Լրագրող Տիրայր Մուրադյանը գրում է.
«Որ խնդիրը բարձրացնում ես՝ պարզվում է՝ տակը կոռուպցիայի կծիկ է։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Հ1-ի եթերում հայտարարեց, որ ՆՈԱ ակումբի խաղի ժամանակ Աբովյանի մարզադաշտը հոսանքազրկվել է, քանի որ մարզադաշտի պաստանցիայում է խնդիրը եղել։ Դա պարզվել է եւ՛ ՀԷՑ-ի, ե՛ւ հանձնաժողովի ուսումնասիրությամբ։
Այժմ հիշենք, թե ով է վերակառուցել, նորոգել մարզադաշտը. մի ընկերություն, որը կապվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իհարկե՝ ՀՖՖ նախագահի քավորությամբ»։
Ավելի վաղ «Հետք» լրատվականը գրել էր. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) 2021 թ.-ին կազմակերպել է Աբովյանի մարզադաշտի նորոգումը։ Այն արժեցել է 783 միլիոն դրամ` 1.5 մլն դոլար, որը ֆինանսավորել է ՈՒԵՖԱ-ն։
Լրատվամիջոցը պարզել է, որ մարզադաշտը վերանորոգած ընկերությունը պատկանում է շրջակա միջավայրի նախարար, ՀՖՖ-ի եւ կառավարության կապն ապահովող Հակոբ Սիմիդյանի ընկերոջ հետ փոխկապակցված անձանց։
ՍՊԸ-ն գրանցված է Սիմիդյանի ընկերոջ՝ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի հարեւանի անունով, որը նախկինում նման ծավալի շինարարության փորձ չի ունեցել։ Ավելին՝ ՀՖՖ-ի կազմակերպած մրցույթին մասնակցած ընկերություններից մեկը պատրաստ է եղել մարզադաշտը նորոգել 50 մլն դրամով էժան, սակայն ՀՖՖ-ն որոշել է պայմանագիր կնքել պաշտոնյաների հետ կապված ՍՊԸ-ի հետ։
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը 2022 թվականին, կտրելով կարմիր ժապավենները, ազդարարեցին Աբովյանի քաղաքային մարզադաշտի վերաբացումը։ Այդ օրը Ալեքսանդր Չեֆերինը մեծ ոգեւորությամբ խոսում էր ինչպես մարզադաշի վերաբացումից, այնպես էլ իր եւ Արմեն Մելիքբեկյանի ջերմ հարաբերություններից։ Մարզադաշտի վերաբացումից շատ չանցած՝ ՀՖՖ 22-րդ ժողովի ժամանակ ՈՒԵՖԱ-ի «Հեթտրիկ» ծրագրի (HatTrick) պատասխանատու Դենիս Բաստարինը, խոսելով վերակառուցված եւ վերաբացված մարզադաշտերի, այդ թվում՝ Աբովյանի մարզադաշտի մասին, նշեց, որ դրանք՝ որպես ենթակառուցվածքներ, մեծ ժառանգություն են, որ թողնելու են ապագա սերունդներին։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնյան հայտարարեց նման ծրագրերին հետագայում էլ աջակցելու պատրաստակամության մասին։ Ըստ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի՝ Աբովյանի մարզադաշտի վերանորոգումը ֆինանսավորվել է ՈՒԵՖԱ-ի HatTrick ծրագրի միջոցով։
ՈՐ ԵՐԿԻՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԳՆԱԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ
Երեկ ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանում է տարածել Շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար, ի պատասխան նրան, որ վերջին շրջանում ՀՀ ԱԳՆ-ն ստանում է դիմումներ, որ ՀՀ քաղաքացիները եվրոպական որոշ երկրների դեսպանություններից ստանում են շենգենյան վիզաներ, սակայն ժամանելով տվյալ երկիր՝ նրանց մուտքն արգելվում է։
Վիզա ստանալու համար անհրաժեշտ է դիմել շենգենյան գոտու այն երկրի դեսպանությանը, որտեղ նախատեսվում է այցելությունը, իսկ մի քանի երկրներ այցելելու դեպքում՝ հիմնական (առավել երկար ժամկետով) այցելության երկրի դեսպանությանը։ Շենգենյան վիզա ստանալուց հետո՝ այցելության նպատակի, երկրի, ժամկետների եւ այլ պայմանների ցանկացած անհամապատասխանություն կամ հետագա չհիմնավորված փոփոխություն կարող է հանգեցնել Ձեր մուտքը տվյալ երկիր արգելելուն եւ տրված վիզան չեղարկելուն՝ ինչպես սահմանին, այնպես էլ նախքան մեկնումը։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը հաճախ ահազանգեր է ստանում՝ եթե նախկինում քաղաքացիները կարող էին վիզա ստանալ մի երկրի համար, բայց գնալ այլ հարակից երկիր, հիմա խստացումների հետեւանքով պետք է գնան այնտեղ, որտեղի համար ստացել են վիզան:
Խստացումներ է եղել նաեւ Գերմանիայի դեսպանատանը: Այսուհետ, եթե վիզա ստանալու ընթացքում նշվում է հստակ հյուրանոցը, ապա քաղաքացիները պետք է գնան նախօրոք նշված վայրը:
ԴԱՀԿ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ՝ ՎԱՐԴԵՆԻՍՈՒՄ
Վարդենիսի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ օգոստոսի 28-ին հարկադիր կատարում ապահովող ծառայության Մարտունու բաժանմունքի աշխատակիցները շրջիկ սպասարկման ավտոմեքենայով կլինեն Վարդենիսի համայնքապետարանի բակում։
«Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն հարկադիր կատարողական ծառայության (ԴԱՀԿ) հետ կապված խնդիրներ, կարող են մոտենալ՝ տեղում սպասարկում ստանալու համար»- գրված էր հայտարարությունում:
Այսինքն՝ ստացվում է, որ վարդենիսցիները ստիպված են կա՛մ սպասել նման շրջիկ սպասարկման ավտոմեքենայի, կա՛մ էլ այցելել այլ համայնք իրենց խնդրին լուծում տալու համար:
Հիշեցնենք, որ նախկինում Վարդենիսում փակել եւ այլ համայնք են տեղափոխել Վարդենիսի անձնագրային եւ վիզաների վարչության գրասենյակը, Կադաստրի կոմիտեն, տուն-ինտերնատը:
Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՍՐԲԱԶԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բագրատ Սրբազանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:
Մեզ փոխանցեցին, որ նրա առողջական վիճակն արդեն լավ է:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Բագրատ Սրբազանի ինքնազգացողությունը վատացել էր ու նրան տեղափոխել էին բժշկական կենտրոն:
Նշենք, որ նախօրեին ArmLur.am-ը զրուցել էր Սրբազան հոր օգնականի՝ Լիդյա Մանթաշյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է Սրբազան հոր ինքնազգացողությունը հիմա։
Մեզ հետ զրույցում Սրբազան հոր օգնականն ասել էր. «Սրբազանը շատ լավ է իրեն զգում, իրեն առաջին օրվանից էլ լավ է զգացել, այնպես չէ, որ վատացել է ու տարել են իրեն հիվանդանոց։ Առողջական խնդիրներ է ունեցել, հիմա ամեն բան լավ է։
Հիվանդանոցից դուրս չի գրվել, կաթիլայիններ է ընդունում, դեռ հիվանդանոցում է։
Բժիշկներն են այդպես ցանկացել, ասել են՝ 1 շաբաթ մնա իրենց մոտ՝ հասկանալով նրա ծանրաբեռնվածությունն ու գրաֆիկը, որպեսզի, երբ հետագայում արդեն ակտիվ փուլի անցնի հանգիստ ու լավ զգա իրեն»։
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԸ
Օգոստոսի 24-ին գողացել են Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Աթիֆ Յըլմազի փողոցում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցու խաչը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ ավելի ուշ 37 տարեկան անձը գողոնի հետ միասին հայտնաբերվել եւ ձերբակալվել է:
Այժմ նա գտնվում է կալանքի տակ: Նրան «տաճարից գողություն» անելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:
Նա խոստովանական ցուցմունքի ժամանակ նշել է, որ գողացած խաչը տալու էր իր սիրելիին։
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ Է
Նիկոլ Փաշինյանը հեծանիվը դարձրել է իր քաղաքական խորհրդանիշը, իսկ հեծանվային զբոսանքը՝ ամենօրյա հոբբին։
Նա բավականին ակտիվ իր սոցիալական հարթակներում լուսաբանում է հեծանիվով զբոսանքի ողջ գործընթացը՝ հանրության մոտ տպավորություն ստեղծելով, թե ինքը որեւէ անհանգստություն ու վախեր չունի, կարողանում է առանց անվտանգային միջոցառումների անհոգ շրջել քաղաքացիների շրջանում։
Իրական պատկերը, սակայն, լրիվ այլ է։
Հենց Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ երեւում է, որ նա անգամ իր ամենասիրելի զբաղմունքի՝ հեծանվավազքի ու զբոսանքի մշտապես դուրս է գալիս անվտանգային խիստ վերահսկողությամբ։
Նախ, Փաշինյանին իր զբոսանքի ընթացքում հսկում են մեծաթիվ թիկնապահներ, ոստիկանական խմբեր։ Այս ամենն էլ բավարար չէ՝ Փաշինյանի անհանգստությունները սեփական կյանքի համար այնքան մեծ են, որ նա զրահաբաճկոն է կրում, ինչը հստակ երեւում է հրապարակած լուսանկարներից։
Նկատենք նաեւ, որ հեծանվարշավների ժամանակ նրան հիմնականում ուղեկցում են նրա կինը, ծանոթները եւ թիմակիցները՝ Արսեն Թորոսյանը, Հայկ Սարգսյանը եւ այլք։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն անգամ իր մտերիմ շրջապատին չի վստահում ու նրանց ուղեկցությամբ էլ զբոսանքի դուրս է գալիս բացառապես զրահաբաճկոնով։
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քանի որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը պատրաստ չեն ուղղակիորեն բանակցելու միմյանց հետ, ԱՄՆ-ը, Կատարը եւ Եգիպտոսը հանդես են գալիս որպես միջնորդներ։
Օգոստոսի 25-ին Եգիպտոսի եւ Կաթարի միջնորդները Կահիրեում հանդիպել են ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ։
ՀԱՄԱՍ-ի խոսնակ Իսսաթա ալ Ռիշքի խոսքով՝ իրենք «տեղեկացրել են բանակցությունների ընթացիկ արդյունքների մասին»։
Հանդիպումից հետո ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե։ Բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում։