ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ` ԳՈՐԾԱՏՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 16-ին կայացած Նոյեմբերյանի ավագանու նիստում հաստատվեցին  քաղաքապետարանի եւ դրա ենթակայության տակ գտնվող հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների հաստիքացուցակները, թվաքանակը եւ դրույքաչափերը: Ավագանու անդամները քաղաքապետից հետաքրքրվեցին, թե ինչ սկզբունքով են սահմանել համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների հաստիքները եւ դրանց դրույքաչափերը: Քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ շատ հաստիքներ վաղուց եւ մի տեսակ «շարունակաբար» գոյություն ունեն: Ուշագրավ է, որ քաղաքային մարզադպրոցի հավաքարարի աշխատավարձը 32.500, իսկ տնօրենինը` 42.500 դրամ է: Օրինակ` ի՞նչ անհրաժեշտություն կա քաղաքային եւ մանկական գրադարանների համար առանձին հաշվապահներ ունենալ: Հաստիքները շատ են, իսկ աշխատավարձերը` փոքր:
«Եթե ամեն աշխատողի աշխատավարձը հազար դրամով բարձրացնում ենք, դա քաղաքի բյուջեի լրացուցիչ երեք միլիոն ծախս է, իսկ նման հնարավորություն մենք չունենք»,-ասաց քաղաքապետը: Նա անկեղծացավ` հայտնելով, որ 2005 թվականին,  երբ ինքը քաղաքապետի պաշտոնն առաջին անգամ ստանձնեց, քաղաքապետարանի եւ դրա ենթակայության տակ գտնվող հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների թիվը 103 կամ 106 էր, իսկ հիմա` 145 աշխատող կա:
«Մոտ քառասուն հոգի կարող ենք կրճատել»,-նշեց Վանուշ Ամիրաղյանը: Սակայն նախընտրական տարում ոչ մի համայնքի ղեկավար նման քայլի չի դիմի, որովհետեւ ում ազատում են աշխատանքից, իսկույն քաղաքապետի թշնամին է դառնում:
Հավելենք, որ համայնքի ավագանին նիստում հաստատեց երկու նոր հաստիք` քաղաքի երկու մանկապարտեզներից մեկում բուժքրոջ եւ քաղաքային վերակառուցված մարզադաշտի կանաչապատողի:




Լրահոս