ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու տասնյակից ավելի քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ 1996թ. ձեւավորեցին «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտե, որն իր ստեղծման առաջին օրերից ձեռնամուխ եղավ պատմաիրավական փաստաթղթերի հիման վրա «Ղարաբաղյան իրավական թղթապանակ»-ի ձեւավորմանը, որի փաստաթղթային պարունակությունը բովանդակում է արցախյան հիմնահարցի էության ամբողջական ու ճշմարտացի պատկերը:
Անցած տարիներին ՀՀ իշխանությունների տարբեր օղակներին ներկայացվել են ամփոփ բանաձեւեր, որոնցով հնարավոր էր հակադարձել ադրբեջանական քարոզչությանը, որը ստի ու կեղծիքի բազմաշերտ տարածումով միջազգային անտեղյակ հանրությանը շարունակաբար ներկայացնում է Արցախի հիմնահարցի պատմական ու իրավական փաստարկների նենգափոխված իր «ճշմարտությունը»:
Ցավոք, Հայաստանի իրարահաջորդ իշխանություններն այդպես էլ ունկնդիր չեղան հասարակության պահանջներին ու չձեւավորեցին միասնական հայեցակարգային փաստաթուղթ` «Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն Արցախի հիմնահարցի կարգավորման ուղիների ու դրանց իրավական հիմնավորումների մասին»:
Այդ փաստաթղթի կարեւորությունն ավելի քան արդիականացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ Ադրբեջանի ընտրվելու փաստով: Նկատի ունենալով, որ ադրբեջանական քարոզչական համալիրը գործում է գեբելսյան սկզբունքով` հաճախ կրկնվող սուտն ի վերջո ընկալվում է որպես ճշմարտություն, ապա կասկածից վեր է, որ Բաքվում մշակվում է լայնածավալ ծրագիր` ՄԱԿ-ում ստացած ամբիոնն առավելագույնս օգտագործելու համար: Առավել եւս, որ 155 երկրների քվեն ստանալու համար նախապատրաստական երկարատեւ ու արդյունավետ աշխատանք էր կատարվել:
Փաստենք, որ ՀՀ ԱԳՆ-ին չհաջողվեց օգտագործել սեփական դիվանագիտական ռեսուրսն ու սփյուռքյան կառույցների հնարավորությունները` ադրբեջանական քարոզչամեքենայի գործունեությունը չեզոքացնելու համար:
Ավելին, դատելով վերջերս հնչած մեկնաբանություններից` ՀՀ արտաքին գերատեսչության պատասխանատուները հակված չեն կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու, որպեսզի հայկական կողմը հերթական անգամ չհայտնվի պաշտպանվողի եւ արդարացողի դերում:
Ելնելով վերոգրյալից` «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտեն գտնում է` անհրաժեշտ է պատեհ առիթը լավագույնս օգտագործել եւ դիվանագիտական նոտա հղել ՄԱԿ-ի անդամ երկրների ղեկավարներին` մանրամասն ներկայացնելով ԼՂՀ կազմավորման օրինականությունը հաստատող իրավական փաստաթղթերը, հատկապես ադրբեջանական ԽՍՀ-ի` կազմից դուրս գալու ԽՍՀՄ օրենքներին ու միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ԼՂՀ իրականացրած գործընթացը:
Միջազգային հարաբերություններում ընդունված եւ գործնականում լայնորեն օգտագործվող այս ձեւը հնարավորություն կտա բոլոր գործընկեր երկրներին իրազեկելու սկզբունքային այս կարգի հարցերի վերաբերյալ տվյալ երկրի պաշտոնական դիրքորոշումը, որն առնվազն հաշվի է առնվում միջազգային կառույցներում տարաբնույթ քվեարկությունների ժամանակ:
Այն կարծիքը, թե Արցախի հիմնահարցը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի քննարկման տիրույթում եւ հարկ չկա բանակցային գործընթացը ծանրաբեռնել իրավական բնույթի փաստարկներով, անհիմն է, քանի որ Ադրբեջանը քարոզչական նյութերով հեղեղել է միջազգային ցանկացած ատյան` անտեսելով նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների երաշխավորություններն ու դիրքորոշումը:
Մեր առաջարկի իրականացումն ավելի քան տրամաբանական է նաեւ այն պատճառով, որ հիմքից զրկում է Ադրբեջանի պնդումը, թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի «անջատողական» գործողությունները խաթարել են այդ երկրի տարածքային ամբողջականությունը: Միջազգային հանրությանը ներկայացնելով Արցախի հիմնահարցի իրավական էությունը` Հայաստանի Հանրապետությունը, գոնե անուղղակի, առաջինը կճանաչի ԼՂՀ անկախացման իրավական գործընթացի համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների պահանջներին:
Հարգելի՛ պարոն նախարար,
Դիմում ենք Ձեզ եւ հորդորում առաջիկա մեկ ամսվա ընթացքում իրականացնել մեր կողմից առաջարկված ծրագիրը` դիվանագիտական նոտայով ՄԱԿ-ի անդամ երկրներին ներկայացնելու ՀՀ պաշտոնական հայեցակարգային մոտեցումն Արցախի հիմնահարցի կարգավորման ուղիների վերաբերյալ:  
Մեր առաջարկն ընթացք չստանալու դեպքում իրավունք ենք վերապահում մեր հնարավորությունների սահմաններում ձեռնարկել համապատասխան քայլեր:
Ընդունված է  «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտեի 17.11.2011թ.նիստում

Կազմկոմիտեի նախագահ
Արամ Սարգսյան




Լրահոս