Քիչ առաջ ArmLur.am-ը հայտնեց, որ Նուբարաշենի բանտում մահացել է հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալներց Աշոտ Կնյազյանը, որն առնչություն է ունեցել զենքերի ու ռազմամթերքի գործընթացը կազմակերպելու հետ: Ըստ նախնական վարկածի՝ նա սրտի կաթված է ստացել:
Հանցախմբի վկաները մահանում են
2004 թվականին ՀՀ Ազգային ժողովի շենքում` կախվելու միջոցով ինքնասպան եղավ գործով վկա Հասմիկ Աբրահամյանը. նա ԱԺ արձանագրային բաժնի աշխատակից էր:
2004թ-ին ավտովթարից մահացավ 27-ի գործով կալանավորված, ապա ազատ արձակված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը: Նա ԱԺ արդեն նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի եղբայրն էր:
2004 թ-ի սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ում ավտովթարից մահացավ նաեւ ԱԺ բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը. նա հոկտեմբերի 27-ի գործով անցնող կարեւորագույն վկաներից էր: Այն մարդն էր, որ հայտնել էր, թե դեպքի օրը Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակում մի խումբ դիմակավորված անձանց է տեսել:
Գործով կարեւորագույն վկա, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանն էլ սպանվեց 2002-ին, հենց իր տան շքամուտքում:
2014 թ-ի մարտին ԱՄՆ-ում մահացավ 1999-ին ՀՀ ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը։ Նա ահաբեկչության օրը գնացել էր Ազգային ժողովի դահլիճ եւ մոտ երկու ժամ զրուցել Նաիրի Հունանյանի հետ։
2017 թվականին բանտում մահացավ Էդիկ Գրիգորյանը:
2024 թվականի օգոստոսի 26-ին Նուբարաշենի բանտում մահացավ Աշոտ Կնյազյանը:
Փաստորեն, հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2021 թվականին գրել էր․ «1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2020 թվականի ընթացքում կատարվել են մի շարք քննչական եւ դատավարական գործողություններ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք, այդ թվում` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Անահիտ Բախշյանը եւ Արամ Սարգսյանը: Նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա՝ կատարվել են բազմաթիվ առգրավումներ»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան