ՄԵՔԵՆԱՆ ՍԱՀԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 17-ին` առավոտյան ժամը 9-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան մայրուղու 7-րդ կիլոմետրի վրա 944 օօ 62 պետհամարանիշի «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել է ճամփեզրի երկաթյա պատնեշին: Մեքենայի 2 ուղեւորն էլ ստացել էին մարմնական վնասվածքներ:
Դեպքի վայրում էին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, փրկարարներն ու վթարին ականատես մարդիկ, ովքեր մեքենաներով անցնելիս են եղել ճանապարհի տվյալ հատվածով: «Մենք Վանաձորից էինք գալիս: 9-ն անց կեսի սահմաններում իրանք վերեւից էին իջնում: Էն պահը տեսանք, որ սահեցին ու միանգամից թեքվեցին ձախ կողմի վրա»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց դեպքին ականատես Լաուրա Եգանյանը: Վարորդին` քսանյոթամյա Ռուբեն Գրիգորի Գրիգորյանին, փրկարարները դուրս էին բերել մեքենայից եւ տեղափոխել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Ավելի շատ տուժել էր երկրորդ ուղեւորը` ԱՄՆ քաղաքացի, 1972թ. Ծնված Պիտեր Լաբոմբարդը: «Ճամփեզրի պատնեշները մտել էին մեքենայի մեջ եւ վնասել ոտքը, պետք էր անհապաղ հանել մեքենայից»,-հայտնեց ՀՓԾ Լոռու մարզի փրկարարական ջոկատի հրամանատար, ՓԾ մայոր Սերգեյ Ղարաքեշիշյանը: Տեխնիկայի գործադրման միջոցով փրկարարներին հաջողվեց մեքենայից դուրս բերել նաեւ երկրորդ ուղեւորին: Նրան եւս տեղափոխեցին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Վարորդի մոտ աջ ազդրի եւ սրունքի փափուկ հյուսվածքների սալջարդ է, ուղեւորի մոտ` սրունքի ջնջխված վերք: Տուժածներին ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս