«ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՈՐՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին եւ հատկապես վերջին ամիսներին Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ եւ տարբեր մշակութային միջոցառումների ընթացքում փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ՝ նոր գործընթացներ սկսելով հայկական մշակութային ժառանգության յուրացման ուղղությամբ եւ թիրախավորելով նյութական եւ ոչ նյութական ժառանգությունը, պատմությունը, ինքնությունը։ Այս մասին գրել է Monument Watch-ը:

 

Վերոնշյալ միջոցառումներից էր Բերձորում օգոստոսի 6-ին «Արեւմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախաձեռնած հավաքը՝ «Սփյուռքի երիտասարդության հինգերորդ ամառային ճամբար»-ի շրջանակներում։ Ճամբարը, որը տեղի է ունեցել օգոստոսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում, իր շուրջն էր համախմբել աշխարհի 60 երկրների շուրջ 115 երիտասարդների:

Միջոցառումը պետական նպատակամիտվածության է եւ քարոզում է Իլհամ Ալիեւի՝ հայկական տարածքների յուրացման քաղաքականությունը, որի վառ ապացույցը Հեյդար Ալիեւի հիմնադրամի կողմից ֆինանսավորումն էր եւ Ադրբեջանի Հանրապետության Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի կողմից իրականացվող կազմակերպչական աշխատանքները:

Հանդիպման ընթացքում «Արեւմտյան Ադրբեջան համայնք» կազմակերպության անդամները ելույթ են ունեցել ՀՀ սուվերեն տարածքի նկատկամբ ադրբեջանական բացահայտ նկրտումների տեսանկյունից՝ անդրադառնալով «Արեւմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն ներկայիս Հայաստանի ողջ տարածքը։

Ցուցադրվել են նաեւ «Հայացք Արեւմտյան Ադրբեջանին» վավերագրական ֆիլմը, ինչպես նաեւ լուսանկարներ, որտեղ ՀՀ պատմական հուշարձանները ներկայացված են որպես «ադրբեջանական» հնագույն ժառանգություն։ Արդեն իսկ ադրբեջանական հռչակված Սեւանի, Սյունիքի եւ Երեւանի կողքին, այս անգամ «Ադրբեջանի պատմական տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվել նաեւ Սիսիանի տարածաշրջանում գտնվող «Զորաց քարեր» պատմամշակութային հուշարձանը։

Պետք է նշել, որ նման միջոցառումները ադրբեջանական հասարակության շրջանում եւ արտերկրում շարունակական բնույթ են կրում: Ավելի վաղ նման միջոցառում էր կազմակերպվել  Նախիջեւանում հունիսի 21-ից 22-ը անցկացված ազգագրական փառատոն-համագումարի շրջանակներում եւ կրում էր «Վերադարձ դեպի Արեւմտյան Ադրբեջան» խորագիրը։

Հիշեցնենք, նաեւ, որ Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները ջանք չեն խնայում հայկական մշակույթը խեղաթյուրելու եւ պատմական արժեքները ոչնչացնելու համար: Պատերազմի ավարտից առ այսօր Արցախի տարածքում ոչնչացվել եւ գետնին են հավասարեցվել բազմաթիվ եկեղեցիներ, գերեզմանատներ, խաչքարեր եւ հուշարձաններ, իսկ մի մասն էլ, որոնց շուրջ աղմուկն ավելի բարձր է եղել ձեւախեղվել են կամ ներկայացվել, որպես ալբանական մշակութային ժառանգություն:

Դե իսկ մյուս կողմից ակտիվորեն քարոզչություն է տարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների եւ պատմամշակութային կոթողների «ադրբեջանականացման» ուղղությամբ:

 

 

 

«ՀԱՑՕՐՀՆԵՔ» ՓԱՌԱՏՈՆԸ՝ ՀԱՏԻՍԻ ԼԱՆՋԻՆ

Սեպտեմբերի 7-ին՝ ժ. 11:30-ից մինչեւ 22:00-ն, Կոտայքի մարզի «Ակունք» համայնքի Զովաշեն գյուղում ՝ Հատիս լեռան լանջին, կկայանա հացահատիկի «Հացօրհնեք» փառատոնը, որը խոստանում է դառնալ ամենազանգվածային համահայկական տոնը եւ եկող տարվանից կրելու է միջազգային բնույթ:

Փառատոնին կմասնակցեն 30-ից ավելի պարախմբեր տարբեր մարզերից, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական եւ «Բերդ» պարային անսամբլները, «Հայ մյուզիք բենդ»-ը, «Դոմիսոլ» երգչախումբը, սիրված երգիչներ Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Համբարյանը, Սեդա Թեւանյանը, Սամվել Գալստյանը, Հրաչյա Սաֆարյանը, դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը:

Փառատոնի հատուկ հյուրն է «Արարատ-բենդ» ը ՌԴ Մոսկվայից:

Փառատոնի ընթացքում տաղավարներում կներկայացվեն հայ եւ այլ ազգությունների հացատեսակներ, ավանդական ուտեստներ, հուշանվերներ եւ այլն:

 

 

ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՄԱՌԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

Ամռան ամիսներին մարզերի մշակութային կյանքի ակտիվացման եւ երեխաների շրջանում ընթերցանության խրախուսման նպատակով ՀՀ մարզային գրադարաններում իրականացվում է «Ամառը գրադարաններում» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Ամառը գրադարանում» կրթական եռամսյա ծրագիրը, որում ընդգրկված էին 7-9 տարեկան շուրջ 30 մանկահասակ ընթերցողներ։

Ծրագրի նպատակն էր երեխաներին կապել ընթերցանությանը՝ այն դարձնելով հաճելի զբաղմունք, իսկ գրադարանը՝ մտավոր ժամանցի վայր: Ծրագրի շրջանակում անցկացվել են «Եղի՛ր օրինապահ», «Երգը՝ մեր առօրյան», «Ուլունքագործությունը՝ մանրուքների ստեղծագործական խաղ» խորագրով դաս-պարապմունքները։

Առաջին անգամ գրադարանում ստեղծված «Ամառը գադարանում» թեմատիկ գրքային ֆոտոանկյունն էլ ավելի է գրավել ընթերցողներին ոչ միայն ընթերցանության, այլեւ գրադարանը որպես հետաքրքիր ժամանցի վայր դիտարկելու համատեքստում: Գրադարանում առաջին անգամ գործարկվել է «Հանդիպում գրքի հետ» հարցաթերթիկը, որն առավել նպաստել է գրադարանավար-ընթերցող երկխոսության ամրապնդմանը, ինչպես նաեւ օգնել ճիշտ կողմնորոշվել գրքի ընտրության հարցում։

Ամռան ընթացքում կազմակերպված բազմաթիվ կրթական, մշակութային միջոցառումների արդյունքում Արարատի մարզային գրադարանում արձանագրվել է ընթերցողների եւ հաճախումների զգալի աճ՝ նոր ընթերցողների քանակը կազմել է 850, իսկ հաճախումների թիվը՝ 7048:

 

 

ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը Աբու Դաբիում կանցկացվի միջազգային մրցաշար, որին կմասնակցի նաեւ Հայաստանի ազգային հավաքականը:

Բացի Հայաստանից՝ մրցաշարին կմասնակցեն նաեւ Օմանի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների հավաքականները, ինչպես նաեւ թիմեր ԱՄԷ-ից:

Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի փորձնական կազմով:

Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ Աբու Դաբի են մեկնել հետեւյալ խաղացողները՝

  1. Կարեն Մելիքյան
  2. Յուրա Մելիքյան
  3. Սամվել Գեւորգյան
  4. Տիգրան Մկրտումյան
  5. Մարատ Միքաելյան
  6. Արտյոմ Թավակալյան
  7. Ալբերտ Թադեւոսյան
  8. Արայիկ Գեւորգյան
  9. Դանիել Կիրակոսյան
  10. Ալեքսեյ Չիժենոկ
  11. Սասուն Գուերբոյան

Գեորգի Ղազանչյանի օգնականը կլինի Արեգ Վաթյանը:

 

 

ՍՊԵՐՑՅԱՆԻՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԱՌԱՋԱՐԿՎԵԼ

Ռուսական «Կրասնոդարը» բարելավված պայմաններով երեք տարվա պայմանագիր է առաջարկել թիմի ավագ Էդուարդ Սպերցյանին, հայտնում է «Հը հտՏՐՑ»-ը:

Աղբյուրի տեղեկություններով` «Կրասնոդարը» նոր պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցություններ է վարում 24-ամյա կիսապաշտպանի հետ:

Ավելի վաղ Armenie Football-ը հայտնել էր, որ Սպերցյանը մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը ցանկանում է հեռանալ «Կրասնոդարից»: Աղբյուրի տեղեկություններով` հայ ֆուտբոլիստն ակումբի ղեկավարությանը հայտնել է հեռանալու ցանկության մասին:

Սպերցյանը «Կրասնոդարի» գլխավոր թիմում անցկացրել է 116 հանդիպում, դարձել 33 գոլի եւ 27 գոլային փոխանցման հեղինակ։

 

US Open

Կայացել է «Մեծ սաղավարտի» տարվա չորրորդ մրցաշարի՝ US Open-ի կանանց մենախաղի վիճակահանությունը։

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (51-րդ ռակետ), մրցաշարի առաջին փուլում մրցելու է Բեատրիս Հադադ Մայայի (Բրազիլիա, 23-րդ ռակետ) դեմ։ Մրցախաղը նախատեսված է այսօր՝ օգոստոսի 27-ին։

21-ամյա Ավանեսյանն այս տարվա օգոստոսից մրցաշարերում ներկայացնում է Հայաստանը։ Նա US Open-ում լավագույն արդյունքը գրանցել է նախորդ տարի, երբ դուրս է եկել երկրորդ փուլ, սակայն 3-6, 7-5, 5-7 հաշվով պարտվել է Ելենա Օստապենկոյին (Լատվիա, 10-րդ ռակետ)։




Լրահոս