Ինչպես ամեն հինգշաբթի, այնպես էլ երեկ կառավարության շենքի բակում «Բանակն իրականում» եւ «Բանակն առանց մարդասպանների» քաղաքացիական նախաձեռնությունները կազմակերպել էին իրենց հերթական բողոքի ակցիան: Այս շաբաթ եւս ոստիկանության աշխատակիցները թեեւ ակցիայի մասնակիցներին թույլատրել էին մոտենալ ՀՀ կառավարության շենքին, սակայն մեծ ուժեր կենտրոնացնելով` միջոցներ էին ձեռնարկել կառավարության անդամների հետ նրանց շփումը նվազագույնի հասցնելու համար:
Ակցիայի մշտական մասնակիցներին միացել էին տասնյակ երիտասարդներ եւ իրավապաշտպաններ, Դալմայի այգիների բնապահպանները, կրպակատերերը եւ իրենց սեփականությունը կորցրած անձինք, ինչպես նաեւ ՀԱԿ ակտիվիստներից Վարդգես Գասպարին, ով պարզել էր Վլադիմիր Գասպարյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի նկարներով եւ «Սադիստ մարդասպաններն են նրանց հուսալի հենարանը» մակագրությամբ պաստառներ: Մյուս մասնակիցների ձեռքներին կարելի էր հանդիպել «Հայրենի՛ք, պաշտպանի՛ր զինվորիդ», «Բանակն առանց մարդասպանների», «save our soldiers», «Ինքնասպանությունների բանակ» մակագրությամբ պաստառներ:
Եթե Դալմայի այգիների բնապահպանները, կրպակատերերը եւ իրենց սեփականությունը կորցրած անձինք հույս էին հայտնում, որ նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետամուտ կլինի եւ կզբաղվի իրենց հուզող խնդիրներով, ապա զինծառայողների մայրերը պահանջում էին, որպեսզի պատկան մարմինները` հանձինս զինվորական դատախազի, հետեւողական լինեն եւ բացահայտեն սպանությունները:
Տեղեկացնենք, որ ծնողներից շատերին հաջողվել է բազմիցս հանդիպումներ ունենալ ե՛ւ ՀՀ նախագահի, ե՛ւ պաշտպանության նախարարի, ե՛ւ զինդատախազի հետ, սակայն այդ հանդիպումներից ոչինչ չի փոխվել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում 2010թ-ին բանակում սպանված Արտակ Նազարյանի մայրը նշեց, որ իր որդու սպանության գործով նախաքննությունն ի սկզբանե գնացել է սխալ ճանապարհով, ինչը շարունակվում է նաեւ դատարանում:
«Դատավորը հաշվի չի առնում մեր ներկայացրած միջնորդությունները եւ այն ապացույցները, որոնք գործի բացահայտման համար անհրաժեշտ են»,-ասաց որդեկորույս մայրը` ավելացնելով, որ եթե այսպես շարունակվի, ապա իրենք անպայման կդիմեն Եվրադատարան:
Իսկ կրպակատերերի շահերի պաշտպան Արեւ Ղազարյանն էլ սպասում էր կառավարության շենքից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դուրս գալուն, որպեսզի նրան հանձնի կրպակատերերի հետ հանդիպելու եւ խնդիրներին քաղաքակիրթ լուծում տալու վերջիններիս դիմում-խնդրանքը: Կառավարության նիստի ավարտից հետո, երբ քաղաքապետը դուրս եկավ կառավարության շենքից, նրան շրջապատեցին կրպակատերերն ու հանձնեցին իրենց դիմումները: Տարոն Մարգարյանը խոստացավ ընթերցել իրեն ուղղված բոլոր նամակները, ապա հանդիպել կրպակատերերի հետ:
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