ԿԱՆԽԵԼ Է 2,4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 1,2 միլիոն օգտատեր պաշտպանվել է հնարավոր խարդախություններից:

 

Binance-ը՝ առեւտրի ծավալով աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթների բորսայի գործունեությունն ապահովող առաջատար բլոկչեյն էկոհամակարգը, 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին կանխել է ավելի քան 2,4 միլիարդ ԱՄՆ դոլարի կորուստը, ինչը կարող էր ազդել ավելի քան 1,2 միլիոն օգտատիրոջ վրա: Դա հնարավոր է դարձել ռիսկերի կառավարման համապարփակ միջոցառումների իրականացման շնորհիվ, որոնք արդյունավետ կերպով բացահայտում եւ նշում են հարթակում կասկածելի գործարքները:

Ավելի հաճախ կասկածելի գործարքներն արձանագրվել են կրիպտոարժույթի դուրսբերման փուլում:

Այս տարի ավելի քան 1,1 միլիարդ դոլար կամ 2,4 միլիարդ դոլար՝ հնարավոր ընդհանուր կորուստների մոտ 45%-ը, վերագրվել է կրիպտո խարդախության կասկածանքին: Binance-ն օգտագործում է ներքին ռիսկերի կառավարման համակարգ, որն ապահովում է 24/7 մոնիթորինգ իրական ժամանակում արհեստական ինտելեկտի եւ մեխանիկական ստուգման միջոցով: Այս համակարգը թույլ է տալիս բացահայտել կասկածելի գործարքներն ու արագ արձագանքել՝ պաշտպանելու դրանց օգտատերերին:

Ռիսկերի գնահատման մեխանիզմը ներառում է տարբեր բիզնես ոլորտներ, ներառյալ P2P առեւտուրը, վճարումները եւ միջոցների դուրսբերումը: Ռիսկերի նվազեցումն ապահովելու համար համակարգում ինտեգրված է հսկողության մի քանի մակարդակ, ինչն օգնում է ռիսկի ընդհանուր մակարդակը պահպանել թույլատրելի սահմաններում:

Բինանսի տեխնոլոգիական պատասխանատու Ռոհիթ Վադն ասել է, որ օգտատերերի վրա կենտրոնանալն առանցքային առաջնահերթություն է: Մշտապես ուշադրության կենտրոնում են գտնվում արդյունաբերության առաջատար տեխնոլոգիական գործիքների եւ գործընթացների ստեղծումն ու պահպանումը, ինչը թույլ է տալիս շուրջօրյա պաշտպանել օգտատերերին եւ նրանց ակտիվները:

«Ընդամենը 7 ամսում ավելի քան 2,6 միլիարդ ԱՄՆ դոլարի հնարավոր կորուստներից խուսափելը տարիների ընթացքում մեր քրտնաջան աշխատանքի եւ նվիրվածության վկայությունն է: Մենք գոհ ենք, որ մեր ջանքերն օգնում են հաճախորդների համար ստեղծել ավելի անվտանգ էկոհամակարգ, եւ, որպես ոլորտի առաջատար, մենք կշարունակենք կրել մեր պատասխանատվությունը՝ հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար պարբերաբար կատարելագործելով մեր համակարգերն ու հնարավորությունները»,- ասել է նա: Բացի մոնիթորինգից եւ հայտնաբերումից, Binance-ն օգտագործում է նաեւ գործիքների եւ միջոցների լայն շրջանակ օգտատերերին կրիպտո խարդախությունից պաշտպանելու համար:

Ընկերության ռիսկերի վերահսկվում են 8 մակարդակում՝ հաշվի առնելով ռիսկի ծանրությունը եւ ապահովելով հավասարակշռություն օգտվողների տեղեկացվածության եւ անվտանգության առումով: Այս միջոցները ներառում են կարգավորվող թռուցիկ ծանուցումներ, հետաձգման գործառույթ, նախազգուշացնող ազդանշաններ: Բացի դրանից, Binance-ն առաջարկում է բողոքարկում մշակելու տարբեր ալիքներ՝ ամբողջությամբ ավտոմատացվածից մինչեւ մեխանիկական գործընթացներ բոլոր այն դեպքերում, երբ օգտատերն իր խնդիրները լուծելիս կարող է գտնվել պոտենցիալ վտանգի գոտում: Binance-ը շարունակում է անել հնարավոր ամեն ինչ՝ պաշտպանելու օգտատերերի ակտիվները, միեւնույն ժամանակ ընդգծելով, թե որքան կարեւոր է օգտատերերի զգոնությունը։

«Մենք նաեւ խրախուսում ենք մեր օգտատերերին մնալ զգոն եւ պատասխանատվություն ստանձնել իրենց անվտանգության համար: Թեեւ մեր թիմը համապարփակ միջոցառումներ է իրականացրել ձեր միջոցները պաշտպանելու համար, ի վերջո, օգտվողներն իրենք են խաղում իրենց ակտիվների պաշտպանության գործում ամենակարեւոր դերը: Եղեք տեղեկացված, օգտագործեք ուժեղ անվտանգության պրակտիկա եւ զգոն եղեք հնարավոր խարդախությունների նկատմամբ»,- նշում է Ռ.Վադը:

Տեղեկացնենք, որ այս տարվա հուլիսի 31-ի դրությամբ Binance-ը վերադարձրել է ավելի քան 73 միլիոն դոլար, որ ուղարկվել է սխալմամբ կամ կորցրել են օգտատերերը:

Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

«ՀԻՆ» ՈՒ «ՆՈՐ» ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ՏՈՒՓԵՐ

Հայաստանում վերջին մի քանի ամիսների ընթացքում հնարավոր է նկատել փոփոխություններ ծխախոտային արտադրատեսակների տուփերի արտաքին տեսքի մեջ։ Սպառողներն արդեն նկատել են, որ նույն արտադրողի նույն ծխախոտային արտադրատեսակը հաճախ տարբեր տեսք կարող է ունենալ։

 

Պատճառն այն է, որ 2024թ. հունվարի 1-ից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ են մտել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի դրույթները։ Դրանց համաձայն՝ այն ծխախոտային արտադրատեսակների տուփերը, որոնք Հայաստան են ներմուծվել կամ տեղում արտադրվել են 2024թ. հունվարի 1-ից հետո, պետք է ունենան օգտագործման վնասակարության մասին տեղեկացնող ու նախազգուշացնող նկարներ։ Այսինքն, եթե վաճառքի կետերում ու խանութներում նկատում եք այս նախազգուշացնող նկարները պարունակող ծխախոտային արտադրատեսակներ, դա նշանակում է, որ դրանք արտադրվել են 2024թ. հունվարի 1-ից հետո, եւ, հետեւաբար, ավելի թարմ են։

Ընդ որում, որոշ ժամանակ շուկայում առկա կլինեն եւ՛ օգտագործման վնասակարության մասին նկարներով եւ՛ առանց այդ նկարների տուփեր, մինչեւ լիովին կսպառվեն այն ծխախոտային արտադրատեսակները, որոնք ներմուծվել կամ արտադրվել են մինչեւ 2024թ. հունվարի 1-ը, եւ որոնց նկատմամբ այս տեխնիկական կանոնակարգը չի կիրառվել։

Միաժամանակ՝ հարկ է նշել, որ հիմնական փոփոխությունը կապված է նախազգուշացնող նկարների հետ. դրանք այժմ պետք է զբաղեցնեն տուփի դիմացի եւ հակառակ կողմի մակերեսի վերեւի կեսը։ Համաձայն կանոնակարգի դրույթների՝ դիմային մասում նախազգուշացնող տեքստերը ներկայացված են հայերենով, իսկ հակառակ կողմում՝ ռուսերենով:

Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ տուփերի վրա այլեւս բացակայելու են խեժի եւ նիկոտինի պարունակության տեղեկությունները, քանի որ համաձայն ԵԱՏՄ օրենսդրության՝ դրանք չպետք է նշված լինեն տուփի վրա։

 

 

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՅԴԵՔՍ 2025»-Ի ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի փետրվարի 17-21-ն Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայանալիք «ԱՅԴԵՔՍ 2025» (IDEX 2025) պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին: Միջոցառումն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, բաղկացած է համաժողովից եւ ցուցահանդեսից, որոնց նպատակն է ստեղծել հարթակ՝ քննարկելու ոլորտի վերջին զարգացումները, միտումները եւ նորարարական լուծումները, որոնք կուղեկցվեն ոլորտի լավագույն փորձի եւ ձեռքբերումների ցուցադրմամբ:

Հաշվի առնելով միջոցառման մասշտաբայնությունն ու ձեւաչափը՝ նախարարությունը նախատեսում է միջոցառմանը ներկայանալ հայկական ոլորտային ընկերությունների հետ միասնական տաղավարով՝ ներկայացնելով պաշտպանական եւ սպառազինության ոլորտներում կազմակերպությունների կողմից առաջարկվող լուծումները:

Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման եւ ցուցահանդեսի մուտքի ծախսերը։

Մնացած ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգալու են ընտրված ընկերությունները։

 

«ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀՀ-Ն ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ»

«Երբ կլինի պաշտոնական արձագանք մենք դա կքննարկենք, կպատասխանենք: Մենք այս պահին եւ արտահանման եւ իրացման հետ կապված որեւէ խնդիր չունենք, եւ որեւէ ահազանգ չենք ստացել», – լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Ռուսաստանի Դաշնության գործընկերոջը հարցրել է՝ հայկական կոնյակը խնդիր ունի, թե ոչ:

«Եթե այս պահին բիզնեսը նման խնդիր չի բարձրաձայնում, մենք էլ չենք տեսնում այն»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի եւ Ռուսաստանի կոնյակ, սպիրտ ու ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության արդյունքում հայտարարվել էր, որ Ռուսաստանի Դաշնությունում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ն անվտանգ չէ, իսկ արտադրանքի գրեթե 50%-ը պարունակում է ոչ ալկոհոլային սպիրտ, որը չպետք է լինի կոնյակի մեջ։




Լրահոս