«Ղարաբաղցիները փողի դիմաց մարդ են հավաքագրում մայիսի 26-ի հանրահավաքին մասնակցելու համար»․ Դիտորդ մարմնի եզրակացությունը՝ Հ1-ի «Լուրեր» հաղորդաշարի ռեպորտաժների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«Արցախ միություն» ՀԿ-ից Հայաստանի հանրային հեռուստատեսության «Լուրեր» հաղորդաշարի երկու ռեպորտաժներում հնչած բովանդակության վերաբերյալ ստացված
դիմումի կապակցությամբ

Ա․ ՓԱՍՏԵՐ

• 2024թ․ հունիսի 29-ին Դիտորդ մարմին է դիմել «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» (կարճ՝ «Արցախ միություն») ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը՝ ակնկալելով ԴՄ եզրակացությունը Հայաստանի հանրային հեռուստատեսության «Լուրեր» հաղորդաշարի եթերում հեռարձակված երկու ռեպորտաժներում արտացոլված բովանդակության կապակցությամբ։

• Բեգլարյանը մատնանշում է, որ մայիսի 24-ին YouTube պորտալում տեղադրված «Լուրերի» գլխավոր թողարկումը վերնագրված է այնպես, որ ուշադրությունը գրավում է խնդրո առարկա ռեպորտաժի վրա՝ «Նյութապես շահագրգռել են, որ մայիսի 26-ի հավաքին մասնակցեն»։ Նյութում հեռարձակվել է երկու տղամարդու զրույց արցախյան բարբառով, որի բովանդակությունից հասկացվում է, որ նրանք խոսում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման սպասվող հավաքին մասնակցության մասին, մասնավորապես, սննդի եւ գիշերակացի ծախսերը հոգալու համար գումարի հատկացման հարց է քննարկվում: «Արցախ միության» նախագահը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հաղորդավարը ձայնագրության առաջնային աղբյուրին հղում անելիս ընդգծում է նաեւ դրա հրապարակման վերնագիրը, այն է՝ «Ղարաբաղցիները փողի դիմաց մարդ են հավաքագրում մայիսի 26-ի հանրահավաքին մասնակցելու համար»: Ըստ դիմումատուի՝ այդ «հնարքով» ընդգծվում է նրանց «ղարաբաղցի» լինելը, եւ կատարվում է ընդհանրացում: «Ղարաբաղցիներին», ըստ այդմ, վերագրվում է հանցավոր արարք: Դիմումատուն համարում է, որ դրանով լրատվամիջոցը խտրականություն ու ատելություն է հրահրել Արցախի ժողովրդի հանդեպ այն անձանց շրջանում, որոնք բացասական վերաբերմունք ունեին տվյալ հավաքի նկատմամբ, ինչպես նաեւ լայն առումով՝ «ղարաբաղցիներին» վերագրվել է հանցավոր արարք:

• Բացի այդ, Արտակ Բեգլարյանը նկատում է, որ ռեպորտաժում գումարի մասին խոսելիս էկրանին ցուցադրվում է ՌԴ ռուբլու տարբերանշանը, այնինչ նյութի մեջ ոչ մի տեղ ռուբլու մասին խոսք չի գնում։ Բեգլարյանի համոզմամբ՝ այս «հնարքով» լրատվամիջոցը փորձել է արհեստական կապ ստեղծել «ղարաբաղցիների հանցավոր արարքի» ու Ռուսաստանի միջեւ:
Հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ ՀՀ-ում առկա բացասական վերաբերմունքի մասշտաբները, ըստ Բեգլարյանի, սրանով եւս լրացուցիչ բացասական վերաբերմունք է գեներացվել «ղարաբաղցիների» ու հավաքի հանդեպ:

• Մեկ այլ՝ հունիսի 6-ի «Գներն ընկնում են. միտինգին մասնակցելու համար՝ 5 հազար դրամ» վերնագրով ռեպորտաժում կրկին հեռարձակվել է արցախյան բարբառով
հեռախոսազրույց: Բացի արցախյան բարբառն ու արցախցիներին վերստին ընդգծելուց, հաղորդման մեկնաբանը «վննաման» (արցախյան բարբառով՝ կոշիկ) բառը թարգմանել է «վերցնել»՝ նկատի ունենալով գումար վերցնելը։ Սրանով, ըստ դիմումատուի, էականորեն խեղաթյուրվել է խոսքի բովանդակությունը՝ բացասական վերաբերմունք հրահրելով արցախցիների նկատմամբ: Բեգլարյանը հիշեցնում է, որ հասարակության ակտիվ քննադատությունից հետո լրատվամիջոցը հերքում է տվել այդ սխալի վերաբերյալ, սակայն, ըստ նրա, դա չէր կարող ամբողջապես չեզոքացնել սխալի տեղեկատվական-հոգեբանական ազդեցությունը։

• Հաշվի առնելով վերոբերյալ փաստերը՝ «Արցախ միությունը» Դիտորդ մարմնից խնդրում է քննել եւ տալ եզրակացություն, թե արդյո՞ք Հայաստանի հանրային հեռուստատեսությունը այդ դրվագներով չի խախտել էթիկայի Կանոնագիրը:

• Դիմումն ստանալու հաջորդ օրը՝ հունիսի 30-ին, Դիտորդ մարմնի համակարգողը կապվել է Արտակ Բեգլարյանի հետ՝ իմանալու համար, թե արդյոք նա ԴՄ դիմելուց առաջ Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը ներկայացրե՞լ է իր բողոքը։ Բեգլարյանն ի պատասխան տեղեկացրել է, որ անիմաստ է համարում Հանրայինին դիմելը, որովհետեւ իր համար ակնհայտ է, որ բողոքում նկարագրվածը պատահականություն չէ, այլ Առաջին ալիքի քաղաքականությունը, եւ որ թեեւ ինքը բողոքել է միայն երկու
նյութի դեմ, սակայն նման հրապարակումները բազմաթիվ են։

• Քննության առնելով «Արցախ միության» դիմումը՝ Դիտորդ մարմինը հունիսի 30-ին գրավոր դիմել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես
Մովսիսյանին՝ ակնկալելով նրա դիրքորոշումը ներկայացված բողոքի կապակցությամբ։ Հովհաննես Մովսիսյանը պատասխան նամակ է ուղարկել օգոստոսի 20-ին, որտեղ նշել է, որ խնդրո առարկա լրատվական նյութերում Հանրայինը հեռարձակել է Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրությունները։

• Դիտորդ մարմինը որոշել է դիտարկել նաեւ խնդրո առարկա լրատվական նյութերի սոցցանցային հրապարակումները՝ ուսումնասիրելով Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» ֆեյսբուքյան էջերում համապատասխան հրապարակումները ու դրանց տակ եղած մեկնաբանությունները։

Բ․ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

I. ՀՀ Սահմանադրություն

Հոդված 29. Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

II. Քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենք

Հոդված 8, մաս 1. Քննչական կոմիտեն հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաեւ պետական եւ ծառայողական կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությունը:

III. Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենք

Հոդված 9. Լրատվություն իրականացնողի պատասխանատվությունը

1. Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից այդ գործունեության իրականացումն օրենքի պահանջների խախտմամբ` առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

2. Լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից,
եթե դա`

3. հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, եւ դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին:

IV. Հայաստանի լրատվամիջոցերի եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր

… Խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են`

1.6. Ձգտել, որ հաղորդագրությունները, լուսանկարային, տեսագրված ու ձայնագրված նյութերը համապատասխանեն իրականությանը․․․

2.2. Հնարավորինս խուսափել տեղեկատվության խորհրդապահական աղբյուրներ օգտագործելուց…

3.5. 6. Մոդերացնել լրատվամիջոցի սոցցանցային էջերի մեկնաբանությունների հրապարակումը՝ հնարավորինս հեռացնելով ատելության խոսք, բռնություն եւ օրենքով արգելված այլ գործողություններ քարոզող, ակնհայտ վիրավորանք պարունակող գրառումները։

