ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ 2024 թ. օգոստոսի 15-ին «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից հաղորդում է ստացվել մանկահասակ երեխաների նկատմամբ ՊՈԱԿ-ի դայակի եւ բուժքրոջ կողմից դաժան վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ:
Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով իրականացվել են անհրաժեշտ գործողություններ, որոնց արդյունքում ի հայտ են եկել քրեական վարույթի շրջանակներում քննության ենթակա մի շարք հանգամանքներ, ինչի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված հաստատության դայակը եւ բուժքույրը, ստանձնած լինելով «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի՝ իրենցից կախվածության մեջ գտնվող անչափահաս երեխաների կյանքին եւ առողջությանը բարեխղճորեն վերաբերվելու պարտականություն, վերջիններիս պատճառել են ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք:
Մասնավորապես՝ նշված անձինք իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս, օգտվելով այն հանգամանքից, որ երեխաներն իրենց անօգնական վիճակով, այն է՝ հիվանդության, տարիքի, ֆիզիկապես թույլ լինելու եւ հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված չեն կարող պաշտպանել իրենց, իրենց հերթափոխի ընթացքում՝ 2024 թվականի մարտի 7-ից մինչեւ մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում, բուժքույրը՝ նաեւ օգոստոսի 11-ին, 7-10 տարեկան երեխաների նկատմամբ, ովքեր ունեն «Ռուբենշտեյն Թեյբի համախտանիշ» եւ «Դաունի համախտանիշ», դրսեւորել են հանցավոր վարքագիծ. խմբի երեխաների ներկայությամբ կոպիտ վերաբերմունք են դրսեւորել երեխաների նկատմամբ, ձեռքերով, նաեւ ոտքով հարվածել են նրանց, հրել, զգեստի ետնամասից բռնած մի քանի անգամ թափահարել, քաշքշել, կոպիտ կերպով գցել են խաղահրապարակի՝ մանեժի մեջ՝ սահմանափակելով նրանց տեղաշարժը՝ այդ կերպ երեխաներից մի քանիսին պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՊՈԱԿ-ի հիշյալ աշխատակիցների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով, եւ նրանց ներկայացվել է մեղադրանք:
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք եւ բացակայելու արգելք:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԾԵԾԿՌՏՈՒՔ` ԳԱՐԵՋՐԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` օգոստոսի 25-ին Զաքյան եւ Խորենացի փողոցի խաչմերուկից 5 անձի, խուլիգանություն կատարելու կասկածանքով, տեղափոխվել են ոստիկանություն։
Ավելի ուշ իրավապահները պարզել են, որ «Գարեջրի» փառատոնի ժամանակ Զաքյան-Խորենացի փ. խաչմերուկում Ա. Թ.-ն, Ա.Ա.-ն եւ Ա.Հ.-ն վիճաբանել են Ա. եւ Հ.Շ.-երի հետ, որի ժամանակ հարվածներ են հասցրել միմյանց՝ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, Ա. եւ Հ.Շ-երը ձերբակալվել են։
ԿԱՐԾԵԼ ԵՆ, ԹԵ ԽՆՁՈՐԸ ՆՌՆԱԿ Է
Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվողը 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանն է։ Նրա ընտանիքի անդամներին (2 աղջկան եւ թոռնուհուն) նույն օրը, վերջիններիս կամքին հակառակ, տեղափոխել են ոստիկանության Զեյթունի բաժին եւ պահել տեղում մինչեւ առավոտյան 07։00-ն։ Այս մասին գրում է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Ալբերտ Առուստամյանին, ով երկրորդ կարգի հաշմանդամ է, նույն օրը եւս ձերբակալել են, տեղափոխել ոստիկանության Զեյթունի բաժին, արժանացրել կոպիտ ու արհամարհական վերաբերմունքի, իսկ հաջորդ օրվա առավոտյան տեղափոխել ՁՊՎ։ Նույն օրը վերջինիս բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկել են խուզարկության՝ նույն տեսակի խնձոր գտնելու նպատակով։
Ականատեսները (փողոցի երեխաները) պատմում են, որ Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել եւ անմիջապես պառկել են գետնին»,- գրել է նա:
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ արտառոց դեպք է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
Նիկոլ Փաշինյանն այցելել էր այդ համայնքում գտնվող իր հարազատներից մեկի տուն՝ Ռուբինյանց 2 հասցեում, եւ այցի ժամանակ, ըստ բնակիչներից մեկի, շենքի մեկ այլ բնակիչ բարձրահարկ շենքի պատուհաններից մեկից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր (հավանաբար) էր նետել:
Քաղաքացին այսպիսով թերեւս իր դժգոհությունն էր արտահայտել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:
ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնվել էին կադրեր, թե ինչպես են իրավապահները Ռուբինյանց 2 հասցեում գտնվող շենքում որոնողական գործողություններ կատարում՝ պարզելու թե ով է վարչապետի ուղղությամբ իր նետած քաղաքացին, կոնկրետ ինչ է նետել եւ արդյոք դա հենց Փաշինյանի ուղղությամբ է եղել, թե համընկում է տեղի ունեցել:
ՓՈՐՁԵԼ Է ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿԵԼ ՀՈՐԱՔՐՈՋԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 24-ին Նանսենի փ. 17 հասցեից պարանոցը կտրած վիճակում կնոջ են տեղափոխել հիվանդանոց։
Պարզվել է, որ Վ. Պ.-ն, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, սպանելու նպատակով, իր գաղտնի փականով դանակով ժամը 20։45-ին կտրել է հորաքրոջ՝ Մ.Պ.-ի պարանոցը։ Վերջինս ձերբակալվել է։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հորաքրոջը կյանքից զրկել ցանկացող անձն առողջական խնդիրներ ունի։
ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2023թ. հունվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված «զինվորական կացարանում» հրդեհի հետեւանքով զինծառայողների մահվան դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրյալ, N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանը կալանքից ազատվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գուրգեն Ներսիսյանը:
«23.08.2024թ. դատարանը (նախագահությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի) որոշեց փոխել Գոռ Աղեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցներով եւ նրան կալանքից ազատեց հենց դատարանի դահլիճից:
Թեեւ դեռ կա երկարատեւ համբերատար աշխատանքի անհրաժեշտություն, այդուհանդերձ այս գործով պաշտպանության կողմը ունի բավարար ապացույցներ եւ համոզված է, որ դատավարության արդյունքում վերջնականապես հիմնավորվելու է Գոռ Աղեկյանի անմեղությունը:
2023թ. հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետությունը ցնցած այս դեպքի շուրջ դատաքննությունն ընթանում է հանրային ուշադրության ներքո, պարբերաբար հնչում են ամենատարբեր տեքստեր ու ենթատեքստեր պարունակող հայտարարություններ, գնահատականներ, այդուհանդերձ գործը նախագահող դատավոր Վարդան Հարությունյանին հաջողվում է բարձր պատասխանատվությամբ արդարադատություն իրականացնել՝ չնայած այս գործով նախադեպը չունեցող հոգեբանական ու էմոցիոնալ ծանրաբեռնվածությանը, դատավարության ողջ ընթացքում զգայուն ու նուրբ հարցերի շուրջ հաճախակի պոռթկումնալից իրավիճակներին»,- նշված է փաստաբանական գրասենյակի հայտարարության մեջ:
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ի հայտ են բերվել ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքում 2018-2020 թթ. կատարված առերեւույթ պաշտոնեական հանցագործության դեպքեր։
Ձեռք բերված փաստերի հիման վրա Օձուն համայնքի՝ տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող նշված պաշտոնատար անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։