի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի՝  նոր շենքի կառուցման կարիք։

3) Իջեւանի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Լուսաձորի ԲՄԿ՝ հիմնանորոգման կարիք։

4) Այգեհովիտի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Կայանավանի ԲՄԿ՝ հիմնանորոգման կարիք։

5) Խաշթառակի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Լուսահովիտի ԲՄԿ՝ հիմնանորոգման կարիք։

6) Սեւքարի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Աճարկուտի եւ Սարիգյուղի ԲՄԿ-ներ՝ հիմնանորոգման կարիք

7) Նավուրի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Իծաքարի ԲՄԿ՝ հիմնանորոգման կարիք։

8) Նոյեմբերյանի ԲԿ ՓԲԸ-ի մանկական եւ ինֆեկցիոն բաժանմունքների շենքը կառուցում եւ Ջուջեւանի ԲՄԿ՝  հիմնանորոգման կարիք:

9) Այրումի ԳԲԱ ՊՈԱԿ՝ նոր շենքի կառուցման կարիք։

10) Ոսկեվանի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Ոսկեպարի ԲՄԿ՝ հիմնանորոգման կարիք։

11) Կողբի ԳԲԱ ՀՈԱԿ՝ նոր շենքի կառուցման կարիք։

12) Բագրատաշենի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Դեբեդավանի ԲՄԿ՝ հիմնանորոգման կարիք:

13) Զորականի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Հաղթանակի ԲՄԿ՝ հիմնանորոգման կարիք»:

Մարզպետարանից տեղեկացել ենք, որ Տավուշի մարզպետարանի պատվիրակությամբ ներկայումս մարզում  նորոգվող, կառուցվող առողջապահական կազմակերպություններ չկան։ Պետբյուջեի փողերը փոխանակ ուղղվեն բուժհիմնարկների շենքերի նորոգմանը, հատկացվում են մարզպետարանի պաշտոնյաների պարգեւատրման նպատակով։

2024 թվականի հուլիսի 15-ի դրությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 33 միլիոն 484 հազար 235 դրամ պարգեւավճար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս