ՀՀ-Ն ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է։

 

-Տիկի՛ն Սահակյան, ի՞նչ փուլում են Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցով ընթացող դատական գործընթացները, ի՞նչ տեղեկություններ ունեք, ե՞րբ են սկսվելու դատական նիստերը։

-Մեր ունեցած վերջին տեղեկությունն այն է, որ գործի նախաքննությունն ավարտված է, ամբաստանյալները եւ նրանց փաստաբանները հնարավորություն ունեն ծանոթանալու գործի նյութին. այն ուղարկված է դատարան, բայց պաշտոնական որեւէ տեղեկություն չկա՝ երբ կսկսվի դատաքննությունը։ Մենք կարող ենք որոշակի կանխատեսումներ անել, պետք է նկատի ունենաք, որ Ադրբեջանը պատրաստվում է հյուրընկալել բարձր մակարդակի միջոցառում՝ «ԿՈՊ 29»: Չենք կարող ասել, թե նախապատրաստական աշխատանքների ֆոնին որքանով է նպատակահարմար քաղաքական զգայունություն ունեցող դատավարությունների մեկնարկը, դրա համար շատ հավանական չեմ համարում, որ դատավարությունն անցկացվի սեպտեմբերին կամ հոկտեմբերին։ Առավելապես հավանական եմ համարում, որ «ԿՈՊ 29» միջոցառման ավարտից հետո Ադրբեջանն իր ուշադրությունը կսեւեռի այս հարցի վրա։

-Խոսքը բացառապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցով ընթացող դատական գործերի մասի՞ն է։

-Այո՛, քանի որ մյուս անձանց մասով դատավարություններն ավարտված են, կան նշանակված պատժատեսակներ։ Միակ խումբը, որոնց մասով գործընթացներն ավարտված չեն, Արցախի բարձրաստիճան ղեկավարությունն է, ինչպես նաեւ 2023 թվականի հարձակման հետեւանքով գերեվարված այլ անձինք։

-Տիկի՛ն Սահակյան, տեղեկություն կա նաեւ, որ արցախցի նախկին պաշտոնյաների առողջական վիճակը կտրուկ վատացել է, Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք։

-Մենք, միջնորդավորված կերպով, նման ահազանգեր ստանում ենք։ Ընդ որում, ստացված տեղեկությունը համահունչ է հայրենադարձված գերիների կողմից հայտնած տեղեկություններին։ Դրա համար մենք հետեւության ենք գալիս, որ վատ վերաբերմունքը հայերի հանդեպ վարչական պրակտիկայի մաս է, եւ այն ունի ընդհանրական բնույթ։ Պետք է հաշվի առնենք նաեւ այն գործոնը, որ Ադրբեջանը սեփական քաղաքացիների առումով էլ չի ապահովում խոշտանգումներից ու վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը։ Անգամ ունեցանք խոշտանգումների հարցով զբաղվող, Եվրոպայի խորհրդի շրջանակում գործող մարմնի կողմից ահազանգ, ու նրանք հաստատեցին, որ Ադրբեջանը կառուցողական չի համագործակցում խոշտանգումերի կանխարգելման համար պատասխանատու կառույցների հետ։ Հասկանալի է նաեւ, որ վերջնական դրսեւորումների մասին կարող ենք հետեւություն անել, երբ նշված անձինք հայրենադարձությունից հետո իրենց իրավիճակի մասին տեղեկություն տան։

Մենք մինչեւ օրս մեկ հրապարակային դեպք ունենք. դա Ռուբեն Վարդանյանի դեպքն է, երբ ընտանիքը եւ իրավաբանական թիմը նաեւ կոնկրետացրել են, թե վատ վերաբերմունքի ինչպիսի դրսեւորումների է ենթարկվել Ռուբեն Վարդանյանը։

-Իսկ Հայաստանն ի՞նչ աշխատանք է կատարում հայ ռազմագերիների վերադարձի մասով, ի՞նչ փուլում են բանակցությունները։

-Տեղեկատվությունը, կարծում եմ, շատ ինտենսիվորեն չի տարածվում նաեւ օբյեկտիվ պատճառներով, նախ՝ տեւական ժամանակ է, ինչ նոր հայրենադարձում չունենք։ Վերջին հայրենադարձումը կատարվել է 2023 թ.-ի դեկտեմբերին, դրանից հետո Ադրբեջանը հրաժարվել է նոր անձանց վերադարձնել. սա չի նշանակում, որ ոչինչ չի արվում, իրավական գործընթացներն իրենց հունով գնում են։

Իրավական գործընթացների շրջանակում հայցի ապահովում էր կիրառվել, սրա արդյունքում Ադրբեջանը եռամսյա կտրվածքով տեղեկություն էր տրամադրում դատարանին՝ այնտեղ պահվող հայերի գտնվելու վայրի եւ առողջական վիճակի վերաբերյալ։ Արցախցի նախկին 8 պաշտոնյաների գործերը ներկայացվել են ՄԻԵԴ՝ միջպետական գանգատի շրջանակում, դրա համար նրանց վիճակի մասին տեղեկությունը ներկայացվում է կառավարությանը, վերջինս էլ վերաբերելի մասով տեղեկացնում է նրանց հարազատներին։

Աշխատանքներ են տարվում նաեւ ՄԱԿ-ի համակարգում, մենք առավել ակտիվ ենք հենց ՄԱԿ-ի մեխանիզմների շրջանակներում, դիմումներ են ներկայացվել Կամայական ազատությունից զրկելու աշխատանքային խմբին, Խոշտանգումների հարցերով զբաղվող հատուկ զեկուցողին. առաջիկայում Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում հատուկ միջոցառում կանցկացվի, որը վերաբերելու է Բաքվում պահվող հայերի հիմնախնդրին։ Նշեմ նաեւ, որ միջոցառման ընթացքում որպես համազեկուցող հանդես են գալու նաեւ հայ իրավապաշտպաններ, ես ինքս իմ մասնակցությունն ունենալու եմ։ Պետությունն այս առումով նաեւ դիվանագիտական եւ քաղաքական աշխատանք կատարելու պատասխանատվություն ունի, պարզապես դժվար է հստակ հետեւություններ անել՝ հաշվի առնելով բանակցային գործընթացի ոչ թափանցիկ լինելը, բայց, եթե ըստ արդյունքի փորձենք հետեւություն անել, կարող ենք արձանագրել, որ այս պահի դրությամբ ՀՀ-ն հնարավորություն է ունեցել հայրենադարձելու շուրջ 210 գերիների, պաշտոնապես՝ 23-ը դեռեւս պահվում են։

Ցավալի է, որ պահվողների մեջ են նաեւ անձինք, որոնք գերեվարվել են դեռ 2023 թ.-ին, ինչը նշանակում է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը խախտվել է, եւ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը։

Իմ գնահատմամբ՝ այս հարցը չի կարող լուծում ստանալ միայն ՀՀ-ի ջանքերով, քանի որ աշխարհաքաղաքական գործոններ կան, իսկ Ադրբեջանն այս պահին ավելի ուժեղ դիրքերից է հանդես գալիս։

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԴԺՈԽՔԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՀԱՆԳԻՍՏ

Քաղաքացի Արամ Մնացականյանի եւ նրա ընկերոջ հանգիստն իսկական մղձավանջի է վերածվել։

 

ArmLur.am-ի հետ զրույցում Արամ Մնացականյանը պատմեց, որ օգոստոսի 7-ին ընկերոջ հետ մեկնել են Բուլղարիա՝ հանգստանալու նպատակով, սակայն հենց «Սոֆիա» օդանավակայանից նրանց ձերբակալել են եւ տարել բանտանման մի վայր, որտեղ նրանց պահել են 3-4 օր:

Ինչպես Արամ Մնացականյանն է մեզ հետ զրույցում պատմել, պահման վայրում անմարդկային պայմաններ են եղել, ոչ հիգիենիկ միջավայր, իսկ ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել նրանց նկատմամբ։

Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձերբակալության համար իբրեւ պատճառաբանություն ներկայացրել են, թե նրանք հավաստի հիմքեր չեն ներկայացրել՝ ինչու են ցանկանում մուտք գործել այդ երկիր:

Մանրամասները ArmLur.am՝ կայքում։

Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

ՏԵՍԱԿՑԵԼ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅԵՐԻՆ

ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոս ամսին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Այս մասին հայտնել են ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչությունից՝ նշելով, որ նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։

«Ըստ ընթացակարգերի, առողջական վիճակի եւ պահման պայմանների վերաբերյալ հարցերը քննարկվում են միայն պահող իշխանությունների հետ»,- նշել են ԿԽՄԿ-ից։

 

 

 

ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ՎՐԱ ԾԱԽՍՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սեւանի շուրջ կատարած հեծանվային սիրողական զբոսանքը պարզվում է՝ բավականին թանկ է նստել մեր պետական բյուջեի համար։

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ խոսքը մոտ 15 մլն դրամի մասին է։ Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ Վարչապետի աշխատակազմի կողմից օգոստոսի 23-ին կնքված մի պայմանագրով Սեւանի շուրջ հեծանվարշավի կազմակերպման միջոցառման հետ կապված ծառայությունների ձեռքբերման նպատակով ծախսվել է 9 մլն 604 հազար դրամ գումար։

Իսկ ահա մեկ այլ պայմանագրով՝ դարձյալ օգոստոսի 23-ին կնքված, Սեւանի շուրջ հեծանվարշավի կազմակերպման համար ծախսվել է 5 մլն 34 հազար 480 դրամ գումար։

Ի դեպ, տեղեկացնենք, որ մի պայմանագիրը կնքվել է վարչապետի աշխատակազմի եւ անհատ ձեռներեց Էլյա Ավագյանի, իսկ մյուսը՝ ԱՁ Լիգիա Վարդանյանի հետ։

Հիշեցնենք, որ «Սեւանի շուրջ» սիրողական (զբոսաշրջային) հեծանվային արշավը երեք օր է տեւել: «Խնդիրն այն է, որ արշավի մասնակիցներից կպահանջվի օրական մոտ 70 կմ հեծանիվ վարել եւ մասնակցելու հնարավորություն տալուց առաջ՝ նախ պետք է համոզվել, որ պոտենցիալ մասնակցի առողջությունը եւ հմտությունները բավարարում են դրա համար»,- հայտարարել էր վարչապետը։

 

 

 

ԿՔՆՆԱՐԿԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը  վաղը կայցելի Թուրքիա։

Տեղեկությունը տարածել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն օգոստոսի 27-ին Անկարայում կքննարկեն Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիրը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

Այցի ընթացքում ադրբեջանա-թուրքական հարաբերություններին զուգահեռ կքննարկվեն տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հարցեր։




Լրահոս