4.1. Պաշտպանել մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, ներառյալ՝ հարգանքն անձնական եւ ընտանեկան կյանքի, բնակարանի, սեփականության, առողջության եւ նամակագրության նկատմամբ:

4.7. Պահպանել անմեղության կանխավարկածը. հանցագործության մեջ կասկածվողների անունները մինչեւ դատաքննությունը հրապարակելիս քննարկել դրա հասարակական անհրաժեշտությունը՝ հավասարակշռություն պահպանելով անմեղության կանխավարկածի, հանցագործության մեջ կասկածվողների՝ արդար դատաքննության իրավունքի եւ հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքի միջեւ:

5.1. Խուսափել մարդկանց հանդեպ նախապաշարված վերաբերմունքից` նրանց ցեղային, սեռային, տարիքային, կրոնական, ազգային, աշխարհագրական պատկանելության, սեռական կողմնորոշման, ֆիզիկական արատների, արտաքինի կամ սոցիալական կարգավիճակի պատճառով։

V. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի եւ Տեղեկատվական վեճերի խորհրդի՝ «Խտրական վերաբերմունքի եւ ատելության խոսքի տարածման անթույլատրելիության մասին»
հայտարարություն՝ ընդունված 2023թ. հոկտեմբերի 9-ին

➢ «Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմինը եւ Տեղեկատվական վեճերի խորհուրդն անընդունելի են համարում արցախցիների դեմ ատելություն սերմանող եւ
նրանց հանդեպ խտրական վերաբերմունքի դրդող տեքստերի տարածումը։ Նույնքան անընդունելի է, երբ լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով իրար նկատմամբ այդպիսի բովանդակություն են տարածում տարբեր գաղափարական, քաղաքական կողմնորոշումներ ունեցող անձինք, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Խնդիրը դիտարկելով իրավական տեսանկյունից՝ հայտարարում ենք, որ անհանդուրժողականություն, խտրականություն ու թշնամանք տարածող արտահայտությունները (հավաքական կերպով՝ ատելության խոսքը) չեն կարող օգտվել ազատ խոսքի որեւէ պաշտպանությունից՝ ՀՀ իրավական համակարգում կամ
միջազգային իրավունքում»։

VI. Արցախից բռնի տեղահանվածների վերաբերյալ լուսաբանումների ուղեցույց

➢ ․․․Ցանկացած խումբ՝ ազգային, տարածաշրջանային, կրոնական, գենդերային եւ այլն, միայն արտաքուստ է միասնական։ Այդ խմբերում միշտ կան մարդիկ, որոնք չեն
կիսում մեծամասնության կամ առաջնորդող, հանրությանը հայտնի շերտի տեսակետները: Հետեւաբար, պետք է խուսափել ընդհանրացումներից, հատկապես խոցելի խմբերի, տվյալ դեպքում՝ բռնի տեղահանված արցախցիների մասին լուսաբանման պարագայում։ Պետք է հիշել, որ «բոլորը» չեն կարող միանման լինել, յուրաքանչյուր մարդ
անհատականություն է: Առավելեւս, ընդհանրացումներից պետք է խուսափել մասնավոր դեպքերը լուսաբանելիս։

➢ Ինչպես որեւէ այլ ինքնության պարագայում (էթնիկական, կրոնական, գենդերային, քաղաքական, սոցիալական, տարածաշրջանային եւ այլն) պետք չէ շեշտել արցախցի լինելու հանգամանքը, եթե լրագրողական նյութի առարկան այդ ինքնության հետ ուղղակի կապ չունի։ Առավելեւս, եթե նյութը բացասական երանգավորմամբ ինչ-որ պատմության մասին է։

➢ Աշխատեք լրատվական նյութի մեջ չզետեղել այնպիսի տեսանյութեր/լուսանկարներ, որոնք կծառայեն արցախցիների (կամ բռնի տեղահանության ենթարկված որեւէ խմբի) մասին կարծրատիպերի խորացմանը:

