ԻՆՔՆԱԳՆԱՑՆԵՐԸ՝ ՎԹԱՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն բազմաթիվ ահազանգեր են ստացվում, որ փողոցներում էլեկտրական ինքնագնացներով երթեւեկող անձինք՝ հատկապես անչափահաս երեխաներ, հաճախ են դուրս գալիս երթեւեկող մեքենաների առաջ՝ ստեղծելով վթարային իրավիճակ, սակայն ավելի սարսափելին այն է, որ առավել հաճախ էլ մարդկանց են վնասում։

 

Դեռ 2022 թվականի օգոստոսի 13-ին ոստիկանությունն էլեկտրական ինքնագնացների՝ սկուտերների վերաբերյալ նախագիծ էր ներկայացրել, ըստ որի՝ պետք է կարգավորվեր բոլոր էլեկտրական ինքնագնացների օգտագործումը։

Ըստ ներկայացված ծրագրի՝ առաջարկվում էր արգելել դրանց շահագործումը բնակավայրից դուրս ճանապարհներին, ինքնագնացներով 7-14 տարեկանների երթեւեկությունը թույլատրել միայն մայթերով եւ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայութայն կամ դրանցով երթեւեկության անհնարինության դեպքում՝ հեծանվային եւ հեծանվահետիոտնային արահետներով, իսկ մինչեւ 7 տարեկաններինը՝ բացառապես մայթերով եւ հետիոտնային արահետներով, արգելել էլեկտրական շարժիչ (շարժիչներ) ունեցող ինքնագնացների օգտագործումը 14 տարին չլրացած անձանց կողմից, արգելել դրանց շահագործումը 20կմ/ժ առավելագույն արագությունից բարձր արագությամբ, իսկ հետիոտների հետ համատեղ երթեւեկության ժամանակ՝ 10 կմ/ժ արագությամբ, սահմանել վարչական պատասխանատվություն նախագծով առաջարկվող կանոնները խախտելու համար, վարչական պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահել ՀՀ ոստիկանությանը։

«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու՝ ի՞նչ է այս ամենի համար նախաձեռնվում։

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանել են, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։

ՆԳՆ-ից մեզ նաեւ հայտնել են, որ.

  1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով լրացվող «Անհատական շարժունակության միջոցների երթեւեկությանը ներկայացվող պահանջները» վերտառությամբ հոդվածի 7-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ արգելվում է անհատական շարժունակության միջոցների օգտագործումը բնակավայրից դուրս ճանապարհներին։

Հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով սահմանվում է, որ արգելվում է անհատական շարժունակության միջոցը 18 տարին չլրացած անձանց օգտագործման հանձնելը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի, որի պարագայում անհատական շարժունակության միջոցը սահմանված վայրում վարելու նկատմամբ հսկողության պարտականությունը կրում է անհատական շարժունակության միջոցը հանձնողը։

Հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի համաձայն՝ անհատական շարժունակության միջոցի արագությունը չպետք է գերազանցի 20 կմ/ժ-ն, իսկ հետիոտների եւ անհատական շարժունակության միջոցների համատեղ երթեւեկության ժամանակ հետիոտները բոլոր դեպքերում ունեն առավելություն.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է վարչական պատասխանատվություն անհատական շարժունակության միջոցների երթեւեկությանը ներկայացվող պահանջները խախտելու դեպքում։

Ստացվում է այնպես, որ շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերը կան, սակայն բարձիթողի վիճակում է ամեն բան գտնվում, քանի որ ինչպես արդեն նշել ենք՝ անչափահաս անձինք ստեղծում են անհարմար իրավիճակներ եւ երբեմն էլ այդ իրավիճակներից տուժում են շատ հետիոտներ, սակայն պարզ չէ՝ կա՞ն այդ առթիվ պատասխանատվության ենթարկվածներ։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

ԷԼԵԿՏՐԱՄՈԲԻԼՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՔՎՈՏԱՅԻ ՄՆԱՑՈՐԴԸ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. օգոստոսի 1-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 2563 հատ։

Հիշեցնենք, որ 2024 թվականի համար մաքսային արտոնությամբ՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով, նախատեսված է երրորդ երկրներից Հայաստան ներմուծել 7400 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց։

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում երրորդ երկրներից ՀՀ փաստացի ներմուծված (հայտարարագրված) տրանսպորտային միջոցների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ, հրապարակվում է ՊԵԿ պաշտոնական կայք էջի «Մաքսայի վիճակագրություն» բաժնի «Հաշվետվություն 3-րդ երկրներից ՀՀ ներմուծված էլեկտրաշարժիչով որոշ տրանսպորտային միջոցների վերաբերյալ» ենթաբաժնում։

 

 

ՉՎՃԱՐՎԱԾ ԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Արցախցիներին 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված կենսաթոշակների, նպաստների եւ «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա այլ գումարների (տվյալ ամսվա վճարացուցակներում ընդգրկված անձանց) վճարման գործընթացը կմեկնարկի սույն թվականի օգոստոսի 27-ին:

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։

«Համապատասխան գումարները կփոխանցվեն քաղաքացիների բանկային հաշիվներին», – ասված է հաղորդագրության մեջ:

 

 

69 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՀՀ Վարչապետի աշխատակազմը կենդանական ծագման հումքի եւ մթերքի տեղափոխման եւ ոչնչացման ծառայությունների համար 69,2 մլն արժողությամբ պայմանագիր է կնքել։

Պայմանագրը կնքվել է «Վեյսթ Սայքլ» ՓԲԸ-ի հետ, որը ստանձնելու է Պետական վերահսկողության շրջանակներում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում հայտնաբերված կենդանական ծագման հումքի եւ մթերքի տեղափոխում բեռնատար մեքենաներով բեռնակրի պարտադիր առկայությամբ։

Տրանսպորտային ծառայություններ մատուցող անձը կամ կազմակերպության աշխատակիցը պարտավոր է պատվիրատուի գրավոր կամ բանավոր պատվեր-հայտ ներկայացնելուց հետո՝ 1-2 ժամվա ընթացքում, ներկայանալ դեպքի վայր։ Տեսչական մարմնի տեսուչը ոչ սպանդանոցային մորթի հետեւանքով ստացված կենդանական ծագման հումքի եւ մթերքի խմբաքանակն առգրավելուց հետո կշռում, փաթեթավորում է պոլիէթիլենային թաղանթով, կապարակնքում եւ առանձին հաշվառում է՝ կազմելով հանձնման-ընդունման ակտ 2 օրինակից։ Տեսուչը առգրավված խմբաքանակը հանձնում է տրանսպորտային ծառայություններ մատուցող անձին կամ կազմակերպության աշխատակցին՝ ոչ սպանդանոցային մորթի հետեւանքով ատացված կենդանական ծագման հումքի եւ մթերքի խմբաքանակը ոչնչացումն իրականացնող կազմակերպություն փոխադրելու համար։ Այս ծառայության համար նախատեսվել է 35,1 մլն դրամ։

Առգրավված ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի եւ մթերքի ոչնչացման ծառայություններ՝ հրկիզարանում այրման միջոցով. ծառայություն մատուցող ընկերությունը պետք է լինի լիցենզավորված ՀՀ գործող օրենսդրության համաձայն։

Հրկիզարանը պետք է բավարարի հետեւյալ պայմաններին՝ հրկիզման ջերմաստիճանը՝ առնվազն 1000-1200 ասիճան ցելսիուս։

Այս ծառայության արժեքը կազմում է 34,1 մլն դրամ։

 

 




Լրահոս