ԱՄՌԱՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս ամռանը Հայաստանի ազգային գրադարանում իրականացվել է շուրջ 40 միջոցառում, որոնք ունեցել են ավելի քան 850 մասնակից: Այս ամիսներին գրանցվել է 547 նոր ընթերցող, իսկ գրադարանի այցելուների թիվը կազմել է 24.324:

 

Ամառն առանձնացել է նաեւ մի շարք իրադարձություններով, այդ թվում՝ Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակի առիթով թամանյանական մասնաշենքի երկրորդ հարկում բացվել է Հայաստանի ազգային գրադարանի թանգարանային ցուցասրահը: Այստեղ ներկայացված են գրադարանի հիմնադիր փաստաթղթերը, նամակներ, գրություններ, Ալ. Թամանյանի շենքի մեծադիր նախագիծը, արխիվային լուսանկարներ եւ Հովհաննես Նաղաշյանի դրվագազարդ կահույքի նմուշներ։ Տեղի է ունեցել «Հայ բանասիրության հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը: Լիագումար նիստում Ազգային գրադարանի գիտական փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը ներկայացրել է «Ազգային գրադարանի շտեմարանները. աջակցություն հայագիտությանը» զեկուցումը։ Օգտակար եւ ուշագրավ զեկուցումներ են ներկայացրել Սեւան Տեիրմենջյանը (Ստամբուլ, Թուրքիա), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը եւ ուրիշներ։

Ամռանը գրադարանում գործել են մի քանի գրքային ցուցահանդեսներ (Էռնեստ Հեմինգուեյ 125, Լեւոն Շանթ 155)։

Առանձնակի ուշադրության է արժանի արեւմտահայ բանաստեղծ Զահրատի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են գրողի առանձին գրքով հրատարակությունները, տարբեր լեզուներով թարգմանություններ, Զահրատի ձեռագրերի կրկնօրինակներ, լուսանկարներ, մամուլի անդրադարձներ։ Զահրատի ստեղծագործությանը նվիրված ուշագրավ հանրային դասախոսություն է ներկայացրել գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը։

Շարունակվել են կապերը մարզային եւ համայնքային գրադարանների հետ։ Ճանաչողական այցով գրադարան են այցելել Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային գրադարանի, Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի եւ «Վեդի համայնքի գրադարան» ՀՈԱԿ-ի գրադարանավարները։ Իր հերթին Հայաստանի ազգային գրադարանի համագործակցության եւ գրքափոխանակության բաժնի մի խումբ աշխատակիցներ այցելել են Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզային գրադարաններ, նվիրել գրականություն, ինչպես նաեւ գործնական հանդիպումներ ունեցել տեղի համայնքային գրադարանավարների հետ։

Գրադարանի աշխատակիցների համար «Կիբեր-թրաֆիքինգ եւ կիբերանվտանգություն» թեմայով դասընթաց է տեղի ունեցել, որը վարել են Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետ Վիկտորիա Ավակովան եւ ՏՏ անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Գրադարանում անցկացվել է նաեւ դասախոսություն «ORCID-գիտնականների միասնական միջազգային ռեգիստր» թեմայով, որը վարել է ՀԱԳ Գրականության հանրահռչակման բաժնի վարիչ Արմինե Վարդանյանը։

Գրադարանը շարունակել է «Ֆիլմադարան» հասարակական կազմակերպության հետ ֆրանսիական ֆիլմերի ամենամսյա ցուցադրություն-քննարկումների շարքը։ Ամառվա ամիսներին չորս ֆիլմ է ցուցադրվել, այդ թվում՝ «Արհամարհանք» (1963 թ., ռեժ.՝ Ժան-Լյուկ Գոդար.), «Կլեոն 5-ից 7-ը» (1962 թ., ռեժ.՝ Անյես Վարդա), , «Հիրոսիմա, իմ սեր» (1959 թ., ռեժ.՝ Ալեն Ռենե), «Ժյուլ եւ Ջիմ» (1962 թ., ռեժ.՝ Ֆրանսուա Տրյուֆո):

Հ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԸՆԹԱՑՔ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Սյունիքի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման ընթացքն ու խնդիրները տեղում քննարկելու նպատակով։

Վաղատին գյուղի Որոտնավանք վանական համալիրում (պետ. ցուցիչ՝ 8.89.5, հանրապետական նշանակության) Սյունյաց թեմի առաջնորդի եւ Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովվի  հետ քննարկվել են համալիրի վնասված ծածկասալերի, տարածքի բարեկարգման եւ այլ հարցեր։

Որոտան գյուղում գտնվող դեռեւս 5-րդ դարում հիշատակվող Որոտնաբերդում (պետ. ցուցիչ՝ 8.78.1, հանրապետական նշանակության) անդրադարձ է կատարվել հնարավոր պեղումներին, դեպի բերդ մոտեցման ճանապարհի եւ այլ խնդիրներին։ Քննարկվել է նաեւ վերջինիս հարակից տարածքում գտնվող Մելիք Թանգու կամրջի (պետ. ցուցիչ՝ 8.78.3, հանրապետական նշանակության) վնասված հատվածների վերականգնման անհրաժեշտությունը:

Աղիտու գյուղի կոթողի (պետ. ցուցիչ՝ 8.11.3.1.6, հանրապետական նշանակության) տարածքում անդրադարձ է կատարվել հուշարձանի բարենպաստ տեսողական ընկալումը խաթարող գազի խողովակների եւ կառույցների հնարավոր հեռացման խնդիրներին եւ տարածքի բարեկարգմանը:

 

 

2 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ՝ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ

ՀՀ դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան 8-րդ օլիմպիադայում, որն օգոստոսի 16-22-ն անցկացվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում: Օլիմպիադային մասնակցել է 26 երկրի 98 աշակերտ։

Օլիմպիադայի անցկացման ձեւաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (IOI) ձեւաչափին, որի ժամանակ մասնակիցները 2 մրցույթային օրերում կատարում են 3-ական առաջադրանքներ, իսկ յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից։

Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց 9-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանը ու Վահագն Գյոզալյանը, ինչպես նաեւ Գյումրու Ֆոտոն վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը եւ Քվանտ վարժարանի 8-րդ դասարանի աշակերտ Արեն Գրիգորյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել Տիգրան Մացակյանը եւ Արման Կիրակոսյանը, իսկ Վահագն Գյոզալյանն արժանացել է գովասանագրի:

Թիմը ղեկավարել են ԵՊՀ ուսանողներ Սամվել Անդրեասյանը եւ Սամվել Աբելյանը, իսկ ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանն ընդգրկված էր EJOI-ի օլիմպիադայի կոմիտեի կազմում։

Հիշեցնենք, որ 2023 թ.-ին Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 7-րդ օլիմպիադան անցկացվել էր Վրաստանի Քութաիսի քաղաքում, որի ժամանակ Հայաստանի թիմը արժանացել էր 1-ական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալների։

 

 

«ՆՈԱ»-Ն ՀԱՂԹԵՑ «ՌՈՒԺՈՄԲԵՐՈԿ»-ԻՆ

Երեւանի «Նոա» ակումբը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում սեփական հարկի տակ ընդունեց Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկ»-ին։

Հանդիպման մեկնարկը շատ հաջող դասավորվեց երեւանյան ակումբի համար։

Արդեն 4-րդ րոպեին հաշիվը բացեց Գրեգորիուն։ Խփած գոլից հետո էլ «Նոա»-ն շարունակում էր վտանգավոր գրոհներ ձեռնարկել առավելությունը մեծացնելու համար, երբեմն ակտիվանում ու գրոհներ էին ձեռնարկում նաեւ «Ռուժոմբերոկ»-ի ֆուտբոլիստները, սակայն առաջին խաղակեսում նոր գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսը նույնպես ավելի ակտիվ սկսեցին «Նոա»-ի ֆուտբոլիստները, սակայն 67-րդ խաղն անսպասելիորեն ընդհատվեց, քանի որ մարզադաշտը հոսանքազրկվել էր։ Մրցավարը ստիպված եղավ թիմերին հանդերձարան ուղարկել։ Որոշ ժամանակ անց խաղը շարունակվեց։ «Նոա»-ն շարունակում էր ակտիվ գրոհներ ձեռնարկել, ինչն էլ տվեց իր արդյունքը։ 79-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց Սլովակիան ներկայացնող ակումբի դարպասին, որը հստակ իրացրեց Գոռ Մանվելյանը։

Մրցավարի ավելացրած ժամանակում «Նոա»-ն կարողացավ մեծացնել իր առավելությունը. գոլի հեղինակ դարձավ Մատեուս Այասը։

Խաղն ավարտվեց «Նոա»-ի հաղթանակով՝ 3-0 հաշվով։

Թիմերի միջեւ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին։

 

 

ԳՅՈՒՆԴՈՂԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ

Գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը «Բարսելոնայից» հեռանալիս հրաժարվել է երկու տարվա աշխատավարձից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

33-ամյա ֆուտբոլիստը հանուն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի» վերադառնալու է նման քայլի դիմել։

Գյունդողանը նախքան հարկերի վճարումն այդ ընթացքում կարող էր վաստակել 37,5 միլիոն եվրո։

Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ավագը մեկ տարի անց վերադառնալու է «Մանչեսթեր Սիթի», որի կազմում խաղացել է 2016-2023 թվականներին։ «Բարսելոնան» թույլ է տվել նրան հեռանալ անվճար։ Գյունդողանը «Բարսելոնայի» կազմը համալրել էր նախորդ ամռանը եւ 51 խաղում խփել 5 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։

 

 




Լրահոս