➢ Հայաստանյան լրատվամիջոցներն ու լրագրողները, որոնց մի մասը այս կամ այն չափով կապված է քաղաքական տարբեր հոսանքների եւ ուժերի հետ, երբեմն տրվում են արցախցիներին ներքաղաքական պայքարում օգտագործելու գայթակղությանը։

Ընդ որում, սա վերաբերում է ե՛ւ իշխանամետ, ե՛ւ ընդդիմությանը հարող մի շարք լրատվամիջոցներին։ Այս գործելաոճը ոչ միայն հակասում է օբյեկտիվ լրագրության
սկզբունքներին, այլեւ ավելի խոցելի վիճակի մեջ է դնում բռնագաղթի ենթարկված արցախցիներին՝ ամրապնդելով նրանց վերաբերյալ այս կամ այն կարծրատիպը։ Ուստի, հարկ է հրաժարվել նման գործելաոճից։

VII. «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշման հիման վրա ԴՄ մշակած ուղեցույց

➢ Նկատի ունենալ, որ խմբագրություններն այլ հեղինակների մեկնաբանությունների համար պատասխանատվությունից ազատվում են միայն այն դեպքում, եթե կարող են հիմնավորել, որ տեղյակ չեն եղել եւ օբյեկտիվորեն չէին կարող տեղյակ լինել նման գրառումների առկայության մասին։

➢ Թեպետ ՄԻԵԴ-ի որոշումը մեկնաբանությունների մոդերացիա չի պարտադրում, այսուհանդերձ, խորհուրդ ենք տալիս հնարավորության դեպքում մոդերացնել դրանց
հրապարակումը՝ հետեւելով, որ մեկնաբանությունների սյունակներում չհայտնվեն ակնհայտ ատելության խոսք, բռնություն եւ օրենքով արգելված այլ գործողություններ
քարոզող, ակնհայտ վիրավորանք պարունակող գրառումներ։

➢ Եթե, այնուամենայնիվ, հայտնվում են նման գրառումներ, ապա հայտնաբերելու դեպքում ավելի նպատակահարմար է դրանք որքան հնարավոր է արագ հեռացնել, քան ձեւականորեն սպասել եւ ծանուցում ստանալուց հետո միայն հեռացնել։

➢ Եթե լրատվամիջոցը մեկնաբանություններում չի նկատել ակնհայտ ատելության խոսք, բռնության կոչ կամ ակնհայտ վիրավորանք պարունակող գրությունները, սակայն անձը, որի հասցեին եղել են դրանք, այդ մասին ծանուցել է խմբագրությանը, ապա խորհուրդ ենք տալիս ծանուցումից հետո ողջամիտ ժամկետում հեռացնել նման
մեկնաբանությունները:

Գ․ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, քննելով «Արցախ միության» դիմումը Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» մայիսի 24-ի եւ հունիսի 6-ի
թողարկումներում հեռարձակված եւ հեռուստաընկերության կայքում եւ սոցցանցային ալիքներում հրապարակված 2 ռեպորտաժների վերաբերյալ, ուսումնասիրելով «Լուրերի» սոցցանցային պաշտոնական ալիքում հրապարակված այդ ռեպորտաժների արձագանքները, Հիմք ընդունելով սույն եզրակացության «Բ» բաժնում մեջբերված
իրավական եւ էթիկական նորմերը, նաեւ համապատասխան ուղեցույցերը՝ արձանագրում է, որ

• Հանրային հեռուստաընկերության «Լուրերում» մայիսի 24-ին հեռարձակված «Նյութապես շահագրգռել են, որ մայիսի 26-ի հավաքին մասնակցեն» վերնագրով տեղեկատվությունը Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության գրեթե բառացի վերարտադրությունն է։

Հաղորդագրությունը ՔԿ-ն տարածել է «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի խախտումով՝ չապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաեւ պետական կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքները, տվյալ դեպքում՝ առանց փոփոխելու վերարտադրել է հեռախոսով զրուցող անձանց ձայնը, որն անձնական տվյալ է եւ պաշտպանված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով։

