«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե սկսելու փաստաթղթեր է ներկայացրել ԿԸՀ։
50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում՝ նրանք համապատասխան փաստաթղթերը պետք է ներկայացնեն ԱԺ՝ պահանջելով Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։
ArmLur.am-ի հետ զրույցում Հայաստանի Եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, ով «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի անդամ է, ասաց, որ ԿԸՀ-ն չի ընդունում իրենց թղթերը․
«Մենք լիազորագրեր ենք տվել մարդկանց, որպեսզի տարբեր քաղաքներում մեր կուսակցությունները ներկայացնեն, նոտարը պետք է հաստատի լիազորագրերը։
Մեր թիմերի ղեկավարները 44 հոգի են ընդհանուր առմամբ, իսկ ԿԸՀ-ն պահանջում է, որ այդ թղթերը լիազորված լինեն մի նոտարի փաստաթղթով, այլ ոչ թե 44 առանձին։
Մենք հիմա վեճի մեջ ենք ԿԸՀ-ի հետ, քանի որ շատ դժվար է մեզ համար այլ քաղաքներից մեր ներկայացուցիչներին բերել Երևան, բոլորին մի տեղ հավաքել ու նոտարին խնդրել մեկ օրվա մեջ այդ հարցը լուծել։
Մենք ասել ենք, որ օրենքը նման պահանջ չի դնում, նման նախադեպ չկա, դա ֆիզիկապես անհնար է։ Հիմա ԿԸՀ-ն քննարկու է այդ հարցը՝ թույլ տա՞ առանձին լիազորություններով գործընթացը սկսել, թե ոչ»,-ասաց Խզմալյանը։
Նա նաև հավելեց, որ իրավաբանական վարչությունը բողոքարկել է ԿԸՀ-ի այս պահանջը․
«Երբ ԿԸՀ-ն ընդունի թղթերը, արդեն կհայտարարենք ստորագրահավաքի մեկնարկի մասին, ասել են՝ այս շաբաթվա ընթացքում կպատասխանեն մեզ։ Մենք պատրաստ ենք՝ սպասում ենք ԿԸՀ-ի թույլտվությանը, որ մեր ներկայացուցիչների լիազորությունները ճանաչվեն»։
Քրիստինա Մուշեղյան