Թեեւ այս իմաստով Հանրային հեռուստաընկերությունը «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2- րդ մասի 3-րդ կետի համաձայն համարվում է «բառացի կամ բարեխիղճ վերարտադրող», այդուհանդերձ, լրատվամիջոցը օրենքի տառին հետեւելուց բացի պարտավորություն է ստանձնել հետեւել լրատվամիջոցների էթիկայի Կանոնագրով սահմանված նորմերին, առավել եւս, որ բավարար տեխնիկական միջոցներ ունի՝ ձայնը փոխելու եւ անճանաչելի դարձնելու համար։ Չանելով դա եւ նույնությամբ հեռարձակելով ՔԿ հաղորդագրությունը` Հանրային հեռուստաընկերությունը խախտել է էթիկայի Կանոնագրի 4.1. կետը՝ «Պաշտպանել մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը․․․»։

Այս առումով ԴՄ-ն շեշտում է, որ

• Պետական կառույցների տարածած տեղեկատվական նյութերը կարող են պարունակել լրագրողական էթիկայի սկզբունքերին հակասող բովանդակություն։ ԴՄ-ն պետական մարմնի գործողություններին համապատասխան գնահատական տալու իրավասություն չունի, սակայն կարող է գնահատել լրատվամիջոցի կողմից այդպիսի բովանդակության ուղղակի տարածման համապատասխանությունը էթիկայի նորմերին։ Էթիկական լրատվություն տարածելու պարտավորություն ստանձնած լրատվամիջոցները, այդ թվում եւ հատկապես՝ Հանրային հեռուստաընկերությունը, պետք է զգուշավորություն ցուցաբերեն պաշտոնական տեքստերը վերարտադրելիս։

• ՔԿ հաղորդագրությունն առանց խմբագրման հեռարձակելով՝ Հանրային հեռուստաընկերությունը խախտել է նաեւ Կանոնագրի 5.1 կետն այն իմաստով, որ նպաստել է
բացասական վերաբերմունքի ձեւավորմանը քաղաքական որոշակի հայացքներ ունեցող խմբի նկատմամբ, ընդ որում, անհարկի շեշտվել է ենթադրյալ հանցագործության
մասնակիցների արցախյան ծագումը՝ օգտագործելով համատեքստում որոշակի բացասական երանգավորում ստացող «ղարաբաղցիներ» բառը՝ այդպիսով արմատավորելով
բացասական կարծրատիպեր արցախյան ծագմամբ անձանց հանդեպ եւ ավելի խոցելի վիճակի մեջ դնելով նրանց։

• Վերոշարադրյալը հաստատվում է հատկապես ռեպորտաժի ֆեյսբուքյան հրապարակման ու դրա տակ եղած մեկնաբանությունների ուսումնասիրությամբ, որը ցույց է
տալիս, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում 42 հազար դիտում հավաքած տեսանյութը հիմնականում բացասական արձագանքներ է առաջացրել, ինչն արտահայտվել է
արցախցիների հանդեպ բազմաթիվ բացասական, հաճախ՝ ագրեսիվ եւ ատելության խոսք պարունակող մեկնաբանություններով։

• Այսպիսով՝ Հանրային հեռուստաընկերությունը խախտել է նաեւ Կանոնագրի 3.5.6. կետը եւ չի մոդերացրել լրատվամիջոցի սոցցանցային էջերի մեկնաբանությունները, չի հեռացրել ատելության խոսք, բռնություն եւ օրենքով արգելված այլ

1 Դիտորդ մարմինը պահպանել է արցախցիների (եւ ոչ միայն նրանց) հանդեպ բացասական մեկնաբանությունների հղումներն ու լուսապատճենները։ Դրանք սույն Եզրակացության մեջ ակտիվ հղումով չեն մեջբերվում՝ ատելության խոսքն ավելորդ անգամ չտարածելու նկատառումով գործողություններ քարոզող, ակնհայտ վիրավորանք
պարունակող գրառումները։

• Նույնությամբ վերահեռարձակելով ՔԿ հաղորդագրությունը ՌԴ ռուբլու թղթադրամների պատկերի ուղեկցությամբ՝ այն դեպքում, երբ ձայնագրության մեջ խոսքը ՀՀ դրամի մասին է, Հանրային հեռուստատեսությունը խախտել է Էթիկայի կանոնագրի 1.6 կետի պահանջը՝ «Ձգտել, որ հաղորդագրությունները, լուսանկարային, տեսագրված ու
ձայնագրված նյութերը համապատասխանեն իրականությանը․․․»։

• Դիտորդ մարմինը գնահատում է փաստը, որ խնդրո առարկա մյուս՝ հունիսի 6-ի «Գներն ընկնում են. միտինգին մասնակցելու համար՝ 5 հազար դրամ» վերնագրով ռեպորտաժի կապակցությամբ «Լուրերի» խմբագրությունն ընդունել է սեփական սխալն ու հաջորդիվ ներողություն է հայցել։ ԴՄ-ն հույս է հայտնում, որ արցախցիների կամ ցանկացած այլ խմբի հանդեպ կանխակալ վերաբերմունք արտահայտող նման սայթաքումներ հետագայում տեղ չեն գտնի Հանրային հեռուստատեսության եթերում։

• Ընդսմին, հունիսի 6-ի ռեպորտաժի վերաբերյալ եւս, ԴՄ-ն արձանագրում է խտրական եւ ատելության խոսք պարունակող սոցցանցային մեկնաբանությունները մոդերացնելու պահանջների խախտում։

• Դիտորդ մարմինը տարակուսելի է համարում Հանրային հեռարձակողի կողմից ԴՄ նամակին միայն 51 օր հետո պատասխանելու հանգամանքը՝ հույս հայտնելով, որ ԶԼՄ-ների Ինքնակարգավորման նախաձեռնության անդամի կարգավիճակից բխող համագործակցության պատրաստակամությունը հետագայում ավելի հստակ տեսանելի կլինի։ Այս առումով, թեեւ դիմումատու Արտակ Բեգլարյանն ինքը նպատակահարմար չի գտել խնդիրը քննարկել անմիջապես լրատվամիջոցի հետ, Հանրային հեռուստաընկերությունն իր կարգավիճակի բերումով ունեցել է բավարար հնարավորություն եւ ժամանակ՝ կապվելու բողոքի հեղինակի հետ, մանավանդ, որ դիմումատուն ԼՂՀ նախկին ՄԻՊ-ն է եւ պետնախարարը, որը արցախցիների բռնի տեղահանությունից հետո էլ շարունակում է զբաղվել համայնքի խնդիրներով։ Հանրայինի տնօրինությունն, ըստ այդմ, կարող էր փորձել վեճը լուծել անմիջապես, առանց երրորդ կողմի միջամտության։ Տեղեկատվական թնջուկի այդպիսի հանգուցալուծումը կողջունվեր Դիտորդ մարմնի կողմից։ Դիտորդ մարմինը հիշեցնում է, որ Կանոնագիրը ստորագրած լրատվամիջոցները (այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությունը)
ընդունում են ԴՄ իրավասությունը՝ քննելու իրենց գործողությունների ու հրապարակումների համապատասխանությունն այդ Կանոնագրի դրույթներին, եւ պատրաստակամություն են հայտնում Դիտորդ մարմնի եզրակացության՝ խախտմանը վերաբերող հատվածներն առանց մեկնաբանությունների հրապարակել իրենց լրատվամիջոցներում եւ այդ մասին տեղեկացնել ԴՄ-ին՝ կցելով հրապարակման հղումը:

Ընդունվել է 2024 թ. օգոստոսի 26-ին, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետեւյալ կազմով

Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
«Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր
Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ
Երեւանի մամուլի ակումբի մասնագիտական էթիկայի
հանձնաժողովի նախագահ
Արսեն ԽԱՌԱՏՅԱՆ
«Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ռեգիոնս TV» կայքի տնօրեն
Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձորի «Լոռի» ՀԸ գործադիր տնօրեն
ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ
Իրավաբան
Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ
Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության խմբագիր




Լրահոս